Ինչով է զբաղված ռուսական բազան
00:00, October 29, 2010 | Նորություններ | Զինված ուժեր, ՈստիկանությունՎերջերս ռուսական բազայում երկու պայմանագրային զինծառայողների մահվան հետ կապված ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժինը տարօրինակ մի հաղորդագրություն տարածեց:
Տարօրինակն այն էր, որ դեպքի օրն արդեն իսկ հաղորդագրության մեջ նշվել էր առանձնակի դաժանությամբ կատարված սպանության շարժառիթի` խանդի մասին, տարօրինակ էր նաև այն, որ շեշտված էր այդ անձանց ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը, և վերջապես շատ տարօրինակ էր, որ ռուսական բազայում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդագրությունը տարածում է Էրեբունու ոստիկանությունը, այն դեպքում, որ քննությունն ամբողջությամբ վերահսկում է ռուսական կողմը:
«Այն, որ սպանվածները ՌԴ քաղաքացիներ են, դա կիսաճշմարտություն է: Սպանվածները հայ են, Հայաստանի քաղաքացիներ և իրենց ընտանիքների հետ ապրում են այստեղ, այնպես չէ, որ նրանք Ռուսաստանից են եկել: Նրանք պայմանագրային զինծառայողներ են: Հաղորդագրության բովանդակությունից պարզ չէր, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել` ռուսական բազայո՞ւմ, թե հանգստի սենյակում: Իրականում դեպքը տեղի է ունեցել Երևանում` սահմանապահ վարչության շենքում», – հայտարարում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի իրավապահ մարմիններն այս դեպքի հետ որևէ առնչություն չունեն, և հարուցված քրեական գործի քննությունն ամբողջությամբ գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:
«Սա նշանակում է, որ այն ենթակա չէ որևէ վերահսկողության Հայաստանի իշխանությունների կողմից, չնայած որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, և հաղորդագրությունը տարածել է ՀՀ ոստիկանությունը: Ըստ ՀՀ օրենսդրության, տեղի իրավապահ մարմինները պետք է իրականացնեն քրեական գործի վարույթն այնտեղ, որտեղ կատարվել է դեպքը: Այսինքն խախտվում է ՀՀ օրենսդրությունը և ստացվում է, որ ՀՀ ոստիկանությունը չի կարող իրականացնել օրենքով սահմանված իր լիազորությունները», – ասում է իրավապաշտպանը:
Նրա խոսքով, ռուսական բազայի հետ կապված առաջին լուրջ մտահոգությունն առաջացել է վրաց-ռուսական պատերազմի օրերին, երբ Հայաստանից ռուսական ինքնաթիռներ էին թռել ու ռմբակոծել Վրաստանի Մառնեուլիի շրջանը:
«Այն ժամանակ Պնախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նման բան տեղի չի ունեցել, սակայն նա այդ մասին խոսեց առանց որևէ հիմնավորման ու ապացույցի: Այսինքն, ըստ էության ռուսական բազան դարձել է անվերահսկելի մի կառույց, որը ոտնահարում է ոչ միայն քաղաքացիների իրավունքները, այլև պետության ամբողջականությունն ու դրա հետ կապված լուրջ խնդիրներ կան»,- իր մտահոգությունն է հայտնում Սաքունցը`օրինակ բերելով իրեն դիմած Գյումրիի քաղաքացիների և ռուսական բազայի հետ առնչության մտահոգիչ մի օրինակ:
«Մեզ դիմել են Գյումրիի քաղաքացիներ, որոնց խոշոր եղջրավոր 57 անասուններին անարգել ու ապօրինի անցկացրել են սահմանն ու տարել դեպի Թուրքիա: Փաստորեն, ապօրինաբար հատում են սահմանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կամ դատախազությունը քննությամբ հիմնավորում է դա, իսկ ռուսական կողմը քննություն է կատարում և չի հայտնաբերում կատարողներին: Սրա հետ կապված մի եզրակացություն կարելի է անել, որ իրապես ռուսական բազան իր գործառույթը հայ-թուրքական սահմանի պահպանության առումով չի կատարում, և դա միֆ է, որ իբր Հայաստանի անվտանգության երաշխիքն է հանդիսանում: Ինչպես կարող է անվտանգության երաշխիք հանդիսանա մի բազա, որը չի կարողանում վերահսկել սահմանը և մաքսանենգ ճանապարհով ապրանքներ է տանում»:
Իրավապաշտպանը ենթադրում է, որ այստեղ խառն է նաև ռուսական զինվորականության մատը, քանի որ առանց նրանց հովանավորության սահմանը հնարավոր չի լինի անցնել:
«Մյուս կողմից, հանցագործություն է կատարվում ՀՀ քաղաքացու ունեցվածքի նկատմամբ, որին մասնակից են ռուսական բազայի զինվորականությունը, և վերստին այն քննության ենթակա չէ: Ստացվում է, որ դարձյալ կոծկվում է հանցագործությունը: Այսինքն, պետք է լուրջ հարց բարձրացվի ռուսական բազայի հետ կապված, որը մեր բյուջեի միջոցներով պահվում է, սակայն իր գործառույթը չի կատարում», – ասում է Արթուր Սաքունցը` համոզմունք հայտնելով, որ ռուսական բազայի նկատմամբ անվերապահորեն վերահսկողություն պիտի սահմանվի ՀՀ իշխանությունների կողմից:
«Եթե պետությունը լիազորել է մեկ այլ պետության իր տարածքում ինչ որ գործառույթ իրականացնելու, դա չի նշանակում, որ իր պատասխանատվությունն իր քաղաքացիների նկատմամբ վերացել է: Նա շարունակում է այդ պատասխանատվությունը կրել և չի կարող քաղաքական, աշխարհաքաղաքական կամ մեկ այլ նկատառումով այդ անպատասխանատվությունը ներկայացվի, հիմնավորվի կամ բացատրվի: Ռուսական բազան մի թեմա է, որին մշտապես պետք է անդրադառնալ», – ասում է նա:
Իրավապաշտպանն առաջ է քաշում աշխատանքից ապօրինի ազատվածների հետ կապված խնդիրները.
«Երբ մարդիկ պայմանագրային աշխատանքի են ներգրավված ռուսական բազայում, բայց նրանց ապօրինի աշխատանքից հեռացնում են, մեր քաղաքացին դարձյալ իրավական պաշտպանության մեխանիզմներից զրկված է, որովհետև ինքը գտնվում է անորոշության մեջ. ո՞ւմ դատի տա` ռուսական կողմի՞ն, թե ՀՀ իշխանությանը, որը լիազորել է այդ կառույցին իր տարածքում գործունեություն իրականացնել», – հարցնում է Սաքունցը:
Այսպիսի դեպքերն արտացոլված են դատարանների վճիռներում, ինչի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատանքից ապօրինի ազատման վերաբերյալ դատավճիռներում դատարանը չի կարողանում պատասխանատվության հստակ որոշում կայացնել:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/right40223.html