Տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում
00:00, August 8, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում /ք. Երևան, Գ.Նժդեհի 23, նիստերի դահլիճ 9, դատավոր՝ Ա.Աբովյան/ նշանակված է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը:
Հիշեցնենք, որ 2010 թ. հունիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում էր ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները:
2010 թ. հունիսի 25-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ստացվել էր պատասխան գրություն, որով մերժվել էր պահանջվող տեղեկատվության տրամադրումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ վարչական դատարան, պահանջելով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին պարտավորեցնել տրամադրել կազմակերպության կողմից հայցվող տեղեկությունները:
2011 թվականի մայիսի 6-ին դատարանը վճիռ է կայացրել կազմակերպության հայցը մերժելու մասին, որից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերաքննիչ բողոք է ներկայացրել, պահանջելով վերացնել դատարանի որոշումը և բավարարել գրասենյակի հայցն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ տեղեկություններ տրամադրելուն պարտավերեցնելու պահանջի մասին: