Ներիշխանական փորձաքար
00:00, September 4, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՄինչ հասարակական-քաղաքական դաշտի զգալի մասի ուշադրությունը բեւեռված է արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին եւ քննարկումներ են գնում ներքաղաքական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ, բավական հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում ներքին կյանքում, որոնք կարող են ոչ պակաս ազդեցիկ լինել ներքաղաքական հարթության վրա:
Մասնավորապես խոսքը վերաբերում է Չարենցավանի ոստիկանությունում ընթացիկ տարվա ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությանը, որն այս օրերին ընթանում է Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնի է, 24-ամյա Վահան Խալաֆյանին բերման էին ենթարկել գողության կասկածանքով, եւ մի քանի ժամ անց ոստիկանությունից դուրս էր բերվել նրա դիակը: Դեպքի հենց հաջորդ օրը ասուլիս տված ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վստահաբար հայտարարեց, որ Վահան Խալաֆյանի հանդեպ բռնություն չի կիրառվել, իսկ մահը ինքնասպանություն է: Հետագայում քննություն իրականացնող Հատուկ քննչական ծառայությունը մասամբ ժխտեց Ալիկ Սարգսյանի վարկածը` հայտարարելով, որ Վահան Խալաֆյանի հանդեպ կիրառվել է բռնություն եւ դրա համար պատասխանատվության կանչելով Չարենցավանի ոստիկանության աշխատակիցներին: Սակայն ինքնասպանության վարկածը, որ դեպքի հենց հաջորդ օրը աներկբա առաջ էր քաշել Ալիկ Սարգսյանը, ընդ որում` դեռ առանց որեւէ նախաքննական աշխատանքի, պահվեց մինչեւ դատավարություն: Նույնիսկ «նշանակվեց» գլխավոր մեղադրյալ` Չարենցավանի ոստիկանության աշխատակից Աշոտ Հարությունյան, որն իբր Վահան Խալաֆյանի հանդեպ բռնություն է կիրառել ու հասցրել ինքնասպանության: Սակայն դատական գործի ընթացքում տեղի ունեցավ բավական անակնկալ, աղմկոտ զարգացում, եւ Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ Վահան Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել, որ նրան սպանել են: Աշոտ Հարությունյանը դեռ խոստանում է էլի խոսել ու նոր բաներ ասել:
Ինչպիսի՞ն կլինի իրադարձությունների հետագա ընթացքը` ասելը բավական բարդ է, բայց արդեն իսկ տեղի ունեցած զարգացումներն ինքնին բավական բարդ վիճակ են ստեղծել իշխանության համար, ինչը կարող է առաջացնել ցայտնոտային վիճակ եւ ստիպել գնալ ռադիկալ քայլերի` կամ Աշոտ Հարությունյանի հանդեպ` լռեցնելու համար նրա մերկացնող կամ այդպիսի սպառնալիք պարունակող խոսքը, կամ էլ` նրա խոսքի հիման վրա քանդելու ինքնասպանության վարկածն ու այդպիսով առնվազն բարոյական լուրջ հարված հասցնելու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ում կարելի է համարել այդ վարկածի «հեղինակ», քանի որ նա առաջինն էր, որ վստահաբար հայտարարեց ինքնասպանության մասին: Իսկ այդ բարոյական հարվածից հետո, թերեւս, իշխանությանը կմնա նաեւ այլեւս առարկայացնել այն եւ պաշտոնանկ անել Ալիկ Սարգսյանին, թեեւ մեծ հաշվով, եթե պարզվի, որ Վահան Խալաֆյանին սպանել են, այդ դեպքում Ալիկ Սարգսյանը պետք է, թերեւս, ինքը դիմի հրաժարականի քայլին: Ամբողջ խնդիրը, սակայն, այժմ այն է, թե ինչպե՞ս կզարգանա իրադրությունը դատարանում: Աշոտ Հարությունյանն ու նրա հարազատները արդեն իսկ հստակ ակնարկել են, որ իրենց որդին ասելիք ունի, եւ այդ կապակցությամբ իրենք վախենում են, որ նրա կյանքին բանտում կարող է վտանգ սպառնալ: Աշոտ Հարությունյանի խափանման միջոց է ընտրված կալանքը, եւ նա անազատության մեջ է այժմ:
Կա՞, արդյոք, իրականում մահվան սպառնալիք, թե՞ պարզապես Հարությունյանն ու հարազատները ապահովագրում են իրենց: Կրկին դժվար է միարժեք ասել: Համենայնդեպս, դժվար է պատկերացնել, որ արդեն իսկ բավական աղմուկ հանած գործի ընթացքում իշխանությունը թույլ տա եւս մի սկանդալային սպանություն, թեկուզ նույն «ինքնասպանության» ձեռագրով: Իշխանության ինչի՞ն է դա պետք, եթե դրանով աղմուկն ավելի մեծ է լինելու եւ իշխանության վրա ընկած ստվերն ավելի սեւ է լինելու: Իսկ այսպես ստվերի վտանգը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի վրա է, եւ թերեւս իշխանության համար այդ ուղղությունը կարող է շատ ավելի նախընտրելի լինել, առավել եւս, որ դրա պարագայում կա նույնիսկ որոշակի քարոզչական դիվիդենտ վաստակելու հնարավորություն, երբ իշխանությունն, ասենք, կարող է ցույց տալ, որ ոստիկանապետի «մունդիրի պատվի» եւ արդարադատության միջեւ ընտրություն է կատարել արդարադատության եւ օրենքի օգտին` զոհելով ոստիկանապետին եւ նրան ազատելով պաշտոնից: Բայց կգնա՞, արդյոք, իշխանությունն այդ քայլին: Կարո՞ղ է, արդյոք, ասենք Սերժ Սարգսյանն իրեն թույլ տալ ոստիկանապետի փոփոխություն ներկայիս ժամանակահատվածում: Այդ առումով շատ բան, թերեւս, կախված է նրանից, թե ոստիկանական համակարգում իրականում ի՞նչ ազդեցություն ունի Ալիկ Սարգսյանը, տիրապետո՞ւմ է, արդյոք, ամբողջ ոստիկանությանը, որքա՞ն է նրա հեղինակությունը համակարգում, ունի՞, արդյոք, այդ տեսանկյունից մրցակիցներ:
Գաղտնիք չէ, որ ոստիկանապետի հավանական փոփոխության մասին շատ է խոսվել վերջին ամիսներին, ու նշվել են կոնկրետ թեկնածուների անուններ` թե՛ համակարգից, թե՛ համակարգից դուրս: Ի վերջո, հիշարժան է, որ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն իր ասուլիսներից մեկում չհերքեց էլ այդ պաշտոնի հանդեպ իր հավակնությունները` ասելով ընդամենը, որ դրա ժամանակը դեռ չի եկել: Այլ կերպ ասած` համակարգում Ալիկ Սարգսյանի ազդեցությունը կարծես թե այդքան էլ միարժեք չէ: Հատկանշական է նաեւ այն, որ հենց ապրիլի 14-ի ասուլիսում, երբ Վահան Խալաֆյանի մահվանից մեկ օր անց Ալիկ Սարգսյանը ավելի վաղ պլանավորած ասուլիս էր տալիս եւ ստիպված էր բացատրություն տալ նաեւ այդ դեպքի կապակցությամբ, նա նաեւ հայտարարեց, որ իրեն որեւէ քաղաքական թիմում չի պատկերացնում, Սերժ Սարգսյանի թիմից բացի: Սակայն հենց դրանից հետո այն, որ Հատուկ քննչական ծառայությունը հերքեց Ալիկ Սարգսյանի այն պնդումը, թե ոչ մի բռնություն չի եղել Վահան Խալաֆյանի հանդեպ` վկայեց, որ Սերժ Սարգսյանն այդքան էլ բարձր չի գնահատել Ալիկ Սարգսյանի նվիրվածության հայտարարությունը: Կամ չի հավատացել, կամ էլ նա չունի ոստիկանապետի նվիրվածության կարիքը, քանի որ համակարգի առումով ունի այլ երաշխիքներ, որ անկախ ոստիկանապետի նվիրվածությունից, համակարգը նվիրված կմնա իրեն: Իսկ այդ նվիրվածությունը Սերժ Սարգսյանին կարող է պետք գալ մի քանի պատճառներով: Թե՛ ընդամենը 1, 5-2 տարի անց ընտրությունների պատճառով, թե՛ նաեւ արտաքին որոշակի բարդ իրողությունների, որոնք կարող են անկանխատեսելի պրոյեկցիա ունենալ ներքին կյանքում, թե՛ նաեւ զուտ ներիշխանական բարդ իրադրության, որը թեկուզ մեղմված, բայցեւայնպես, շարունակվում է նախագահի ընտրությունից երկու եւ կես տարի անց էլ: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին է, որի հնարավոր ակտիվացման մասին խոսակցությունները չեն դադարում: Իսկ դրանք ինքնին բավական են իշխանական համակարգում կենտրոնախույզ միտումներ կամ մտադրություններ առաջացնելու համար:
Ահա այդ ֆոնին էլ բավական հետաքրքրական են դիտվում Վահան Խալաֆյանի գործով դատավարության զարգացումները, որոնք կարող են լուրջ քաղաքական որոշումներ եւ կադրային լուծումներ խթանել ոստիկանության համակարգում: Թեեւ իհարկե, դատելով Հայաստանի իշխանական համակարգի ավանդույթներից եւ նաեւ նախադեպերից, քիչ հավանական է դիտվում, որ իշխանությունը այդ մակարդակում զոհի յուրային պաշտոնյային, ոչ թե արդարադատությունը: Այդուհանդերձ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ օրինակ` երեք տարի առաջ էլ ոստիկանությունում, այն էլ Երեւանում, ոստիկանության գլխավոր շենքում տեղի ունեցավ համանման դեպք, բայց որը չունեցավ այդօրինակ աղմկոտ զարգացում: Խոսքը 2007 թվականի մայիսի 12-ին հարցաքննության համար ոստիկանություն բերված եւ այնտեղից մահացած դուրս բերված Լեւոն Գուլյանի դեպքի մասին է, երբ բավական մեծ ուշադրություն հատկացրին իրավապաշտպան կազմակերպությունները, քաղաքական որոշակի ուշադրություն եղավ, միջազգային փորձագետներ, բայց երեք տարի անց հեռավոր Չարենցավանում տեղի ունեցած դեպքն այսօր առավել աղմկոտ ընթացք է ստանում: Ի՞նչ է փոխվել այժմ: Միայն մարդկանց փոփոխություննե՞րն են առկա, թե՞ կա նաեւ պարզապես իշխանության «կոնստրուկցիայի» փոփոխություն, իրավիճակի փոփոխություն, երբ զգալիորեն սպառվել են հասարակությունից թաքուն գործողություններ կատարելու ռեսուրսները: Համենայնդեպս, փաստն ինքնին հետաքրքրական է: Հարցն այն է, թե արդյո՞ք այդ որոշակի, թեկուզ ընդամենը հարցադրումների տեսքով գոյություն ունեցող «նորություններին» կարող է ավելանալ նաեւ նոր նախադեպ:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15921/