ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
00:00, January 20, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2011 թ. հունվարի 20-ին ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահին տեղեկությունների տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի դատաքննությունը:
Դատական նիստը վարում էր դատավոր Ա.Ալավերդյանը, նիստին մասնակցում էր հայցվոր կողմից փաստաբան Է. Մարուքյանը: Պատասխանող կողմը դատական նիստին ներկա չէր:
Նիստի ընթացքում փաստաբան Է. Մարուքյանը հանդես եկավ պարզաբանումներով եւ պնդեց հայցադիմումի պահանջը: Դատարանը, ավարտելով դատաքննությունը, որոշեց կայացնել վճիռ:
Վճիռը կհրապարակվի 2011 թ. փետրվարի 3-ին՝ ժամը 17:30-ին:
Տեղեկացնենք, որ 2010 թ. հունիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմում էր ներկայացրել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով կազմակերպությանը տրամադրել տեղեկատվություն 2008 թ. մինչ օրս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված խուզարկությունների թույլտվության մասին որոշումների եւ նշված ժամանակահատվածում խուզարկությունների միջնորդությունները մերժելու մասին որոշումների պատճենները:
2010 թ. հունիսի 25-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից ստացվել էր պատասխան գրություն, որով մերժվել էր պահանջվող տեղեկատվության տրամադրումը: