Անակնկալ` ԵԽ ֆորումի ժամանակ
00:00, October 20, 2010 | Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարումԱշխատանքային քննարկումները «Հանուն ժողովրդավարության ապագայի» ԵԽ ֆորումի ժամանակ երեկ բավական հետաքրքիր ընթացք ստացան:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան ներկայացնող Արթուր Սաքունցը եւ Նատալյա Մարտիրոսյանը, որոնց, որպես այլախոհների, սկզբում թույլ չէին տալիս մասնակցել ֆորումի աշխատանքներին, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լիովին փոխեցին ֆորումի աշխատանքային 2-րդ խմբի քննարկումների առանցքը: «Անհրաժե՞շտ է ունենալ «ժողովրդավարության իրավունք» թեմայով քննարկման ժամանակ, երբ մասնակիցները ժողովրդավարության գլոբալ հարցերից էին խոսում, 3 «այլախոհները» ձայն խնդրեցին:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ անհրաժեշտ է հասկանալ հետեւյալը` կա 1 մարտահրավեր, այն է` հենց ԵԽ-ում կա պետություն, որն իր արժեքային համակարգով լիովին հակասում է այն հիմնարար արժեքներին, որ ԵԽ-ն որդեգրել է ձեւավորման օրից: Այդ պետությունը, ըստ Սաքունցի, ՌԴ-ն է եւ նրա արբանյակ հետխորհրդային մի շարք պետություններ:
«ԵԽ-ն չի ուզում հարաբերություններ փչացնել ՌԴ-ի հետ, մենք զոհ ենք գնում ժողովրդավարության, մարդու իրավունքների տեսանկյունից: ԵԽ-ն չունի մեխանիզմ` արդյունավետ ազդելու մի պետության վրա, որը չի կատարում ԵԴ որոշումները, իր արժեքային համակարգով ժողովրդավարական չէ, եւ դրա հետեւանքով ԵԽ-ի ներսում ստեղծվում է մի նոր ակումբ` ավտորիտար ռեժիմների երկրների ակումբ, եւ դա շատ նման է մինչֆաշիստական Գերմանիայի կանխման փուլին, երբ ֆորմալ ժողովրդավարության մեխանիզմներով ծայրահեղ ռադիկալ կամ հակամարդկային կուսակցությունը գալիս է իշխանության: ԵԽ-ն լուրջ վտանգ ունի, երբ կարող է մի փուլի հասնել, որտեղ գերակշռություն վերցնեն ավտորիտար ռեժիմ ունեցող երկրները»,- հայտարարեց Սաքունցը: Նա նշեց, որ ամեն ընտրությունից առաջ ՀՀ-ում վստահված անձանց, հանձնաժողովների անդամների դասընթացներ են կազմակերպվում եւ ԸՕ-ում փոփոխություններ անում, բայց ամեն անգամ ավելի խայտառակ ընտրություններ են անցկացվում: Ըստ Սաքունցի, ԵԽ-ն պետք է լուրջ մեխանիզմներ կիրառի Հայաստանի եւ նրա նման երկրների հանդեպ, ընդհուպ մինչեւ անդամության կասեցում, հեռացում, քաղաքական, տնտեսական պատժամիջոցներ: «Որովհետեւ դուք` հիմնադիր անդամ երկրներով, հնարավորություն եք տալիս սնուցելու կոռուպցիան, ձեր անտարբերությամբ հնարավորություն եք տալիս դիկտատուրան խորացնելու: Այն պիկետը (նկատի ունի ՀԱԿ-ի երեկվա ակցիան.-հեղ.), որ հիմա կա, դա կենսունակության նշան չէ, դա ճիչի նշան է, որ ԵԽ անդամ երկրում կան քաղբանտարկյալներ: Ո՞նց կարելի է դա հանդուրժել»,- եզրափակեց Սաքունցը:
Նատալյա Մարտիրոսյանը իր հերթին նշեց. «Եթե մի երկիր, որտեղ եղել է մարտի 1, դրանից 2,5 տարի է անցել, 10 զոհ ունենք, ոչ մի քայլ չի արվել` սպանությունների հեղինակներին բացահայտելու եւ պատժելու համար…
Չեմ կարծում, որ ձեր երկրում նման բան կլիներ»:
Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն միանշանակ քաղաքական մարմին է եւ քաղաքական որոշումներ է կայացնում, փոխանակ իրապես կատարի իր առաքելությունը: «10 տարի է անցել, ինչ ՀՀ-ն ԵԽ-ին անդամակցում է, եւ այս տարիների ընթացքում մենք չենք կարող արձանագրել 1 քայլ առաջ: Ավելին, մենք ունենք հերթական ընտրություններից հետո 10 զոհ, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում, երբ մտցվեց արտակարգ դրություն, ՀՀ զինված ուժերը օգտագործվեցին խաղաղ ցուցարարների դեմ, թեպետ այդ մասին խոսվեց, բայց մինչ օրս չկա դրա պատասխանը եւ պատժամիջոցները: Ինչպե՞ս սա կարելի է գնահատել 1 քայլ առաջ: Ես կխնդրեի, որ ԵԽ-ն իրապես օգտագործի իր կարողությունները եւ այդ դեպքում մենք իրապես կկարողանանք 1 քայլ առաջ գնալ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Քննարկման ընթացքում ԵԽ ներկայացուցիչները եկան այն եզրահանգման, որ չի կարելի նման երկրին անդամությունից զրկել, քանի որ այդ դեպքում իրենք ամբողջությամբ կկորցնեն վերահսկողությունը տվյալ երկրի վրա:
Աղբյուրը` http://www.armtimes.com/18624