Հարուցվել է քրեական գործ
00:00, July 23, 2010 | ՆորություններՈստիկանության Չարենցավանի բաժնում հուլիսի 21-ին քրեական գործ է
հարուցվել հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործով: Նկատենք, որ քրեական գործը հարուցվել է դեպքից շուրջ 50 օր անց և ոչ թե մահվան, այլ` փոքրիկին համադասարանցիների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ` Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Դեպքի հետ կապված հուլիսի 7-ին գլխավոր դատախազություն հաղորդագրություն էր ներկայացրել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Ըստ ամենայնի, հաղորդագրությունն ու իրավապաշտպանների կողմից գործի նկատմամբ հետևողականություն ցուցաբերելը գլխավոր դատախազությանը ստիպել է տեղից շարժվել: Գլխավոր դատախազությունը ոչ միայն վերահսկողություն է սահմանել ծեծի փաստով հարուցված քրեական գործի նկատմամբ, այլև ցուցում է տվել Կոտայքի մարզի դատախազին հետևելու գործի քննության ընթացքին:
Գործով ներգրավվել է նոր քննիչ, ով և տասնամյա Դերենիկի հարազատներին տեղեկացրել է քրեական գործի ընթացքի հետ կապված մանրամասներին:
«Բա դասատուները պատասխանատվության չե՞ն ենթարկվելու»,- հարցրել է Դերենիկի պապը: «Տեսնենք»,- պատասխանել է քննիչը:
Փոքրիկի հարազատներին շատ է մտահոգում «կեղծված դատաբժշկական փորձաքննությունը», որտեղ որպես մահվան պատճառ գրված է «սուր սրտանոթային անբավարարությունը»: Նույն եզրակացության մեջ արձանագրված է նաև կենդանության օրոք տասնամյա Դերենիկ Գասպարյանի քունքին հասցված վնասվածքը, սակայն դատաբժիշկը մահվան հետ պատճառահետևանքային կապը չի տեսել:
Հիշեցնենք, որ դատաբժիշկ, Չարենցավանի հիվանդանոցի ու պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Գառնիկ Սահակյանը Դերենիկի հարազատներին ասել էր` «ուր ուզում եք գնացեք, ում ուզում եք բողոքեք, ես վախենալու բան չունեմ»:
«Ամեն կերպ շրջանցելով փորձում են ուսուցիչներին զերծ պահել կատարվածից: Քրեական գործը պետք է հարուցվեր ոչ թե ծեծի, այլ մահվան փաստի առթիվ», պնդում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով որպես տուժողի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ է հանդես գալիս այս գործով և խոստանում է մինչև վերջ հետամուտ լինել գործի ընթացքին:
Որ քրեական գործը պետք է հարուցվեր մահվան փաստի առթիվ` պնդում են նաև
իրավաբան-փորձագետները, ովքեր տարակուսանք են հայտնում ինչպես
ոստիկանության, այնպես էլ գործի նկատմամբ վերահսկողություն սահմանած
գլխավոր դատախազության վարքագծի նկատմամբ: