Նախաքննությունը անցել է թերություններով
00:00, March 12, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. մարտի 10-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում տեղի ունեցավ դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի դատաքննությունը:
Դատական նիստին մասնակցում էին տուժողի իրավահաջորդ Դ.Մկրտչյանը, իրավահաջորդի ներկայացուցիչ Ա.Զալյանը, Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա.Վարդանյանը, Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մկրտչյանը:
Նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդ Ա.Զալյանի կողմից ներկայացվց են 12 կետից բաղկացած թերությունների շարք, որոնք չեն բացահայտվել նախաքննության ընթացքում:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում չի բացահայտվել՝
• Դ.Գասպարյանի դասղեկի դասասենյակից բացակայելու ժամանակը, գտնվելու վայրը
• Դ.Գասպարյանին ծեծի ենթարկելու ժամը, ծեծի ենթարկելուց հետո դպրոցի հավաքարարների վրա հասնելու ժամանակը, ծեծի ենթարկելու և հիվանդանոց տեղափոխելու ժամանակահատվածը
• դպրոցում բուժկետի առկայության եւ միջադեպի պահին բուժկետի համապատասխան աշխատակցի գտնվելու վայրը, եւ եթե տվյալ պահին Դ.Գասպարյանին համապատասխան բուժօգնություն տրամադրվեր, հնարավո՞ր էր արդյոք փրկել կյանքը:
Ա.Զալյանը, թվարկելով խախտումները, հավելել է նաեւ, որ իրականացված նախաքննությամբ և փորձագետի եզրակացությամբ չեն պարզաբանվել հետևյալ հարցերը.
1. ի՞նչ պատճառով կարող էին առաջանալ Դ.Գասպարյանի ներքին օրգանների փոփոխությունները
2. նեքին օրգանների փոփոխությունների առաջացումից որքա՞ն ժամանակ անց է վրա հասել մահը
3. մինչև մահը ներքին օրգանների փոփոխություններից հետո որքա՞ն ժամանակ է Դերենիկ Գասպարյանը կենդանի մնացել
4. ի՞նչ միջամտության դեպքում հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը
5. կենդանության օրոք նրա մոտ առկա հիվանդությունների ի՞նչ տեսակ
զարգացումներ են եղել և որքա՞ն ժամկետներում կարող էին մահվան պատճառ հանդիսանալ:
Գործով վերահսկողություն իրականացնող դատախազը եւ նախաքննություն իրականացնող քննիչը ի պատասխան ներկայացուցչի կողմից ներկայացված հարցերին նշեցին, որ նախաքննությունը կատարվել է պատշաճ, ներկայացուցչի կողմից ներկայացրած դիմում-բողոքները դարձել են քննության առարկա, իսկ ներկայացված հիմնավորումներն անհիմն են:
Դատական նիստից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 2011 թ. մարտի 18-ին՝ ժամը 14:00-ին: