Շաբաթ-կիրակի բանտերը փակեք
00:00, February 17, 2011 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Քրեակատարողական հիմնարկներՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախագահ Արթուր Սաքունցը, այսօր անդրադառնալով «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի` արտաքին աշխարհի հետ շփման, նամակագրության և ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի իրացմանը, նշել է, որ դիտորդական խումբը նամակագրության և դիմումների ուղարկման հետ կապված խնդիրն ուսումնասիրել է և եկել այն եզրահանգման, որ դատապարտյալի նամակագրության և իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներ, բողոքներ հղելու իրավունքները կոպտորեն խախտվում են:
Այսպես, 2011-ի հունվարի 9-ին, կիրակի օրը, դիտորդական խումբը «Արթիկ» ՔԿՀ այցելության ժամանակ պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը փակ ծրարով առնվազն 10 նամակ է հասցեագրել «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, որոնցից ոչ մեկը չի ուղարկվել և պահվել է «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի մոտ: Դիտորդական խումբը պահանջել է գործող կարգի համաձայն` Արթիկ ՔԿՀ-ն ստանա և գրանցի նամակներն ուղարկելու նպատակով, որից հետո նամակները հասել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագրություն, և որոնք հինգ օր հետո տպագրվել են: Սակայն սրանից հետո էլ դիտորդական խումբը շարունակ ահազանգեր է ստացել, որ Նիկոլ Փաշինյանի նամակները չեն վերցնում դատապարտյալներից, որից հետո դիտորդական խումբը վերստին այցելում է, պարզում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գտվող 5 ծրարավորված նամակները վարչակազմը հրաժարվում է ստանալ:
Դիտորդական խումբը աշխատակիցներից գրանցամատյան է պահանջում, սակայն պատճառաբանում են, որ մատյանը գտնվում է չհրկիզվող պահարանում և հնարավոր է չէ այդ պահին նամակ ստանալ և գրանցել գույքամատյանում: Արթուր Սաքունցը անձամբ փորձել է կապ հաստատել Արդարադատության նախարարի հետ, սակայն այս փորձը դատապարտված է եղել անհաջողության, քանի որ քարտուղարուհին այդպես էլ չի միացրել հեռախոսը` պատճառաբանելով` զբաղված է, կամ դուրս եկավ:
«Երեկ ՔԿՎ իր հայտարության մեջ նշել է, որ հունվար ամսին ինը նամակ է Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել, որոնցից մեկը մեր կատարած այցելության ժամանակ հունվարի 9-ին էր փոխանցվել, մնացած ութը` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի ներկայությամբ ընդունված նամակներն են, ինչը վկայում է այն մասին, որ վարչակազմի կողմից Նիկոլ Փաշինյանի նամակները ընդունվում են միայն կամ դիտորդական խմբի ներկայությամբ, կամ մարդու իրավունքների կոմիսարի ներկայությամբ», ասել է Արթուր Սաքունցը:
Դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով ՔԿՎ երեկվա մամլո հաղորդագրությանը, որտեղ ասված է` խնդիրը քաղաքականացնում են, ասել է. «Մենք այս պատասխանները գնահատում ենք ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում, այսինքն` քաղաքական հայտարարությունների ներքո պատասխաններ են տրվում»:
Արթուր Սաքունցի խոսքով, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն ակնհայտորեն զբաղված է ապատեղեկատվությամբ (մեղմ ասած), երկրորդ` ակնհայտորեն իր հայտարարությամբ փորձում է ՔԿՀ կողմից ապօրինությունը`իրավական խնդիրը դարձնել քաղաքական` անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբր շաբաթ -կիրակի չեն աշխատում. «Ես հարց եմ տալիս. եթե աշխատակազմը շաբաթ-կիրակի չի աշխատում, ուրեմն ՔԿՀ-ն փակեք, վարչակազմը թող գնա տուն, դատապարտյալները` նույնպես, երկուշաբթի հավաքվեք շարունակեք աշխատանքը, սա ուղղակի աբսուրդի վերջին աստիճանն է», նկատել է Արթուր Սաքունցը:
Բացի այդ, նա նշել է, որ իրենց` Նիկոլ Փաշինյանին այցից հետո խցում կատարվել է խուզարկություն, այսինքն` վարչակազմը մտածել է, որ դիտորդական խումբը կարող է դատապարտյալին ինչ-որ բան փոխանցել, ինչը, ըստ Արթուր Սաքունցի, ակնհայտորեն ճղճիմ գործելակերպ է, որով փորձ է արվում ստվեր գցել դիտորդական խմբի գործունեության վրա:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/right-lrahos44257.html