Գեներալներին ազատազրկելը` զորահավաքը խթանող ազդակ
00:00, October 27, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՊարզվում է` բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու ամենալավ խթաններից մեկը իրավախախտ գեներալներին բռնելն է:
Արդեն սկսվել է աշնանային զորակոչը, եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը իր չաղ, լավ ու բախտավոր տեսքով միշտ դրան համապատասխան զեկույց է ներկայացնում նախարարին, թե զորակոչի պլանավորման աշխատանքները կատարվել եւ կատարվում են բարձր մակարդակով:
Բայց զորակոչիկների, զինծառայողների ծնողները, լրագրողներն ու իրավապաշտպանները, ովքեր հետեւում են բանակում կատարվող դեպքերին ու զորակոչային գործընթացին, խիստ թերահավատությամբ են ընդունում ԳՇ պետի եւ զորահավաքային վարչության պատասխանատուների նման հավաստիացումները: Նույնիսկ ոլորտի պատասխանատուները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ զորակոչիկների շրջանում գերակշռում են վնասվածքաբանական հիվանդությունները, որոնցից են ողնաշարի դեֆորմացիաները, հարթաթաթությունը եւ կրծքավանդակի դեֆորմացիաները, ինչից էլ բխում են սրտային եւ թոքային հիվանդությունները: Ուստի այս տարի բանակի զորակազմը համալրելը շատ ավելի բարդ խնդիր է լինելու, քանի որ բանակ են զորակոչվում սոցիալական ծանր պայմաններում` պատերազմական տարիներին, երկրաշարժից հետո, ցուրտ ու մութ տարիներին ծնված երեխաները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով, զորակոչային տարիքի երիտասարդների մեծ մասը առողջական խնդիրներ ունի: Նա մի քանի խնդիրներ առանձնացրեց. նախ` բժշկական հետազոտության եզրակացությունը չի տրամադրվում զորակոչիկին, որպեսզի նա հնարավորություն ունենա բողոքարկելու այն: Բացի դա, հատկապես հեռավոր մարզերում բուժհաստատությունները տեխնիկական համապատասխան ապահովվածություն չունեն, որպեսզի զորակոչիկն ամբողջական, համալիր բուժզննում անցնի, եւ պարզվի նրա առողջական իրական վիճակը: Եթե դրան էլ հավելենք երիտասարդի` սոցիալապես վատ վիճակում գտնվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՌԲՀ) ներկայանալու համար, պատկերն ավելի պարզ է դառնում. զորակոչիկին չեն տալիս համապատասխան գումար` ճանապարհածախս, սննդի եւ Երեւանում բուժզննման ընթացքում մնալու համար: Եվ մի մասը, փաստորեն, առանց բուժհետազոտման կամ ոչ լիարժեք բուժզննման է զորակոչվում բանակ: Այսինքն` նաեւ պետական ոչ բարեխիղճ մոտեցման արդյունքում են ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ զորակոչիկները ներթափանցում զինված ուժեր: Իսկ սուբյեկտիվ մոտեցման պարագայում ԿՌԲՀ-ն տալիս է զորակոչիկի` միայն տվյալ պահի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, եւ եթե առողջական ինչ-ինչ խնդիրների, հիվանդությունների մասին էլ նշում է, չի հստակեցնում, թե տվյալ դեպքում ապագա զինվորի համար ծանրաբեռնվածության ինչպիսի աստիճան է թույլատրելի: Դա թողնվում է զինկոմիսարի, զորամասի հրամանատարության եւ բուժծառայության ղեկավարի հայեցողությանը: Ըստ իրավապաշտպանի` չկան նորմատիվներ, թե որ հիվանդության դեպքում ինչ ծանրաբեռնվածության ծառայություն պետք է իրականացնի զինվորը: Արթուր Սաքունցի փոխանցմամբ, մտահոգության տեղիք է տալիս նաեւ այն, որ որեւէ լուծում չի ստանում բանակում առողջությունը մասնակի կամ ամբողջությամբ կորցրած երիտասարդների փոխհատուցման խնդիրը, նախնական զինպատրաստության դասընթացներում ապագա զինվորներին չեն սովորեցնում իրենց իրավունքներն ու պարտականությունները, այսինքն` կիրթ զինվոր այս երկրին պետք չէ: Եվ, ի վերջո, հստակ չէ, թե ի՞նչ չափանիշներով են որոշում` ում պետք է տանեն ԼՂՀ, ում` ՀՀ, ինչի արդյունքում շատ պաշտոնյաների երեխաներ ծառայությունն անցկացնում են ՀՀ-ում կամ ձեւականորեն (իրականում տանը): Ի դեպ, մեր տեղեկություններով, եթե նախկինում առաջին «պրիզիվները» ԼՂՀ էին ուղարկում, այս անգամ հակառակն են արել` ՀՀ զորամասեր են ուղարկել:
Որ բանակը մեզ համար ամենաթանկ բանն է եւ բարոյահոգեբանական մթնոլորտը լրջորեն բարեփոխելու կարիք կա` անվիճելի է, քանի որ շատ երիտասարդներ պարզապես նախընտրում են ազատազրկվել` թեկուզ կրոնական համոզմունքների համար կամ պատրվակով, քան ծառայել հայոց բանակում: Այսօր ազատազրկման վայրերում մոտ 80 «խղճի ազատության պատանդ» կա, եւ նրանք, պաշտպանված լինելով միջազգային Կոնվենցիաների անվան տակ, շատ ավելի ապահով են զգում ՔԿՀ-ում, քան բանակում: Ցավոք: Իհարկե, նրանցից մեկը` Վահան Բայաթյանը, ով Հայաստանի բանակում ծառայելուց հրաժարվելու պատճառով գրեթե մեկ տարի անցկացրել էր բանտում, դիմել էր Ստրասբուրգի դատարան` կրոնական համոզմունքների հիմնավորմամբ ծառայությունից հրաժարվելու հիմքով, մերժում էր ստացել ՄԻԵԴ-ից: Եվրադատարանը որոշումը կայացրել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության` հաշվի առնելով, որ նրա բանակ զորակոչվելու ժամանակ (2001թ.) Հայաստանը չի ունեցել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենք եւ դեռ չէր վավերացրել ՄԻԵ կոնվենցիան (վավերացվել է 2002թ. ապրիլին): Այսինքն` դրանից ոգեւորվելու առիթ չկա: Փոխարենը, բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնելու շատ ավելի արդյունավետ քայլ է դիտվել ԳՇ պետի որդու հետ մտերիմ հարաբերություններ ունեցած եւ նրա ենթակայության տակ գտնվող` Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատարներից Վարդան Մարտիրոսյանի եւ Արա Կարապետյանի վերջին օրերի ձերբակալությունը: Նրանք կասկածվում են զինվորներից եւ սպայակազմի անդամներից դրամ շորթելու մեջ: Այդ դուետից տուժած սպա Նարեկ Այվազյանի մայրը մեզ հիշեցրեց. «Ասում էի, չէ՞, որ դրանք դաստով են դատվելու, մի օր արդարություն է լինելու: Հիմա տեսնում եք: Միայն թե Աստված տա, որ դրանք իսկապես իրենց պատիժը կրեն»: Զորակոչիկներից մեկի մայրն էլ այդ կապակցությամբ նշեց. «Ավելի լավ է գոնե մի անգամ ուժեղ մեկին պատժեն, քան հարյուրավոր թույլերի, որպեսզի մնացած կաշառակերներն ու դրամաշորթներն էլ վախենան: Սպասում ենք, թե երբ են էդ հրեահպատակ Խաչատուրովներին (Յուրի Խաչատուրովի կինը հրեա է) դուրս շպրտելու զինված ուժերից»: Իհարկե, միայն այդ դեպքը բավարար չէ բանակը առողջացնելու համար, այն պետք է շարունակական լինի, որպեսզի խաղաղ պայմաններում նույնիսկ 1 զինվորի մահ չլինի: 2007-ին այդ թիվը եղել է 41, մինչդեռ դա ընդհանրապես բացառել է պետք, որովհետեւ բանակից թանկ բան մենք չունենք, եւ գեներալը ոչինչ է առանց լավ զինվորի:
Աղբյուրը` http://www.zhamanak.com/article/16458/