Դերենիկ Գասպարյանի գործով դատական նիստը շարունակվում է
00:00, February 10, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում կշարունակվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի քննությունը:
Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին որոշումը, գործն ուղարկել նախաքննության և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնել համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»:
Պատահարը տեղի է ունեցել դպրոցում` քննության ժամանակ, և տասնամյա տղային համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու պահին դպրոցի ադմինիստրացիան միջոցներ չի ձեռնարկել ծեծկռտուքը կանխելու ուղղությամբ, ինչը Դերենիկ Գասպարյանի մահվան պատճառ է դարձել: