Աղասու դեպքը, ցավոք, վերջինը չի լինի
00:00, September 2, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԼՂՀ «Եղնիկներ» զորամասում սպանված զինծառայող Աղասի Աբրահամյանի գործով արդեն ձերբակալվածներ կան: Թեեւ ՊՆ-ն, ելնելով նախաքննության շահերից, անուններ չի հրապարակում, այնուամենայնիվ, ըստ լուրերի, ձերբակալվածների թվում է զորամասի բուժակ Նվեր Միրզաբեկյանը, ով նախապես զինվորի ծնողներին ասել էր, թե Աղասին էպիլեպսիայի նոպայի ժամանակ ուշաթափվել է եւ մահճակալից վայր ընկնելու հետեւանքով վնասվածքներ ստացել:
Մյուս ձերբակալվածը կոչումով սպա է, եւ չի բացառվում, որ այս օրերին կրկին լինեն ձերբակալություններ: Երեկ ՊՆ լրատվականը հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո»:
Դեպքի հետ կապված՝ Արցախում է գտնվում նաեւ ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Այսօր դեպքի վայր է մեկնելու նաեւ պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը: Հիշեցնենք, որ Աղասին ընդամենը 9 ամիս էր, ինչ զորակոչվել էր բանակ, սակայն դարձավ խաղաղ պայմաններում հայոց բանակի հերթական չզորացրված զինվորը:
Զինվորի ծնողներին հրամանատարական կազմը նախ ասել էր, որ Աղասին թունավորվել է։ Սակայն նրան տարել են բուժկետ, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել է։ Զինկոմիսարիատը զինվորի մահը պատճառաբանել էր, թե իբր վերջինս էպիլեպսիկ է:
Սակայն տղայի ծնողները համոզված են, որ իրենց որդուն սպանել են, այն էլ՝ դաժանաբար ծեծելով: Դիահերձման ժամանակ հարազատները տղայի դիակի վրա նկատել են մի շարք վնասվածքներ: Աղասու՝ խոշտանգումներով պատված լուսանկարներից արդեն համացանցում կան, որտեղ մեծ աղմուկ է բարձրացել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է բացվել, որի անդամները պահանջում են գտնել ու պատժել Աղասի Աբրահամյանի սպանության մեղավորներին: Չնայած քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, այնուամենայնիվ բոլորը, այդ թվում տղայի բարեկամներն ու հարազատները, համոզված պնդում են, որ քրգործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով:
Այն, որ զինվորի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, հաստատել է նաեւ Պնախարարը: «Զինվորի վրա մարմնի տարբեր մասերում կան հետքեր։ Հարուցվել է քրեական գործ, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ արտաքին ներգործություն է եղել, եւ ոչ մեկս դա չի թաքցնում։
Բացահայտված է այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են այս կամ այն կերպ ազդած կամ ծեծած լինել զինվորին: Քրեական գործի շրջանակներում շատ լուրջ աշխատանք է տարվում, եւ մեղավորները պատժվելու են»,- օգոստոսի 30-ին Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ զորամասերից մեկում ասել է Պնախարար Սեյրան Օհանյանը:
Նմանատիպ հայտարարություններ հնչել են գրեթե բոլոր սպանված կամ «ինքնասպան» եղած զինվորների դեպքերից հետո, սակայն, որպես այդպիսին, ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել: Այս դեպքը, հավանաբար բարձրացված աղմուկից, կարող է բացառություն լինել:
Չնայած Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով զինվորների սպանության մյուս դեպքերում էլ է մեծ աղմուկ բարձրացվել, սակայն կարծես թե այդ դեպքերը շարունակում են մնալ չբացահայտված:
«Անցած տարվա մեր ամբողջ հրապարակումներից, ահազանգերից հետո, թվում էր՝ պաշտոնական գերատեսչությունը եւ երկրի գերագույն հրամանատարը համարժեք հետեւությունններ կանեն, որպեսզի կանխարգելեն նմանատիպ դեպքերը՝ խաղաղ պայմաններում զոհերի առկայությունը, բայց ցավով պետք է արձանագրենք, որ թե գերագույն գլխավոր հրամանատարը, թե անմիջապես գերատեսչության ղեկավարը, փաստորեն, ցույց տվեցին իրենց անկարողությունն իրավիճակը փոխելու ուղղությամբ:
Այլեւս մենք կարող ենք արձանագրել, որ այդ մարդիկ ունակ չեն եւ չեն կարող իրավիճակը վերահսկել: Ինչպես նաեւ՝ նրանք չեն գիտակցում, որ իրենց անկարողության պատճառով հերթական զոհերն են արձանագրում»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա: Ըստ Սաքունցի, անցած տարի արձանագրված դեպքերի քրեական գործերի ընթացքը բերում է այն համոզման, որ թե սպանվածների հարազատների, թե հանրության կողմից շատ ցածր է քննչական մարմնի կողմից կատարված քննության նկատմամբ վստահությունը:
«Քննչական մարմինները եւս իրենց պահվածքով, գործելակերպով չեն բերում այն համոզման, որ կա ցանկություն իրականում պատասխանատուներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում: Դա եւս խոսում է կանխամտածված, միակողմանի, ոչ օբյեկտիվ քննության մասին: Այս պարագայում մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այդ դեպքերը չեն կրկնվի: Աղասու դեպքը, ցավոք, վերջինը չի լինի»,- հավելեց իրավապաշտպանը:
Ստեղծված իրավիճակում եւ նմանատիպ դեպքերից հետագայում խուսափելու համար Սաքունցը մեկ ելք է տեսնում. «Նախարարը պետք է քաջություն ունենա եւ ասի՝ ես, որպես պաշտպանության նախարար, արձանագրում եմ, որ ի վիճակի չեմ իրավիճակը փոխել: Եվ, որպես իրեն հարգող սպա, գնա հրաժարականի: Նորմալ, պատվախնդիր պաշտոնատար անձը նորմալ երկրներում նման իրավիճակում հրաժարական է տալիս: Երբ որ մարդու կյանքի համար պատասխանատու անձինք այդ պատասխանատվությունը չեն զգում, ուրեմն իրենք հենց հանցագործության մասնակիցներ են»:
ՀԳ – Նշենք, որ այս տարի բանակում, ըստ պաշտոնական տվյալների, արդեն արձանագրվել է սպանության 19 դեպք, որից 7-ը՝ զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: