Գեներալները փիտում են Սերժ Սարգսյանի չեղած մորուքը
00:00, August 3, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԷլ ինչ սպասես Սերժ Սարգսյանից, երբ նրա գեներալները բացահայտորեն վարկաբեկում են գլխավոր գերագույն հրամանատարին, գլխավոր շտաբի պետը, տիրապետելով երկրի պաշտպանական ողջ ինֆորմացիային, մեկնում է արտերկիր հանգստանալու, կադրեր է նշանակում, որոնց ղեկավարման արդյունքում մենք զինվորներ ենք կորցնում:
Սահմանային հենակետերում զինվորների սպանության դեպքերի հաճախակիացումը հատկապես Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից եւ Չայլուի` հունիսի 18-ի միջադեպից հետո, տպավորություն է ստեղծում, որ դրանք Հայաստանի իշխանությունները միտումնավոր չեն կանխում:
Սույն թվականի հուլիսի 27-ին, Հայաստանի Տավուշի մարզի N զորամասի դիրքերում պայմանագրային զինծառայող, հրաձգային դասակի հրամանատար, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի «ինքնասպանության» հաջորդ օրը` հուլիսի 28-ին ԼՂՀ ՊՆ Մարտունու N զորամասում տեղի ունեցած 6 զինծառայողների` ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադեւոսյանի (Երեւան) եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Սամվելի Հովսեփյանի (Էջմիածին), Անդրանիկ Սարգսի Սարգսյանի (Երեւան), Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանի (Վանաձոր), Արտյոմ Սուրենի Մանասյանի (Չարենցավան), Կարո Շուրիկի Այվազյանի (Երեւան) սպանության դեպքերը հենց հայաստանյան իշխանության հանցավոր անգործության հետեւանքն են, եթե ոչ գործողությունների: Ըստ շրջանառվող վարկածի` 20-ամյա Կարո Այվազյանն է իրեն ամրակցված զենքից գնդակահարել 5 զինծառայողի եւ ինքնասպան եղել, ինչին չեն հավատում տղայի հարազատները: «Ինքնասպանության» վարկածին չեն հավատում նաեւ Արտակ Նազարյանի հարազատները եւ երեւի թե ճիշտ էլ անում են, որովհետեւ զինադադարից հետո բանակում կատարված հարյուրավոր սպանությունների, ինքնասպանությունների ու «դժբախտ» դեպքերի համար բարձրաստիճան ոչ մի պաշտոնյայի տղա պատասխան չի տվել: Եթե ՊՆ որեւէ նախարար, մի քանի կորպուսի հրամանատար, գեներալ ու զորամասի հրամանատար ժամանակին քրեական պատասխանատվության ենթարկվեին, համոզված եմ` դեպքերը գոնե կնվազեին: Իսկ եթե չեն կանխում, ուրեմն դա երեք բացատրություն կարող է ունենալ. բանակի պատասխանատուն եւ գլխավոր գերագույն հրամանատարը կամ հանցագործ են, կամ շահագրգռված են այդ վիճակով, որովհետեւ գործ փակելը կամ դրա համար «դաբրո» տալը փող արժե, կամ լավ գնով գուցե ծախված են ադրբեջանական իշխանություններին եւ նման դեպքեր թույլ տալով ուզում են հայ հասարակությանը ցույց տալ, որ մեր բանակը բարոյա-հոգեբանական լուրջ խնդիր ունի եւ պատրաստ չէ պատերազմի, ուստի ԼՂՀ հարցի զիջման գործում ինչ թուղթ դեմ տան` պիտի ստորագրենք: Կասկածահարույց էր թեկուզ հենց Չայլուի դեպքը, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբն այդպես հեշտությամբ մխրճվել էր հայկական դիրքեր եւ սպանել 5 զինծառայողի, մի քանիսին էլ` վիրավորել:
Գաղտնիք չէ, ՊՆ համակարգում բանակի հրամանատարական հաստիքների նշանակումներով եւ ազատումներով զբաղվում է ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով հիմնականում բանակը համալրում է բարեկամ-ազգականներով` մի կողմ թողնելով երկրի անվտանգության հարցը: Օրինակ Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, ով մինչեւ վերջերս զբաղեցնում էր Արարատի գնդի հրամանատարի պաշտոնը, որի ղեկավարած զորամասում զինվորների հետ կապված սպանության, բռնությունների, գողության եւ ապօրինի կալանքի դեպքեր եղան եւ այժմ գտնվում են դատարաններում, որպես նվեր` հորից ավելի բարձր պաշտոն ստացավ` կորպուսի հրամանատարի տեղակալ, այսինքն` նրա ղեկավարման կեղտոտ մեթոդներն այսուհետ ավելի լայն տարածք կընդգրկեն: Իսկ Յու.Խաչատուրովի քրոջորդին` Ալեքսանդր Թազագուլյանը, ով եղել է Ճամբարակի (Կրասնոսելսկի) գնդի հրամանատար եւ չի կարողացել անգամ դասակ ղեկավարել, քեռի Յուրիկով է վեր-վեր թռչում եւ այժմ թռել ու նշանակվել է Վանաձորի զինկոմիսարի տեղակալ, բայց արդեն քեռուն բողոքել է, թե «փողը քիչ ա»: Իսկ մնացածը Խաչատուրովից պաշտոնը ստանում են նրա սիրած «թիվը» գուշակելուց հետո միայն: Այ, նման կադրերով էլ համալրվում է բանակի հրամկազմը, դրա համար էլ նախկինում դատապարտված կամ հիվանդ երիտասարդներին զորակոչում են բանակ, ինչպես եղել է հուլիսի 28-ի զոհերից մեկի` Կարո Այվազյանի դեպքում: Նրա քեռին` Անուշավան Միքայելյանը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել եւ բռնության հետքեր չեն հայտնաբերվել մարմնի վրա, միայն 1 կրակոցի տեղ է եղել: Մորեղբայրը չի հավատում, որ իր զարմիկն է սպանությունների եւ ինքնասպանության հեղինակը, թեեւ ոչինչ էլ չի բացառում մի պարզ պատճառով` դատվածությունների պատճառով իրավունք չունեին Այվազյանին բանակ զորակոչել: Այվազյանը 2 տարեկանից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ դատվել է 13 տարեկանից, բանտ է նստել եւ նույնիսկ փախուստ կատարել բանտից: Ի վերջո, անցյալ տարի շղթայակապ արտաքսվել է Հայաստան, հայերեն նորմալ չի հասկացել, հայերեն գրել եւ կարդալ չի իմացել: Ու չնայած այս ամենին, Հայաստան ոտք դնելուց 6 ամիս անց ուղարկել են բանակ: «Թղթեր ենք բերել, որ նա դատված է, որ այնտեղ հիվանդանոցում պառկել է` հոգեկան հիվանդ է: Էդ էլ չի անցնում, քանի որ մեջը փող չկա… Ուրեմն, ես որ գնացի Արաբկիրի զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանի մոտ, ասաց` ինձ 4 հազար դոլար փող կբերես-կտաս, ես ձեր երեխային կազատեմ: Հետո դիմեցի դատախազություն, որ փող է ուզել: Բայց ցավոք սրտի, Հայաստանում օրենքները չեն գործում: Դատախազությունն այդ գործը փակեց», -«Ազատությանը» պատմել էր Կարո Այվազյանի պապը` Ջիվան Միքայելյանը:
Գրեթե համոզված ենք, որ նույնիսկ այս աղմկահարույց դեպքից ու պապի հիշեցումից հետո էլ Արմեն Հակոբյանի` կաշառք ուզելու փաստով քրգործին ընթացք չի տրվի: Ցավոք, նաեւ գրեթե համոզված ենք, որ մենք շարունակելու ենք ապրել կաշառակերների ու մարդակերների ստեղծած քաոսում այնքան ժամանակ, քանի դեռ որոշ հաստավզեր շարունակում են Սերժ Սարգսյանի գիրկը նստած նրա չեղած մորուքը փիտել` ցույց տալով, որ Սերժ Սարգսյանը` որպես նախագահ, գոյություն չունի:
Հ. Գ. Ի դեպ, չեն բացառում, որ սահմանային միջադեպերը կարող են ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ ազատագրված տարածքների զիջումների հետ, իհարկե լավ վճարի դիմաց: Ասում են` դրա համար էր Բակո Սահակյանը իր բաժինն ուզելու համար ամիսներ առաջ շրջանառության մեջ դրել Մանվել Գրիգորյանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու հարցը:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/article/15644/