100 տոկոսով Ալիկ Սարգսյան
00:00, September 18, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կրկին հայտնվել է արենայում և կրկին հայտարարում է, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել. «Իմ խորին վերջնական համոզմամբ` դա ինքնասպանություն», երեկ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Ալիկ Սարգսյանը:
Ոստիկանապետի այս ելույթը սպասելի էր և այն շատ չուշացավ: Դատաքննությունը մոտենում է իր ավարտին և ժամանակն է, որպեսզի նա ամրացնի իր ղեկավարած գերատեսչության առաջ քաշած ինքնասպանության վարկածը` միաժամանակ ճնշում գործադրելով դատարանի վրա` «իր խորին վերջնական համոզմունքը» ներկայացնելով որպես վերջնական ճշմարտություն ու դատական ելք:
Ոստիկանապետն իր կարճ հարցազրույցում բազմիցս նշում ու պնդում է, որ կատարվածն ինքնասպանություն է: «Տոկոսայինով չասեմ, ամեն դեպքում դա հարյուր տոկոս է, վերջնական համոզմամբ` դա ինքնասպանություն է»:
Եթե հիշում եք, նույն պաթոսով ոստիկանապետը պնդում էր, որ Խալաֆյանին ոստիկանությունում չեն խոշտանգել ու նույն ոգևորությամբ պնդեց երկու անգամ: Համոզիչ լինելու համար ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս անգամ հանդես է գալիս բարձր ինքնագնահատականով` վկայակոչելով իր պրոֆեսիոնալ հատկությունները:
«Իմ երկարատեւ փորձը ոստիկանությունում և այն հմտությունները, որ ես ձեռք եմ բերել… հասկացել եմ ինչ է կատարվում ոստիկանությունում, ինչ ասել է հանցագործության դեպք բացահայտել, ինչ ասել է բերման ենթարկված մարդ…» :
Միակ կասկածը, որ ունի ոստիկանապետը ինքնասպանության հարցում, հետևյալն է. «Միգուցե դրդել են նրան ինքնասպանության, միգուցե ճնշում եղել է: Ես դա արդեն չեմ հերքում»:
Ոստիկանապետի առաջ բերած վարկածի հիմնավորումն ամենապարզագույնն է, եթե չասենք ամենապարզունակը` «որովհետեւ ոստիկանության բաժիններում մարդ չեն սպանում,- բացատրում է քաջարի գեներալն ու հարցնում,- Չեն բերում 10 հոգով մարդուն ներկայացնում բաժին, որից հետո էլ սպանում են: Նպատակը կասե՞ք… Միգուցե մի անգամ մեկդ մեկնաբանի՞` պատճառը ո՞րն էր Խալաֆյանին սպանելու»:
Այս հարցերի պատասխանն ի պաշտոնե պարտվոր է տալ ոստիկանապետը: Նույն հաջողությամբ նա մի օր էլ հանրությունից բացատրություն ու պատասխան է պահանջելու, թե ինչու են մարդկանց խոշտանգում ոստիկանության բաժիններում:
Անդրադառնալով Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ Աշոտ Հարությունյանի դատարանում արված հայտարարություններին, ոստիկանապետը ստանձնում է դատարանի կամ վերահսկողությունն իրականացնող դատախազության դերը.
«Դատաքննության ընթացքում ամեն տեսակի հայտարարություններ լինում են, մարդիկ փորձում են դատապաշտպանների խորհրդով տարբեր հայտարարություններ անել, ես ճիշտն ասած դրան կարևորություն չեմ տալիս, որովհետև կան դատաբժշկական փորձաքննություններ, մանրամասն ինքնասպանության հետ կապված ներկայացվել են քննչական մարմինների կողմից համապատասխան պարզաբանումներ… միայն անհիմն հայտարարություններ անելը, ենթադրություններով առաջնորդվելով որևէ արդյունք տալ չի կարող», դատավարության ընթացքին գնահատական է տալիս ոստիկանապետը:
Ամենատեղին հարցը, որ պետք է տրվի ոստիկանապետին այս հայտարարությունների համար, հետեւյալն է` պարոն ոստիկանապետ, բայց դո՞ւք ով եք: Դուք դատավարության կո՞ղմ եք: Ինչո՞ւ եք դատավարության նախօրեին հանդես գալիս նման հայտարարություններով: Այլ բան, քան այն, որ ոստիկանապետն ուղղակիորեն միջամտում է ու փորձում է ուղղորդել դատական գործընթացը, մտածել չես կարող: Ասում է, թե չի հավատում ու թերհավատորեն է մոտենում Աշոտ Հարությունյանի հայտարարություններին:
Հետաքրքիր է իմանալ, իսկ երբ Աշոտ Հարությունյան աշխատում էր իր ղեկավարած համակարգում, հավատո՞ւմ էր նրան: Ակնհայտ է, որ դատավարության նախօրեին ոստիկանապետն իր հայտարարություններով փորձում է կանխել Հարությունյանի` հանցագործության բացահայտմանն ուղղված հերթական սենսացիոն հայտարարությունը: Փաստորեն, ոստիկանապետը բաց տեքստով ասում է. «ինչ էլ ասես, ես դրան կարևորություն չեմ տալու»:
Աշոտ Հարությունյանի հարազատները բազմիցս հայտարարել են, որ իրենց որդուն սպառնում են` մատնանշելով ոստիկանության Հրազդանի բաժինը և այլն: Ոստիկանապետի այս ելույթը ևս կարելի է դիտել սպառնալիքի համատեքստում:
Ի գիտություն ոստիկանապետի ասենք, որ դատարանում Աշոտ Հարությունյանի հայտարարություններին ի պատասխան որևէ փաստարկներ չեն բերվել ու չեն հերքվել նրա տված ցուցմունքները Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, որոնք ավելի քան խոսուն են և պարզորոշ ցույց են տալիս Չարենցավանի ոստիկանության իրական դեմքը:
Դատավարության ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ ոստիկանության բոլոր աշխատակիցներն իրենց կցկտուր ցուցմունքներով փորձում են թաքցնել ինչ որ մեկին, և պարզորոշ երևում է, թե ով կարող է լինել այդ մեկը: Այդ մեկը Աշոտ Հարությունյանը չէ: Պարզ է, թե ինչու է ոստիկանապետը որոշել դատավարության ավարտին հստակեցնել իր դիրքորոշումն` ակնհայտորեն հովանավորելով նույն այդ մեկին, ում թաքցնելն արդեն ուշացած է: