Հայաստանը բանտ է` առանց փշալարերի
00:00, November 19, 2010 | Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, Քաղբանտարկյալներ«Ազատություն քաղբանտարկյալներին», «Անսերժ, անռոբ Հայաստան» վանկարկումներով էր անցնում ի պաշտպանություն քաղբանտարկյալների ամեն ուրբաթ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպվող ակցիան:
«Շարխաթուն» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մելիսա Բրաունից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ է իրենց հաջողվում միջազգային կառույցներին իրազեկել Հայաստանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին: Մելիսա Բրաունը տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-14-ը ինքը և Հայաստանից ևս մի քանի իրավապաշտպաններ (Միքայել Դանիելյան, Արթուր Սաքունց, Լևոն Բարսեղյան) մասնակցել են Թբիլիսիում կայացած մարդու իրավունքներին նվիրված միջազգային սեմինարին: Միջազգային սեմինարին մասնակցել են նաև Ռուսաստանից, Բելառուսից, Հարավային Կովկասի երկրներից, եվրոպական երկրներից ժամանած իրավապաշտպաններ: Ներկա է եղել նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայացուցիչը:
Հայ իրավապաշտպանները սեմինարի ժամանակ ահազանգել են անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառված բռնությունների, նոյեմբերի 9-ին «Երևան» հյուրանոցի մոտից ձերբակալված չորս երիտասարդների մասին: Իրավապաշտպաններն առաջարկել են ստեղծել Եվրախորհրդի հետ համագործակցող աշխատանքային խումբ: Սրանից զատ, նրանք առաջարկել են, որ Եվրախորհրդի կողմից սահմանվի հստակ չափանիշ, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալ: «Երբ այդ չափանիշն ամրագրվի, Արմեն Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, մյուսները չեն հայտարարի, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քանի որ մենք չգիտենք, թե ով է համարվում քաղբանտարկյալ»,- ասաց Մելիսա Բրաունը:
Իրավապաշտպաններն առաջարկել են նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց գործերը քննվեն արագացված կարգով: