Կառավարությունը գերանդին ձե՞ռքն է առել
00:00, September 23, 2010 | Մամլո հաղորդագրություններՀասարակական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող տեսչություն ստեղծելու մասին կառավարության որոշումը անակնկալ էր ՀԿ-ների համար:
Այսօր ԱԺ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հասարակական կազմակերպությունների եւ Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ մեկտեղ քննարկեց նոր տեսչություն ստեղծելու մասին կառավարության որոշումը:
Հանրային խորհրդի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանի համար կառավարության որոշումը նշանակում է «գերանդին ձեռքը մտնել ծլարձակող դաշտ»: Նրա կարծիքով կառավարությունը ճիշտ կաներ նախ ՀԿ-ների զարգացմանը աջակցող տեսչություն ստեղծեր, եւ հետո նրանց վերահսկեր:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ուսումնասիրելով կառավարության որոշումը, եկել է համոզման. «Այս որոշմամբ կառավարությունը փորձում է մեզ դարձնել ավելի վերահսկելի: Որոշումը թույլ է տալիս ինչ-որ 10-րդական ակտ չկատարելու համար ցանկացած պահի կասեցնել հասարակական կազմակերպության գործունեությունը»:
Իրավապաշտպանը նաեւ գտնում է, որ կառավարությունը ստեղծում է տեսչություն, որի լիազորությունները սահմանված չեն օրենքով, այսինքն հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին:
Այսօրվա քննարկմանը ներկա էր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որի կարծիքով` այսօր Հայաստանին պակասում է ոչ թե հասարակական կազմակերպությունների, այլ ստեղծագործական միությունների մասին օրենքը:
«Հայաստանում գործում են 4 հազարից ավելի հասարակական կազմակերպություններ, իսկ ստեղծագործական կազմակերպությունները ընդամենը 7-ն են: Մենք այն հենասյուներն ենք, որոնք այս երկրին տալիս են բարգավաճում»,- ասաց պարոն Աղամյանը:
«Ստեղծագործողների միության մասին» օրենքի նախագիծը պատրաստ է, եւ Նկարիչների միության նախագահը խոստացավ, որ այն շատ շուտով կդնեն քննարկման:
Աղբյուրը` http://www.a1plus.am/am/social/2010/09/23/sakunts-aghamyan