Ի՞նչ կորոշի դատավորը` բռնություն կիրառած իրավապահների մասով
00:00, January 16, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն«Ժամանակ»-ի տեղեկություններով, վերաքննիչ քրեական դատարանում մի գողության գործով անցնող որոշ ամբաստանյալներ երեկ բարձրաձայնել են ոստիկանության աշխատակիցների կողմից` իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին:
Սա հաղորդում է հանցագործության մասին, և դատարանն այժմ հայտնվել է փակուղում. դատավորը կամ պետք է խախտի օրենքը և աչք փակի այդ փաստի վրա, կամ որոշում կայացնի և միջնորդի իրավապահներին` նյութեր նախապատրաստել օրինազանց ոստիկանների գործողությունների փաստով:
Ամբաստանյալները, նրանց հարազատները և իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում են, որ ճնշման տարբեր միջոցներով ցուցմունքներ են կորզել և գործ սարքել: Մինչ դատարանը կորոշի անելիքը, նշենք, որ խոսքը ամբաստանյալ Վարդան Աղաջանյանի և մյուսների գործի մասին է: Վ.Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ զինծառայող և 2008թ. հունիսի 30-ից հուլիսի 30-ը ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի ընդունելության քննություններին մասնակցելու նպատակով գտնվելով գործուղման մեջ, զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով ինքնակամ թողել է իր զորամասը և զինծառայության չի ներկայացել:
Դրանից բացի, նրան ու մյուս ամբաստանյալներին են վերագրվում հետևյալ գողությունները. Վարդանը` Ռոբերտ Գրիգորյանի հետ, 2008թ. նոյեմբերին` գործով չպարզված օրը, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում կայանված ավտոկռունկից ապամոնտաժել և գաղտնի հափշտակել է 100,000 դրամ արժողության յուղի պոմպը: Ռոբերտ Գրիգորյանի, Իշխան Սերոբյանի, Աշոտ և Գարեգին Բոզոյանների հետ Վարդանը 2009թ. փետրվարին տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդել-հանել է Երևանի «Սևան» ավտոպահեստամասերի տոնավաճառի թիվ 80 խանութ-պահեստի հետնապատի քարերը և հափշտակել 11,136,000 դրամ արժողության «ԳԱԶ» ապրանքանիշի ավտոպահեստամասեր: Այնուհետև ապամոնտաժել և հափշտակել են «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Մազ» մակնիշի ավտոկռունկի յուղի պոմպերն ու յուղի ռետինե խողովակը: Այս խմբին է վերագրվում է նաև 2009թ. ապրիլին, Երևանի Ջիվանու փողոցի 35 տան դիմաց կայանված «ԶԻԼ 133» մակնիշի ավտոկռունկից հափշտակված, 700,000 դրամ արժողության յուղի պոմպի, փոխանցման տուփի բաշխիչի, դրա կարդանային լիսեռի գողության, «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ի վերամբարձ կռունկից կատարված` 1,000,000 դրամ արժողության յուղի մղիչների, մարտկոցների, Աշոտ Խաչատուրյանին պատկանող ավտոկռունկից կատարված գողությունները: Իսկ Գևորգ Ալպեևի և Վարդան Աղաջանյանի համատեղ «գործունեությունը» իրավապահները կապել են «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ից հափշտակված համակարգիչների, դրանց տպիչ սարքերի գողության դրվագով, Ա.Բոզոյանի, Գ.Ալպեևի, Գ.Միրզոյանի և Ա.Հարությունյանի համատեղ «գործունեությունը»` «ԷՅ ԷՄ ՎԻ» ՍՊԸ-ից կատարված համակարգիչների, տեսատեխնիկայի գողության դրվագով: Մեղադրանքում նշված է նմանատիպ այլ գողությունների մասին ևս: Դատարանը մեղադրանքները հիմնավոր է համարել և վճռել` Վ.Աղաջանյանին մեղավոր ճանաչել գողության, գողության հանցափորձի և դասալքության համար` նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման, Աշոտ Բոզոյանին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի գողության համար և դատապարտել ազատազրկման` 5 տարի ժամկետով, Գևորգ Ալպեևին` 4, Ռոբերտ Գրիգորյանին` 5, Իշխան Սերոբյանին և Գարեգին Բոզոյանին` 4-ական, Գարիկ Միրզոյանին` 2 տարվա ազատազրկման: Իսկ Արսեն Սարոյանը դատապարտվել է ազատազրկման` 2 տարի ժամկետով, սական որոշվել է պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հետաքրքիր է, որ սույն գործն ընդդատյա էր Շենգավիթ վարչական շրջանին, սակայն լսվել է Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Սույն գործին հետևում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում է բռնություններով, սպառնալիքներով կորզված ցուցմունքների և դրանցով սարքված գործի վրա: Այս գործով ամբաստանյալները խոշտանգումների են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժնում, նրանց նկատմամբ դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսևորվել: Այդ մասին իրավապաշտպանին հայտնել են ամբաստանյալների հարազատները: Իշխան Սերոբյանի մայրը` Սաթենիկը, նշել է, որ Գարեգին Բոզոյանի դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով իր որդուն այնքան են ծեծել վարչությունում, որ ցանկացել է իրեն գցել պատուհանից: Ընդ որում, Գ.Բոզոյանը գողության համար դատապարտված է եղել դեռ մեկ տարի առաջ, ինչի համար մեղքն ընդունել է, սակայն նրա կնոջ խոսքով, իր ամուսնու դեմ ցանկանում են նոր քրեական գործ սարքել` հետևյալ սցենարով. իբր նա հանցագործությունը կատարելու ցուցումները տվել է կալանավայրից` հեռախոսի միջոցով: Գարեգինի կինը` Անահիտը, իրավապաշտպանին հայտնել է, որ ոստիկաններն իրենից պահանջել են ամուսնու դեմ ցուցմունք տալ և գումար են ուզել` Գարեգինին քրեական պատասխանատվության չենթարկելու համար, սակայն չորս անչափահաս երեխաների մայրն ասել է, որ ընտանիքի միակ կերակրողի դատապարտվելուց հետո նույնիսկ երեխաների համար հացի փող չունի, և եթե այս վիճակը շարունակվի, ինքը գուցե ստիպված լինի նրանց տեղավորել մանկատանը:
Հ.Գ. Գողությունների ցանկին նայելով` կարելի է գալ այն եզրահանգման, որ գործն իսկապես սարքվել է. նախ` շատ դրվագներում գողության հստակ օր նշված չի: Երկրորդ` գողություն անողների, հավանաբար երկու տարբեր խմբերի, հիմնական հետաքրքրությունը եղել է համակարգչային տեխնիկայի և վերամբարձ կռունկների նկատմամբ, և այդ խմբերի «հետևը» փորձել են փակել իրավապահները` հանցագործությունները բռնությամբ ուրիշների գլխին կապելով: Երրորդ` եթե համակարգիչների նկատմամբ շատերը կարող են հետաքրքրված լինել, ապա վերամբարձ կռունկների` այդքան շատ պահեստամասերը կարող են պետք գալ միայն լայն թափով շինարարություն անողներին` ասենք շինարարական կազմակերպություններին: Իսկ թե ովքեր են այս երկրում նման շինարարություն անողները, և ում հետևը փակելու համար կարող են իրավապահները գնալ նման բռնությունների` կարող են շատերը կռահել: