Այդ դեպքում ո՞վ է սպանել
00:00, October 13, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՉարենցավանի ոստիկանության բաժնից մահացած դուրս բերված Վահան Խալաֆյանի քրեական գործով մի շարք հետաքրքիր բացահայտումներ են եղել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացել է նրա գործով դատավարությունը:
Հրապարակվել են դեպքի օրը ոստիկանության աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հեռախոսազրույցների վերծանումները, ըստ դրանց` Վահան Խալաֆյանին չէր կարող սպանել քրեական գործով անցնող ոստիկանության աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը:
Վահան Խալաֆյանի իրավահաջորդների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ Աշոտ Հարությունյանի նախաքննության ընթացքում եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ լուրջ հակասություններ կան, որոնց նպատակահարմար է գտնում անդրադառնալ իր ճառում:
Դատարանն այսօր լսել է նաեւ Վահան Խալաֆյանի դին դատաբժշկական փորձաքննության ենթարկած փորձագետին, որի ցուցմունքների համաձայն` նախքան դանակի հարված ստանալը Խալաֆյանը գլխին հարվածներ է ստացել:
Դատավարության ընթացքում Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, թե իրականում Վահան Խալաֆյանը ինքնասպանություն չի գործել, սակայն ով է սպանել Խալաֆյանին, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը չի հայտնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանը ոստիկանություն է տարվել գողության կասկածանքով, սակայն այնտեղից դուրս է բերվել նրա դին:
Խալաֆյանի սպանության գործով որպես ամբաստանյալ անցնում են 4 ոստիկան` Աշոտ Հարությունյանը, Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը, սակայն Խալաֆյանի հարազատները կարծում են, որ իրենց որդուն սպանողը նույնիսկ չի հայտնվել ամբաստանյալի աթոռին:
Աղբյուրը` http://www.a1plus.am/am/social/2010/10/13/vahan-khalafyan