Վալերի Աբրահամյանն ընդդեմ «Ապահով տանիք» ՍՊԸ-ի
00:00, August 9, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Կոռուպցիայի կանխարգելում2011 թ. օգոստոսի 8-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վալերի Աբրահամյանն ընդդեմ «Ապահով տանիք» ՍՊԸ-ի՝ վնասի փոխատուցման, անօրինական կառույցի քանդման և հիդրոէլեկտրոկայանի շահագործումը դադարեցնելու պահանջների մասին դատական նիստը:
Վալերի Աբրահամյանը պահանջում է «Ապահով տանիք» ՍՊԸ-ից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն 200 հազար ՀՀ դրամ, այն հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ի կառուցման ընթացքում իր տնամերձ հողամասը դարձել է շինհրապարակ, զրկվել է ցանք կատարելու հնարավորությունից, կրել նյութական վնաս, հողատարածքը դարձել է անօգտագործելի, ՀԷԿ-ի շինությունն իրականացվել է նախագծային խախտումներով, որի հետևանքով իր հողամասից զավթվել է 4 քմ:
Դատական նիստի ընթացքում Վալերի Աբրահամյանը ներկայացրեց հայցապահանջը՝ այն է, «Ապահով տանիք»ՍՊԸ-ից բռնագանձել 2 մլն 200 հազար ՀՀ դրամ, որից 1 մլն 500 հազարը վնասի փոխատուցման, իսկ 700 հազարը իրեն պատճառված վնասի փոխատուցման համար:
Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց միջնորդություններ փորձաքննություններ նշանակելու մասին՝ պարզելու համար, թե հիդրոէլեկտրոկայանը կառուցվել է խախտումներով, թե ոչ և հիդրոէլեկտրոկայանի շրջակայքում աղմուկի մակարդակը թույլատրելի է, թե ոչ:
Միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացննելու նպատակով դատարանը որոշեց հետաձգել նիստը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2011 թ. օգոստոսի 22-ին, իսկ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ: