ՀԿ-ների հայտարարությունը ԱԼԳ ազգային պլատֆորմի վերաբերյալ
00:00, January 12, 2011 | ՀայտարարություններԱրեւելյան գործընկերության ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի «ՀԱՊ» Նախաձեռնող խմբի անդամների հայտարարությունը:
Մենք՝ ներքոստորագրյալներս,
– hավատարիմ մնալով 2010թ. հոկտեմբերի 21-ի մեր հայտարարությանը,
– կիսելով ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմի մի շարք կազմակերպությունների՝ 2010թ. նոյեմբերի 4-ի եւ ՔՀՀ ղեկավար մարմնի անդամներ Աբգար Եղոյանի ու Բորիս Նավասարդյանի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի հայտարարություններում արտահայտված գնահատականներն ու առաջարկությունները,
– դիտարկելով ԱլԳ ծրագրերի իրականացումը եւ այդ գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը՝ որպես կարեւորագույն խնդիր,
– վերահաստատելով մեր պատրաստակամությունը՝ աջակցել առողջ հիմքերի վրա Հայաստանում ՔՀՀ ազգային պլատֆորմի կայացմանը,
– կարեւորելով ԱլԳ առաջնայնություններին համահունչ՝ ՀԱՊ ընդլայնումը,
– պնդելով, որ 2010 թ. սեպտեմբերի 16-ից ի վեր ԱլԳ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհուրդն ընդունել է մի շարք անհիմն, իր լիազորություններից դուրս եւ ՀԱՊ կանոնակարգին չհամապատասխանող որոշումներ,
– նկատի ունենալով ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի այդպիսի որոշումների եւ անընդունելի աշխատաոճի պատճառով ի վեր ՀԱՊ համակարգող խորհրդի կազմից մի շարք անդամների հեռանալու իրողությունը,
– անհամաձայնություն հայտնելով համակարգող խորհրդի կողմից ՀԱՊ կանոնակարգի խախտմամբ ազգային պլատֆորմի համալրման գործընթացի վերաբերյալ,
– ելնելով նրանից, որ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի առանձին անդամներ խախտել են ճգնաժամային իրավիճակից դուրս գալուն միտված մի շարք պայմանավորվածություններ՝ անհնարին դարձնելով ՀԱՊ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը,
– համարելով, որ ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդում եղանակ ստեղծող անձանց գործելակերպն ապակառուցողական եւ անառողջ մթնոլորտ է ստեղծել պլատֆորմում եւ խոչընդոտում է ՀԱՊ կայացմանը,
– տեղեկանալով, որ ընդհանուր ժողովի նախապատրաստության ընթացքում ՔՀՀ ՀԱՊ համակարգող խորհրդի ներկայացուցիչները շփոթության մեջ են գցել հրավիրվող կազմակերպություններին,
– տեղյակ եւ համամիտ լինելով ՀԱՊ անդամ բազմաթիվ կազմակերպությունների դիրքորոշումներին, մասնավորապես՝ այն առաջարկությանը, ըստ որի` ՀԱՊ ընդհանուր ժողովը պետք է հրավիրվեր ՔՀ 1-ին եւ 2-րդ համաժողովների մասնակիցներից կազմված կազմկոմիտեի կողմից, քանի որ հենց նրանց ջանքերով է ձեւավորվել ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հաջողությամբ ներկայացվել է ՔՀ 2-րդ համաժողովում,
Հայտարարում ենք.
1. չենք ընդունում ՀԱՊ համակարգող խորհրդի թերի եւ ՀԱՊ անդամ բազմաթիվ կազմակերպությունների վստահությունը կորցրած կազմի՝ ՀԱՊ ընդհանուր ժողով հրավիրելու եւ ՀԱՊ համալրում իրականացնելու իրավասությունը,
2. չենք ճանաչում ՀԱՊ ընդհանուր ժողովի անվան տակ 2010 թ. դեկտեմբերի 25-ին անցկացված հավաքի որոշումները,
3. ափսոսանքով արձանագրում ենք, որ Հայաստանի հասարակական կազմակերպությունների սեկտորին այս փուլում չհաջողվեց կառուցել ՔՀՀ ազգային պլատֆորմ՝ ամուր եւ առողջ ինստիտուցիոնալ հիմքերի վրա,
4. ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում ենք ազգային պլատֆորմի շրջանակներում ցանկացած ընտրության, ղեկավար մարմինների ձեւավորման եւ իրավասությունների իրականացման, անդամության եւ համալրման ֆորմալ գործընթացների դադարեցումը,
5. անհրաժեշտ ենք համարում պլատֆորմի գործունեության շեշտը տեղափոխել բովանդակային դաշտ՝ կազմակերպելով քննարկումներ եւ ԱլԳ նպատակների իրագործմանն ուղղված այլ միջացառումներ, որոնց նախաձեռնողները կարող են լինել հայաստանյան քաղաքացիական հասարակության ցանկացած կազմակերպություն եւ դրանց միավորումներ,
6. վերստին ընդգծում ենք Քաղաքացիական հասարակության 1-ին եւ 2-րդ համաժողովների մասնակիցների հատուկ պատասխանատվությունը հայաստանյան ՔՀԿ դաշտում արդյունավետ եւ բովանդակային գործունեության իրականացման խնդրում:
Հռիփսիմե Կիրակոսյան,Սեւծովյան ՀԿ-ների միջազգային միություն «Առաքելություն Հայաստան ԲՀԿ»
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն
Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Նունե Սարգսյան, Ինտերնյուս ԶԼՄ-ների աջակցության ՀԿ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Կարեն Նազարյան, Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Սվետլանա Ասլանյան, Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
Հ. Գ. Խոր վշտով ենք համակված մեր սիրելի գործընկեր, ճանաչված հասարակական գործիչ, Սպառողների իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ, ՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Աբգար Եղոյանի մահվան կապակցությամբ եւ մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու հարազատներին: