Ոստիկանական մաֆիա
00:00, October 26, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած Վահան Խալաֆյանի գործով հոկտեմբերի 25-ի նիստում մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրողներից Հարություն Հարությունյանը, ով լիարժեքորեն ապացուցված համարեց ներկայացված մեղադրանքը և իր ճառն ավարտեց դատարանից պահանջելով 8 տարվա ազատազրկման դատապարտել քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանին:
Մյուս ոստիկանների համար մեղադրող կողմը մեղմ պատիժ էր սահմանել` պայմանական ազատազրկում`որպես ծանրացուցիչ հանգամանք դիտելով մասնագիտական երդումը խախտելը:
Հիշեցնենք, Աշոտ Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետևանք, այն է` հասցրել է ինքնասպանության: Քրեական հետախուզության նախկին պետը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դատարանում բազմիցս հայտարարել է, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ:
Մեղադրողն իր ճառում անդրադարձավ տուժող կողմի այն «ակնարկներին», թե Վահան Խալաֆյանին սպանել են ոստիկանությունում և նրա սպանության մեջ մեղավոր են ամբաստանյալի աթոռին դեռևս չհայտնված այլ ոստիկաններ, մասնավորապես հիշատակելով Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանի անունը, ով քրեական պատասխանատվության չի ենթարկվում:
«Ներկա գտնվողներից որևէ մեկը թող կոնկրետ մատնանշի այն անժխտելի ապացույցը, որը վկայում է, որ Խալաֆյանին ոստիկանները դիտավորությամբ սպանել են», իր արտասանած ճառում հարցադրում արեց մեղադրող Հարությունյանը:
«Տոնոյանն առնվազն չի կանխել Վահանի հանդեպ խոշտանգումները: Նրա մոտ փողն ու ընչաքաղցությունը ավելի բարձր արժեք են, քան բարոյականությունը», իր պատասխան ճառում շեշտեց տուժողի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանը:
Ընդգծելով երեք օպեր լիազորների անգործությունը, ում ներկայությամբ, իբր, Վահանը ինքնասպանություն է գործել, տուժողի իրավահաջորդը նրանց անվանեց «պասիվ դիտորդներ»:
«Գագիկ Ղազարյան և Գարիկ Դավթյան, դուք ոչ թե օպեր աշխատողներ եք, այլ ստաժավոր պասիվ դիտորդներ: Հանցագործների հետ շփման փորձ ունեցող երեք ոստիկաններ թույլ տվեցին Վահանի հետ այդպես վարվել»:
Ինչ վերաբերում է Մորիս Հայրապետյանին, Հմայակ Խալաֆյանը նրան բնորոշեց որպես սիցիլիական մաֆիայի անդամի. «Նա չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Աշոտ Հարությունյանը նրան մեղադրեց, որ դանակը տեսել է նրա ձեռքում»: Այնուհետև տուժողի իրավահաջորդն անդրադարձավ Աշոտ Հարությունյանին.
«Դու այնքան տղամարդկություն ու վճռականություն չունեցար խաղարկելու քո կարևոր հաղթաթուղթը, այն է` խոստացար կոնկրետ անուններ տալ, որը լույս կսփռեր Վահանի առեղծվածային մահվան հանգամանքների վրա»:
Տուժողի իրավահաջորդի ճառում ուշագրավ մի դիտարկում կար, որ ապրիլի 13-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված Նորայր Չիլյանին և Արայիկ Առաքելյանին թույլ են տվել անարգել լքել հանրապետությունը, այն դեպքում, երբ նրանք «Վահանի սպանության գործում կարևոր վկաներ էին», հայտարարեց Հմայակ Խալաֆյանը` ենթադրություն անելով, որ ոստիկանների և նրանց միջև հանրապետությունից հեռանալու համաձայնություն է ձեռք բերվել:
«Սա դիտարկում եմ որպես հովանավորչության վառ օրինակ», ասաց Խալաֆյանը:
Մեղադրողն իր ճառում անդրադարձավ նաև Աշոտ Հարությունյանի նախաքննական ցուցմունքներից տարբերվող, դատաքննության ընթացքում նրա կողմից հնչեցրած հայտարարություններին: Մեղադրող կողմի համոզմամբ, քրեական հետախուզության բաժնի նախկին պետը նման հայտարարություններով փորձել է «համակրանքի» արժանանալ:
Մեղադրական ճառում տեղ էին գտել նաև սպանության վարկածը հերքող այսպիսի հիմնավորումներ` «Ոստիկանության բաժին բերված անձին սպանելու որևէ պատճառի կամ մեխանիզմի առկայության մասին գեթ մեկ ապացույց քրեական գործով ձեռք չի բերվել», իսկ «տարբեր անձանց շրջանակում շրջանառվող նման մտքերը» մեղադրող Հարությունյանը որակեց որպես «երևակայության արդյունք»:
Հաջորդ դատական նիստում ճառով հանդես կգան Վահան Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը և Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանին այսօր անդրադարձ եղավ ոչ միայն դատարանի դահլիճում, այլև դրա ավարտից հետո:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/armsrc/right40036.html
Ժաննա Ալեքսանյան