Wikileaks-ը հասավ Աղվան Հովսեփյանին և Հայաստանի պոռնիկներին
00:00, February 9, 2011 | ՆորություններԱյսօր Русский Репортер կայքը, որը հանդիսանում է Wikileaks-ի գործընկերը Ռուսաստանում, հրապարակել է Երևանում ամերիկյան դեսպանատան երեք փաստաթուղթ, որտեղ 2007թ. ԱՄՆ դեսպանը Հայաստանում` Ջոն Էվանսը, պատմում է Հայաստանում գործազրկության խայտառակ մակարդակի մասին, ինչը ստիպում է կանանց, նույնիսկ` 11-12 տարեկան աղջիկներին զբաղվել պոռնկությամբ:
Մինչդեռ Հայաստանի իշխանությունները սրանով մտահոգված չեն, գլխավոր դատախազն էլ այս առնչությամբ մտահոգություն չի հայտնել, ասել է , որ դիվանագետների կողմից հարցաքննված թեթևաբարո կանայք ստում են: Փաստաթղթում մեջբերվում է դատախազի խոսքերը, որը մեջբերել է հայկական ասացվածքը` «Բոզի շառից հեռո՜ւ մնացեք»:
Ըստ փաստաթղթի` մարմնավաճառներն իրենց զբաղմունքի հիմնական պատճառ են անվանել գործազրկությունը: Նրանք, այդուհանդերձ, չեն կարողացել պատասխանել դիվանագետների հարցին, թե ինչը կարող է շտկել այս վիճակը:
Նրանք նաև պատմել են, որ փողոց են դուրս գալիս նույնիսկ 11-12 տարեկան աղջիկները: Դիվանագետներն այցելել են Վանաձորի արվարձաններ, որտեղ թեթևաբարո կանայք իրենց աշխատանքի դիմաց հացով ու բրնձով են վարձատրվում: Իրենց ապրուստը վաստակելու համար նրանք հաճախ մեկնում են Թուրքիա և ԱՄԷ:
Մի սպա հայտնել է դիվանագետներին, որ այդ երիտասարդ աղջիկների ծնողները շատ լավ գիտակցում են, թե արտասահմանում իրենց աղջիկներն ինչպես են աշխատում գումարները, որոնք հետագայում տուն են ուղարկում: Այս պահին կանանց արտահոսքը և պոռնկությամբ զբաղվելն արտասահմանում հիմնականում կապված է վատ սոցիալական իրավիճակի հետ, այլ ոչ թե քրեական խմբավորումների գործունեության, որոնք գողանում են կանանց և ստրկության մեջ գցում նրանց: Կանայք մեծամասամբ գիտակցում են, թե ուր են գնում, և ինչ է իրենց սպասում:
Դիվանագետները պատմել են նաև, որ ըստ ականատեսների և Վանաձորում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների` ոստիկանությունն ինքն է նպաստում պոռնկության զարգացմանը: Արթուր Սաքունցը պատմել է, որ իրենք փորձել են ստուգել տեղի բնակչության կողմից ստացված այն տեղեկությունները, համաձայն որի` Վանաձորի ոստիկանությունն ինքն է հովանավորում պոռնիկներին և սպառնում նրանց, ովքեր փորձում են հրաժարվել իրենց այդ «արհեստից»:
Դիվանագետներն այնուհետև ներկայացրել են իրենց մեկնաբանությունները` նշելով, որ Հայաստանը Երևանի Hummer-ներն ու X5-երը չեն, այլ գոյություն ունի երկու տարբեր Հայաստան` Երևանը և մնացյալ Հայաստանը, իսկ Վանաձորն էլ այդ մնացյալ Հայաստանի մի մասն է:
Դիվանագետները նշում են, որ միայն օրենք փոխելով և ձեռքը սեղանին խփելով չէ, որ այս իրավիճակը պետք է շտկել: Անհրաժեշտ է բարելավել տնտեսությունը և առաջարկել այդ կանանց իրենց գործունեության այլընտրանքը, ինչն իշխանությունները չեն կարողանում անել:
Այնուհետև ներկայացվել է Երևանում ամերիկյան դեսպանատան մեկ այլ փաստաթուղթ, որտեղ ամերիկյան դեպսանատունը Գլխավոր դատախազության հետ փորձել է պարզել երեք կանանց հետ կապված խնդիրները, որոնք դարձել են թրաֆիքինգի զոհ: Փաստաթղթում նշվում է, որ գլխավոր դատախազությունը սկզբից մեծ արհամարհանքով էր վերաբերվում այդ կանանց, հետո նրանց տոնը սկսել է բավարարել դեսպանատան աշխատակիցներին:
Փաստաթղթում նշված են մի քանի փաստեր, երբ տուժած կանայք պատմել են տեղի ՀԿ-ներից մեկին, որ ոստիկանությունում նրանց ստիպել են հրաժարվել իրենց հանդեպ իրականացված հանցագործության մասին ներկայացված ցուցմունքներից, ուժ են կիրառել կանանց նկատմամբ` փորձելով կոծկել հարուցված քրեական գործը:
Փաստաթղթում պատմվում է նաև դեսպան Էվանսի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանդիպման մասին: Փաստաթղթում նշվում է, որ երբ Էվանսը բարձրացրել է վերոհիշյալ հարցը, դատախազը քմծիծաղ է տվել` ասելով, որ տեղյակ է հարցին: Դատախազը նաև մեղադրել է այս գործում այն հասարակակական կազմակերպությանը, որը զբաղում է կանանց իրավական օգնության տրամադրմամբ: Այդ կազմակերպությունն օգնել է դեսպնատանը վերհանել թրաֆիքինգի դեպքերը Հայաստանում:
Հովսեփյանը նշել է, որ ցուցմունք տված կանայք ստել են, և դա արել են` իրենց ինչ-ինչ շահերից ելնելով: Հատկապես նշվում է մեկ անուն` քննիչ Երեմյանի անունը, որին, ըստ դիվանագետների, Հովսեփյանն ամենաշատն էր պաշտպանում (փաստաթղթում նաև նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի ստորաբաժանման ավագ քննիչ Արմեն Բոշնաղյանը դիվանագետներին հայտնել է, որ Երեմյանը Հովսեփյանի հովանավորության տակ է: Ընդգծվում է, որ անհրաժեշտ է ապահովել Բոշնաղյանի անվտանգությունը):
Հենց այս հանդիպման ժամանակ է Հովսեփյանը հնչեցրել իր հանճարեղ մտքերից մեկը` «Աստված հեռու պահի մեզ բոզի շառից»` ակնարկելով, որ պոռնկուհիների ցուցմունքները «շառ» են` ուղղված իրավապահների դեմ:
Էվանսը գլխավոր դատախազին նաև խնդրել է, որպեսզի դատախազը Ազգային անվտանգության ծառայությանը դիմեր ոչ թե կանանց և վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը ստուգելու համար, ինչպես Հովսեփյանը նշել էր իր խոսքում, այլ քննություն սկսվի նրանց հայտարարության վերաբերյալ:
Փաստաթղթում մտահոգություն է հայտնվում, որ Հովսեփյանի գործողությունների մեջ ակնհայտ նկատվել է իր անձնական վերաբերմունքը թրաֆիքինգի ենթարկված կանանց և այդ գործերի հետ կապված մարդկանց նկատմամբ: Դեսպան Էվանսը նաև նշել է, որ իրենք շարունակելու են հետևել այս գործին և ուշադրություն դարձնել դրա ընթացքին: