Տեղի ունեցավ Արթուր Սաքունցի դեմ առաջին դատական նիստը
00:00, February 19, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. փետրվարի 18-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:
Դատական նիստը վարում էր դատավոր Բ.Գրիգորյանը, նիստին մասնակցում էին հայցվոր Վ.Եղիազարյանը եւ պատասխանող կողմի ներկայացուցիչ Է.Մարուքյանը:
Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը ներկայացրեց իր հայցադիմումը, իսկ պատասխանող կողմը՝ հայցադիմումի պատասխանը, կողմերը ներկայացրեցին նաեւ պարզաբանումներ:
Նիստի ընթացքում Լեռնապատ համայնքի ղեկավարը պնդեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցի` «կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը` տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» նշված արտահայտությունը վնաս է հասցնում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին:
Հայցվորը նշեց, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված և քանի դեռ նախաքննական մարմինը համապատասխան եզրակացություն չի կայացրել, ուստի ինքը ձեռնպահ է մնում Արթուր Սաքունցի արտահայտություններից` «տեղական բյուջեի միջոցների վատնում» արտահայտության կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցի` «ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» արտահայտությանը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իր ընտանիքի անդամները՝ կինը եւ երեք անչափահաս երեխաները, չունեն որեւէ տրանսպորտային միջոց եւ չունեն գույքահարկի պարտավորություններ, իսկ մինչեւ օրս իր անվամբ գրանցված ՎԱԶ 2121 մակնիշի մեքենան գնել եւ օգտագործում է Լեռնապատ գյուղի բնակիչ Արսեն Աբազյանը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Է.Մարուքյանը նշեց, որ դեռևս 2010 թվականից սկսած ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից կատարած չարաշահումների վերաբերյալ:
Կազմակերպությունը 2010 թվականի ընթացքում կատարել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի և ավագանու կողմից 2004-2010 թվականներին կայացված որոշումներից մի մասի ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել կոռուպցիոն ռիսկ պարունակող մի շարք որոշումներ, որոնց հիման վրա կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կատարված չարաշահումների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, Լոռու մարզի դատախազին և տարբեր առիթներով հայտարարություններ է արել, ինչպես նաև հարցազրույցներ է տվել մամուլի միջոցներին:
Ըստ պատասխանող կողմի՝ սույն գործը Հայաստանի իրավապաշտպան հանրությանը հայտնի առաջին դատական գործընթացն է, որն ուղղված է իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահի դեմ: Ավելին, համայնքի ղեկավարի կողմից իրավապաշտպանի դեմ նման դատական գործընթաց սկսելը և 2.000.000 դրամ գումարի փոխհատուցում պահանջելը մեր կողմից գնահատվում է որպես իրավապաշտպանին լռեցնելու փորձ և ճնշում իրավապաշտպան գործունեության նկատմամբ: Հետևաբար, սույն դատական գործընթացը ուղղված է քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտների դեմ, ինչպես նաև կարևոր նախադեպ է Հայաստանի Հանրապետությունում իրավապաշտպան գործունեության երաշխավորման առումով:
Դատավորը որոշեց դատական գործի քննությունը կասեցնել, այն պատճառով, որ տեղական բյուջեի միջոցների վատնումը կամ գույքահարկից ազատելու որոշումը միայն հայտարարությամբ չի կարող հաստատվել: Դատավորը նշեց, որ այդ ամենի բացահայտման համար կատարվում է փորձաքննություն, որպեսզի պարզի՝ տարածած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, այդ պատճառով պետք է սպասել միչնեւ քրեական գործի ավարտը, որից հետո դատարանը կորոշի, թե ինչքանով են իրավացի Արթուր Սաքունցի կողմից տարածած հայտարարությունները: