Ճշմարտությունը չի վաճառվում
00:00, November 1, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում ըստ պաշտոնական վարկածի
ինքնասպանություն գործած Վահան Խալաֆյանի գործով դատական նիստում նոյեմբերի
1-ին ճառով հանդես եկավ դատարանում Խալաֆյանների շահերը ներկայացնող Արտակ
Զեյնալյանը:
Նրա ճառում տեղ էին գտել սենսացիոն հայտարարություններ: Նա հայտարարեց, որ
ոստիկանության բաժնում տեղի է ունեցել սպանություն, իսկ Խալաֆյանին սպանել է
գործով ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը` հանցագործությունը որակելով
ինքնավնասման կամ ինքնասպանության նմանակում:
«Ապրիլի 13-ին ոստիկանություն Չարենցավանի բաժնում կատարվածն ինքնավնասման
կամ ինքնասպանության նմանակում է: Վահան Խալաֆյանը ինքնասպանություն չի
գործել` նրան սպանել են,- Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի
նոյեմբերի 1-ի նիստում հրապարակած իր ճառում հայտարարեց Վահան Խալաֆյանի
իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` շարունակելով.- Վահան
Խալաֆյանը ստացած ծանր մարմնական վնասվածքների պատճառով գտնվել է անգիտակից
վիճակում: Թաքցնելու համար կատարված հանցագործությունը, նրան շտապ
բուժօգնություն ցուցաբերելուն ուղղված գործողություններ կատարելու փոխարեն,
կատարել են գործած հանցագործությունը թաքցնելուն ուղղված
գործողություններ: Մերկացրել են նրա որովայնի առաջնային պատը, դանակով
հասցրել են այնպիսի մարմնական վնասվածքներ և այն ձևով, որպեսզի
ինքնասպանության պատրանք ստեղծվի նախաքննության մարմնի մոտ: Այնուհետև
հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մաքրել են դանակի վրայի
մատնահետքերը, փսխուկի հետքերը, աղավաղել են դեպքի վայրի պատկերը: Ստացած
մարմնական վնասվածքներից վստահորդս մահացել է»:
Զեյնալյանի ճառը հիմնված էր փաստերի, փորձագիտական եզրակացությունների,
դատարանում վկաների և ամբաստանյալների տված ցուցմունքների վրա, գնահատվել
ու հաշվի էին առնվել գործի բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ`
«համադրելով դրանք մատչելի գիտական աղբյուրների տվյալների հետ» և հանգել
նման հետևության:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հաստատված համարեց փաստը, որ «Դանակը
վստահորդիս որովայնը մտցրել է Մորիս Հայրապետյանը, որովայնի վրայի
ճանկռվածքները որպես ինքնավնասման պատրանք թողնելու միջոց Մորիս
Հայրապետյանը վերցրել է իր պրակտիկայից»,- հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Նա Մորիս Հայրապետյանի մասով դատարանի ուշադրությանը ներկայացրեց «Քրեական
օրենսգրքի 104-րդ` սպանության հոդվածի հատկանիշների ամբողջությունը և դրա
2-րդ մասի 11-րդ ենթակետի ծանրացուցիչ հանգամանքի հատկանիշը` այլ հանցանք
թաքցնելու նպատակը»:
Անդրադառնալով սպանության սենյակում ներկա գտնված մյուս օպեր լիազորներին`
Գագիկ Դավթյանին ու Գարիկ Ղազարյանին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն
ասաց. «Վստահորդիս ու հասարակության առջև մեղք են գործել նաև Գարիկ
Դավթյանն ու Գագիկ Ղազարյանը: Նրանք ներկա են գտնվել կատարվածին, մինչ այս
պահն ամեն ինչ արել են, որպեսզի հանցագործությունը չբացահայտվի: Այլ կերպ
ասած պարտակել են հանցագործին: Արդարացի կլիներ, որ նրանք
պատասխանատվության ենթարկվեն այն նույն հոդվածով, ինչով և Մորիս
Հայրապետյանից»,- իր խոսքը եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ մեղադրողն իր ճառում 2 տարվա պայմանական ազատազրկում էր
պահանջել օպեր լիազոր Մորիս Հայրապետյանի, իսկ մյուս երկուսի համար`
մեկական տարի:
Դատաքննության սկզբնական փուլում նմանատիպ հայտարարություններ արեց նաև
Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ, ամբաստանյալ
Աշոտ Հարությունյանը, սակայն դրանք կիսատ թողեց: Նա դատարանում հայտարարել
էր, թե տեսել է դանակ Մորիս Հայրապետյանի ձեռքին:
«Այն ճշմարտությունը, որը Հարությունյանի կողմից պետք է ասվեր, սակայն
չասվեց, մեզ այլևս պետք չէ: Հասարակությունը մերժում է այն գնով ձեռք
բերված ճշմարտությունը, ինչը փորձում է մեզ կամ երրորդ կողմի վրա վաճառել
Աշոտ Հարությունյանը»,- մինչ սպանության հանգամանքներին անդրադառնալը
հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/right40315.html
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ