Ինչո՞ւ է լռում օմբուդսմենը
00:00, October 1, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՎերջին մի քանի ամիսներին բանակում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը` կասկածելի ինքնասպանությունները, սպանություններն ու զինվորների հանդեպ բռնությունները, իրենց վրա են բեւեռել հասարակական գրեթե բոլոր ինստիտուտների ուշադրությունը` դառնալով ե՛ւ մամուլի, ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ հասարակության քննարկումների թեման:
Եվ չնայած տեղի ունեցած դեպքերին, այդ ամենի հանդեպ որեւէ հրապարակային արձագանք չեղավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի կողմից: Վերջինս առ այսօր որեւէ հայտարարություն, որեւէ տեսակետ չի հայտնել բանակում տեղի ունեցած միջադեպերից ոչ մեկի կապակցությամբ: Մինչդեռ բանակն այն ոլորտն է, որտեղ մարդու իրավունքների խախտումները գրեթե համատարած են, եւ որպես մարդու իրավունքների պաշտպան` նա պարտավոր էր արձագանքելու: Առավել եւս, որ բանակում նման երեւույթները դարձել են համատարած:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, այժմ` ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է անպայման անդրադառնա այդ երեւույթներին: Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման ժամանակ բանակը մշտապես գտնվել է օմբուդսմենի ուշադրության կենտրոնում: «Ես այն ժամանակ մտցրել եմ առանց զգուշացումների, անակնկալ զորամասեր այցելելու պրակտիկա: Ընդ որում` մենք արձագանքում էինք բանակից եկած նաեւ այն բողոքներին, որոնք եղել են անանուն: Դուք գիտեք, որ մարդու իրավունքների պաշտպանը օրենքով իրավունք ունի նաեւ չանդրադառնալու անանուն դիմումներին: Սակայն ես կարծում եմ, որ մանավանդ բանակի դեպքում նման դիմումներին պետք է ընթացք տալ, դրանք հաշվի առնել: Այսինքն` մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այստեղ անելիքներ ունի», – հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմենը: Նա կարծում է, որ հասարակական կազմակերպություններն էլ իրենց հերթին պետք է միասնական ձայն բարձրացնեն այդ երեւույթների դեմ:
Ինքը` մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, թե ՊՆ-ի առջեւ իրենք բարձրացնում են հարցերը, բայց երբ տեսնում են, որ պատկան մարմինները զբաղվում են խնդիրներով, իրենք համարում են անելիքն ավարտված: «Մենք ընդամենը կարող ենք արձագանքել, երբ համարում ենք, որ խնդիր կա, բայց պատկան մարմիններն անուշադրության են մատնում այդ խնդիրները: Իսկ եթե պատկան մարմինները զբաղվում են, մենք այստեղ անելիք չունենք: Օմբուդսմենն ընդամենը մոնիտորինգ անող, գնացող, խնդիրը նայող, բացահայտող, հանրությանը, համապատասխան պատկան մարմնին ներկայացնողն է: Եվ եթե պատկան մարմինները զբաղվում են, մենք անելիք չունենք, այլ հետեւում ենք զարգացումներին», – մեկնաբանեց Արմեն Հարությունյանը: Փաստորեն, դատելով բանակի թեմայի վերաբերյալ օմբուդսմենի լռությունից, կարելի է ենթադրել, որ իրենք բավարարված են ՊՆ-ի իրականացրած քայլերով: «Պաշտպանության նախարարության դեպքում, այո՛, քանի որ սա այն եզակի մարմիններից է, որ երբ հարց ենք բարձրացրել, նախարարի մակարդակով է եղել արձագանքը մեր բարձրացրած խնդիրների նկատմամբ», – ասաց Արմեն Հարությունյանը: Ի դեպ, օմբուդսմենը տեղեկացրեց նաեւ, որ իրենք ընդամենը երկու շաբաթ առաջ են այցելել համապատասխան զորամաս: Իսկ արդյունքները, Հարությունյանի խոսքերով, կներկայացնեն արդեն ՄԻՊ տարեկան զեկույցում: Թեեւ նկատենք, որ մարդու իրավունքների պաշտպանի կայքի` «այցելություններ» բաժնում զորամաս վերջին այցելություն նշված է. «2009 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ նրա` ռազմական եւ զինծառայողների հարցերով խորհրդական Ռ.Մախմուդյանը եւ արագ արձագանքման հարցերով պատասխանատու Ա.Մաշինյանն այցելել են Կոտայքի մարզի Լուսակերտ եւ Բալահովիտ համայնքներում տեղակայված զորամասեր»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, թե վերջին ամիսներին զինված ուժերում գրանցված մահացության մեծ թիվը, ոչ համարժեք նախաքննության իրականացումը ենթադրում էր արտահերթ զեկույցի հրապարակում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այնպես, ինչպես նա արեց ոստիկանությունում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ: «Սակայն այս դանդաղկոտությունը պետք է համարել անհասկանալի կամ որոշակի զիջում ՊՆ-ին ու այն փորձագետների կարծիքին, որ բանակի մասին պետք է խոսել կամ միայն լավ, կամ ոչինչ: Սակայն օմբուդսմենն իրավունք չունի լռելու», – ասաց պարոն Սաքունցը: Ըստ նրա` եթե օմբուդսմենը արտահերթ զեկույց էլ չհրապարակեր, ապա պետք է գոնե իր դիրքորոշումն արտահայտեր կատարված դեպքերի վերաբերյալ ու որոշակի պահանջներ ներկայացներ պետական գերատեսչություններին: Ինչ վերաբերում է Արմեն Հարությունյանի պնդումներին, որ եթե պատկան մարմինները զբաղվում են այդ հարցերով, իրենք այլեւս անելիք չունեն, Սաքունցը հակադարձեց, որ ոստիկանությունն էլ այդ տրամաբանությամբ քայլեր անում էր, բայց դա չխանգարեց, որ նրանց վերաբերյալ Հարությունյանն արտահերթ զեկույց անի: «Կարեւոր է, որ որպես օմբուդսմենի ինստիտուտ` նա իր մտահոգությունները հայտնի», – ասաց Սաքունցը:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/16158/