Զոհված զինվորի գրպանից նամա՞կ են գտել
00:00, February 15, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՓետրվարի 12-ին Ստեփանակերտի N զորամասում հրազենային կրակոցից զոհված /http://henaran.am/full_news.php?id=8998/ զինծառայող Թորգոմ Սարուխանյանի դին արդեն հանձնվել է հարազատներին:
Այս մասին Henaran.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ըստ որոշ տեղեկությունների, իբր, զինծառայողի գրպանում նամակ է եղել, որտեղ գրված է, որ իրեն չդիահերձեն: Որքանով է հավաստի այս տեղեկությունը, առայժմ պարզ չէ: Իրավապաշտպանի դիտարկմամբ, նման լուրերի շրջանառումը պատահական չի կարող լինել եւ խոսում է այն մասին, որ փորձ է արվում կատարվածը ինքնասպանություն որակել:
«Կան որոշ կասկածներ, որ այնուամենայնիվ, բռնություն է տեղի ունեցել»,-նշեց Արթուր Սաքունցն ու հավելեց. «Տարին նոր է սկսվում եւ արդեն երկրորդ դեպքն է գրանցվում: Փաստորեն, պաշտպանության նախարարությունը արդեն ոչ թե պետք է արձագանքի կամ հրապարակայնացնի քննությունը, այլ լուրջ միջոցներ ձեռք առնի կանոնադրական հարաբերություններում խախտումները կանխարգելելու ուղղությամբ: Սա արդեն խայտառակություն է»:
Հիշեցնենք, որ զոհված Թորգոմ Սարուխանյանի ծառայության ժամկետի ավարտին 10 ամիս էր մնացել: «Ի ՞նչը պետք է հանգեցներ նրան, որ ծառայության կեսն անցած զինվորն ինքնասպանություն գործեր: Պետք է այնպիսի վիճակ ստեղծված լիներ, որի արդյունքում նա նման ծայրահեղ գործողության դիմեր»,- Henaran.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` http://henaran.am/search_news.php