Հիմնական վտանգը Տոնոյանն է
00:00, August 28, 2010 | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՈստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով երեկվա դատական նիստին ներկա էր նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով պատասխանեց մեր հարցերին:
Վերջին երկու դատական նիստերում Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը տվեց ցուցմունքներ, որոնք նախաքննության ընթացքում չէին հնչել: Ինչով եք բացատրում այս հանգամանքը:
Աշոտ Հարությունյանն այսօր այնպիսի դրվագներ մանրամասն նկարագրեց, սկսած աթոռների խառը վիճակից, դմբդմբոցից, Խալաֆյանին պահվող սենյակ մտնելիս, ոստիկանության բաժնից իր բացակայության մասին և Տոնոյանի այդ սենյակում գտնվելու փաստից: Սրանք մանրամասներ են, որոնք հաստատում է այն վարկածը, որ մենք ունեցել ենք ի սկզբանե, որ ինքնասպանություն տեղի չի ունեցել: Այսինքն տեղի են ունեցել բռնություններ և դրա հետ մեկտեղ առկա է սպանության հանգանանքը:
Թե ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Աշոտ Հարությունյանը նախաքննության ընթացքում նման ցուցմունքներ չի տվել պայմանավորված է նրանով, որ այնուամենայնիվ ոստիկանության համակարգի աշխատող է և չի պատկերացրել, որ իրեն կդարձնեն քավության նոխազ: Տեսնելով, որ իրեն դարձնում են քավության նոխազ և արդեն կորցնելու բան չունի, նա ընտրել է իր պաշտպանական ռազմավարությունը:
Հնարավոր համարում եք, որ Ձեր նշած պաշտպանական ռազմավարությունը նպաստի Ոստիկանության Չարենցավանի բաժնում տեղի ունեցած հանցագործության բացահայտմանը:
Դատարանում մենք տեսնում ենք, որ ի հայտ են գալիս հանցագործությունը բացահայտելու նոր հանգամանքներ, իսկ մեր կասկածները, որ նախաքննությունը գնում է կոծկելու ուղղությամբ, ամրապնդվում է: Այսինքն, Աշոտ Հարությունյանի ասածները հակասության մեջ չեն գտնվում այն ամեն ինչի հետ, որի մասին մենք ունենք տարբեր հարցադրումներ:
Այս պահին էլի Աշոտ Հարությունյանը խուսափում է խոսել փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանի մասին: Տոնոյանը, ըստ էության, շատ մեծ ազդեցություն ունի: Կոնկրետ գողության մեջ մեղադրվող Դավիթ Գյուլումյանի գործերով մենք տեղեկություններ ունենք, որ նա կարող է քրեակատարողական հիմնարկի վրայով էլ անցնել և ճնշումներ գործադրել: Եվ այսպիսի հանգամանքներում Աշոտ Հարությունյանի համար ինքնապաշտպանության պահը գալիս է, որ ասի ճշմարտությունը, բայց էլի լրիվ չի ասում:
Ինչն է նրան խանգարում:
Միանշանակ է, որ Աշոտ Հարությունյանը հստակ գիտակցում է, որ ցուցմունքներ տալով Տոնոյանի դեմ` ինքը մեծ ռիսկի է գնում և ինքը միայնակ է մնում: Նա գիտակցում է, որ այն ամեն ինչը, որ նա հիմա ասում է, իր համար որոշակի վտանգներ է պարունակում: Այսինքն, կյանքի վտանգի հետ կապված հարցեր կան: Վտագն ումից որ ակնկալում է, հենց Տոնոյանից է, ուրիշ մեկից նրան վտանգ չի սպասվում: Օպերները Աշոտ Հարությունյանին չեն կարող սպառնալ: Հիմնական վտանգը Տոնոյանն է, ով հովանավորվում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից, հովանավորվում է իրավապահ համակարգի կողմից, հատուկ քննչական ծառայության կողմից, դատախազության կողմից: Ստացվում է, որ Աշոտ Հարությունյանը խուսափում է այն մարդու մասին ճշմարտությունը ասել, որն իրապես սպառնալիք է:
Սակայն, այս դատական նիստից հետո, եթե Աշոտ Հարությունյանի հետ ինչ որ բան պատահի, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ալիկ Սարգսյանի վրա:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ անհապաղ քրեական գործ պետք է հարուցվի, Հատուկ քննչական ծառայության քննիչների նկատմամբ նույնպես: Քրեական գործ պետք է հարուցվի նաև վերահսկող դատախազների նկատմամբ` կեղծ քննություն կատարելու և իրական փաստերը կեղծելու համար: Նրանց, առնվազն, պետք է հեռացնել աշխատանքից և քրեական գործ հարուցել:
Դատավորն ակնահյտորեն ճնշում էր գործադրում Աշոտ Հարությունյանի վրա` սահմանափակում և ոչ տեղին դիտողություններով ընդհատում նրա խոսքը` թույլ չտալով ավելին ասել: Տպավորություն չունեք, որ հակառակ դեպքում, չի բացառվում, լիարժեք ցուցմունք տար:
Չեմ կարծում, եթե ասելու լիներ, ամեն դեպքում կասեր:
Աղբյուրը` http://www.lragir.am/armsrc/country37946.html
Հարցազրուցը` Ժաննա Ալեքսանյանի