Տոնոյանի մասին դեռ չեն խոսում
00:00, October 13, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մակյանն այսօր հայտարարել է Խալաֆյանի գործով դատաքննության ավարտը: Հոկտեմբերի 25-ին, հաջորդ դատական նիստում կողմերը հանդես կգան մեղադրական ու պաշտպանական ճառերով:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` 24 ամյա Վահան Խալաֆյանը ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց ժամեր անց ինքնասպանություն էր գործել` դանակի երկու հարված հասցնելով ինքն իրեն:
Խալաֆյանի հարազատները պնդում են, որ իրենց որդուն սպանել են և դատարանում ինքնասպանության վարկածը չի հաստատվում: «Դատարանում քննվեց միայն պաշտոնական վարկածը, ինչի հետ մենք համաձայն չենք ի սկզբանե», իր համոզմունքը պնդում է տուժողի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանը:
Դատաբժշկական փորձաքննությամբ սակայն հաստատվել էր, որ մինչ ինքնասպանություն գործելը Խալաֆյանը խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:
Այսօրվա դատական նիստում որպես վկա դատարան հրավիրված դատաբժիշկ Գագիկ Հարությունյանը համոզված հայտարարել է, թե Վահան Խալաֆյանը կարող էր ինքնասպանություն գործել` ինքն իրեն դանակի երկու հարված հասցնելով:
«Իսկ ինչու ոստիկանությունում», դատաբժշկին հարց է ուղղել ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը:
«Երկու վնասվածք, որոնցից մեկը խորն ա, մյուսը խորը չի, այդ ոչ խորը մարմնական վնասվածքը բնորոշում է մարդուն ինքն իր կողմից վնասվածք հասցնելը: Մարդն, ի վերջո, իրեն վնասվածք պատճառելու պահին խորը գնալու հասկացողությունը շատ լավ հասկանում է` ինչ է նշանակում: Սրանից էլ ավելի շատ մարմնական վնասվածքներ են լինում», բացատրել է դատաբժիշկը` օրինակ բերելով իր պրակտիկայից, երբ մարդն ինքն իրեն 22 անգամ է վնասել:
Մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել է հարցաքննել չորս ամբաստանյալներից երեքին` Աշոտ Հարությունյանին, Գագիկ Ղազարյանին և Գարիկ Դավթյանին` շրջանցելով գործով անցնող չորրորդ ամբաստանյալին` Մորիս Հայրապետյանին: Հիշեցնենք, որ վերջինիս ցուցմունքների հիման վրա է կալանավորվել և մեղադրանք առաջադրվել Աշոտ Հարությունյանին, ով սակայն իր մեղքը չի ընդունել: Ավելին, իր ցուցմունքներում մի քանի անգամ հայտարարել է, որ դանակը Մորիսի ձեռքում է տեսել, ինչին ամբողջ դատաքննության ընթացքում չի արձագանքել Մորիս Հայրապետյանը: Դատաքննության ընթացքում դատավոր Մակյանը պարբերաբար հիշեցնում էր, որ Մորիս Հայրապետյանը կարող է օգտվել իր` ցուցմունք չտալու հնարավորությունից: Փաստորեն, Մորիս Հայրապետյանն այդպես էլ արեց և դատավարության ավարտին այդպես էլ որևէ պարզաբանում չտվեց Աշոտ Հարությունյանի կողմից հնչեցրած մեղադրանքներին:
«Աշոտ Հարությունյանը թող բարի լինի` ինքը ցուցմունքներ տա, աջակցի, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե ինչ է կատարվել»,- դատարանում այսօր հայտարարել է մեղադրող Կորյուն Փիլոյանը:
Ի պատասխան Աշոտ Հարությունյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ գործը կոծկվում է. «Էն, ինչում դուք ինձ մեղադրում եք, ամբողջությամբ սուտ է, ինձ նման հայտարարության համար հիմք է հանդիսացել տուժողի ներկայացուցչի միջնորդությունը քննչական փորձարարության հետ կապված, իսկ այստեղ այդ միջնորդությունը մերժվեց»,- ասել է Հարությունյանը:
«Խոսեք այն, ինչը որ իրականությունն է»,- դիմելով Աշոտ Հարությունյանին` ասել է մեղադրող Փիլոյանը:
Աշոտ Հարությունյանը ևս մեկ անգամ պնդել է, որ Վահան Խալաֆյանն ինքնասպանություն չի գործել. «Իսկ դուք ինձ մեղադրում եք այն բանում, որ իբր ես նրան հասցրել եմ ինքնասպանության: Դրանով դուք ինձ սարքում եք քավության նոխազ, բոլորդ խուսափում եք մի բանից, որ հանկարծ ու հանկարծ չպարզվի, որ ոստիկանությունում հնարավոր ա ինքնասպանություն եղած չլինի»,- հակադարձել է Հարությունյանը:
Վահան Խալաֆյանի իրավահաջորդ Հմայակ Խալաֆյանը հարց է ուղղել Աշոտ Հարությունյանին, թե ի վերջո Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը «այս գործով էական դերակատարություն ունեցել է, թե ոչ»:
«Այս պահին ասելիք չունեմ, բայց դա չի նշանակում, որ ես ընդհանրապես ասելու ոչ մի բան չունեմ ու դրանով ես չեմ բերում մտցնում Տոնոյանին կամ հանում: Ես ընդհանուր եմ ասում»,- երկիմաստ պատասխան է տվել Հարությունյանը:
Դատական նիստի ընդմիջմանը Աշոտ Հարությունյանի հայրը որդուն կոչ է արել չվախենալ և դատարանում ներկայացնել դեպքի իրական մանրամասները:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country39587.html
Ժաննա Ալեքսանյան