Ազատազրկվածների թիվը աճել է 20%-ով
00:00, July 26, 2010 | Հայտարարություններ | Քրեակատարողական հիմնարկներՄի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
Հայտարարություն
Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ՝ վերջին 1 տարվա ընթացքում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով։ Քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են։ Մասնավորապես քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ։ Օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի, հաճախ նաև մինչև 20 հոգի։ Մահճակալների քանակը չի բավարարում, որի պատճառով ազատազրկվածները քնում են հերթափոխով՝ մի մասը՝ գիշերը, մյուսը՝ ցերեկը։ Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում։
Գերբնակեցման հիմքում ընկած են հետևյալ պատճառները՝ հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից կալանավորում խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածները մեկնաբանելիս (անձնական ազատության իրավունք) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն նշել են, որ կալանավորում խափանման միջոցը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց, այն դեպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացման բնականոն ընթացքը։ Այլ պատճառներից կարելի է նշել նաև այլընտրանքային պատիժների ոչ բավարար կիրառումը, ինչպես նաև վաղաժամկետ ազատման սակավ կիրառումը։ 2009թ.-ի տվյալների համաձայն վաղաժամկետ ազատվել են այդպիսի հնարավորություն ունեցող դատապարտյալների 14%-ը։ Ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան մշակված համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա վաղաժամկետ ազատման հանձնաժողովները կարող են որոշումներ ընդունել։ Բացի այդ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների անդամները, ներկայացնելով գերատեսչություններ, այդ թվում նաև ուժային, առաջնորդվում են գերատեսչական շահով և սուբյեկտիվ գործոններով։
Մարդու իրավունքների զանգվածային խախտումները քրեակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում։
Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ ենք անում իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ։
Կոչ ենք անում քրեական վարույթ իրականցնող մարմիններին, դատական իշխանությանը կալանավորում խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում՝ նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին։
Կոչ ենք անում ՀՀ Վճռաբեկ դատարանին հետևողական լինել կալանավորում խափանման միջոցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունների (որոնք տրվել են Ասլան Ավետիսյանի գործով)՝ որպես նախադեպ կիրառությանը։
Կոչ ենք անում դատական իշխանությանը ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում։
Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ
Միքայել Բաղդասարյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
Լուսինե Հարությունյան
«Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ
Էդմոն Մարուքյան
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդակլան կենտրոն» ՀԿ
Լևոն Ներսիսյան
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
Ավետիք Իշխանյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ԿՀ
Լաուրա Գասպարյան
«Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» ՀԿ
Արթուր Սաքունց
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
Գայանե Շահնազարյան
«Հուսո առագաստ» ՀԿ
Մարատ Դադունց
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
Սուրեն Իսկանդարյան
«Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» ՀԿ
Արայիկ Հարությունյան
«Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ
Գրիգոր Առուստամյան
«Օրենքն և իրավապաշտպանություն» ՀԿ
Թեմիկ Խալափյան
«Տրտու» ՀԿ