«Նման դեպքեր դեռ ունենալու ենք». Արթուր Սաքունցը մեկնաբանել է մանկասպանությունը
00:00, September 12, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն«Դուք պարբերաբար անդրադառնում եք աղանդավորների իրավունքներին՝ պաշտպանելով նրանց։ Այս դեպքում իր երեխաներին սպանած մոր ընկերուհիների խոսքով, մայրը եղել է աղանդավոր։ Որպես իրավապաշտպան՝ պատրաստվո՞ւմ եք անդրադառնալ սպանված երեխաների կյանքի իրավունքին, ինչպես ասենք, սպանված զինծառայողների իրավունքներն եք պաշտպանում»,- Tert.am-ի հարցին ի պատասխան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ինքը կանդրադառնա միայն ընդհանուր առմամբ։
«Իրավապահ մարմինները, ըստ էության, զբաղվում են այդ հարցով,- նշեց նա,- իսկ այս ընդհանուր մթնոլորտը՝ բռնության մշակույթը, երբ արդեն նման դրսևորումներ է ձեռք բերում, պիտի մտահոգիչ լինի։ Ի՞նչ տարբերություն՝ Արման Ենգիբարյան, ում ոստիկանությունը վնասազերծում է, բայց սպանում է, քրեաակտարողական հիմնարկների աճող մահացության դեպքերը, Աղասի Աբրահամյան, և այլն։ Այսինքն, այս ընդհանուր բռնության մթնոլորտը, որ կոնկրետ դրսևորումներ է ունենում ու էսպես այլանդակ ձևերով, սա առանձին դեպքերով զբաղվելու խնդիր չի»։
Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրն այն է, որ մեր երկրում մարդը՝ որպես բարձրագույն արժեք դեռ չի դիտարկվում։ «Սա փիլիսոփայություն չի, է, կոնկրետ այնքան նյութականացված է այդ խնդիրը, որ դրա հետ առնչվում ես ամեն պահի։ Սա անհատին ոչնչացնող մոլուցք է»,- նշեց Արթուր Սաքունցը։
Նա բռնության մշակույթի համատեսքտում դրեց նաև ինքնասպանությունները. «Երբ մարդը գնում է իրեն կյանքից զրկելու, նա անզորությունից է գնում։ Երբ մարդը գնում է ուրիշին կյանքից զրկելու, նա էլի անզորությունից է գնում։ Սա է գլոբալ խնդիրը»,- ասաց նա։
Իրավապաշտպանը հավելեց, որ իրավունքը նյութականացվում է կոնկրետ փոխհարաբերությունների դաշտում, և եթե մարդը, նրա արժանապատվությունը, նրան խնամելու, պահպանելու նպատակը չի դրվում պետական, գերատեսչական մարմինների կայացրած որոշումների ու ծրագրերի հիմքում, մարդը ոչնչացվում է։
«Վերջին հաշվով, էս երեխեքը մոր հսկողության տակ են եղել։ Բայց եթե հարևաններն ասում են, որ վերջին շրջանում մայրը տարօրինակ է եղել, բա, ես կարող եմ հարց տալ, մենք չունե՞նք սոցիալական աշխատողներ, որ ընտանիքին (վերահսկող չասեմ) աջակցող դեր ունենան։ Վանաձորում էլ էր դեպք եղել, երբ մայրը խեղդել էր էրեխին. Էդ ավելի… Նման դեպքեր դեռ ունենալու ենք, եթե համակարգային մոտեցում չցուցաբերվի»,- հավաստեց Սաքունցը։