Ծրագիր՝ ուղղված ոստիկանության համակարգի բարեփոխումներին
00:00, April 6, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. սկսած Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Ոստիկանության համակարգի բարեփոխումներ» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ոստիկանության համակարգում ուսումնասիրություններ, դրանց հիման վրա մշակել առաջարկություններ եւ այդ առաջարկությունների ուղղությամբ իրականացնել շահերի պաշտպանություն:
Նախատեսվում է Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերից ներգրավել փաստաբաններ եւ իրավաբաններ: Փաստաբանները ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման եւ խոշտանգումների ենթարկված քաղաքացիներին, նրանց հարազատներին անձնական եւ բնակարանային խուզարկությունների իրականացման ժամանակ կտրամադրեն իրավական պաշտպանություն:
Տեղական իրավաբանների ներգրավմամբ նախատեսվում է Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում ոստիկանության համակարգի գործունեության ուսումնասիրություն եւ տեղեկատվության հավաքագրում ձերբակալված, բերման ենթարկված, խուզարկության և այլ քննչական գործողություններին մասնակիցների, նրանց հարազատների հետ հարցազրույցների, ինչպես նաև փաստաբանների հետ հարցազրույցների, ոստիկանության բաժիններ այցելությունների միջոցով:
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեղեկատվության միջոցով կմշակվի առաջարկությունների փաթեթ ոստիկանության համակարգի բարեփոխումների վերաբերյալ:
Ծրագրի ողջ ընթացքում ոստիկանության համակարգում ծագած խնդիրների ժամանակ քաղաքացիները կարող են զանգահարել 0 8000 1211 անվճար թեժ հեռախոսագծով:
«Ոստիկանության համակարգի բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսավորմամբ: