Իրավական խորհրդատվություն Լոռու մարզի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի տարածաշրջաններում
00:00, June 5, 20102010 թ. ապրիլ ամսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ալավերդու, Տաշիրի, Ստեփանավանի, Սպիտակի ներկայացուցչություններ իրավական խորհրդատվություն ստանալու համար դիմել են 18 քաղաքացիներ:
6 քաղաքացու խնդրի լուծման կապակցությամբ կազմակերպության կողմից պատրաստվել են համապատասխան գրություններ, մյուս քաղաքացիներին իրավախորհրդատվություն տրամադրվել է բանավոր կարգով:
Այսպես, քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Տաշիրի տարածաշրջան
Սեփականության իրավունք
1. Քաղաքացին ինչպե՞ս կարող է սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի հասցեի հաշվառումից դուրս գրել բնակարանի սեփականատեր չհամարվող, սակայն այդ հասցեում հաշվառված անձին:
Սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակարանի հասցեում հաշվառված անձին հաշվառումից դուրս գրելու համար անհրաժեշտ է գրավոր դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում՝ ուղղված ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին:
Ստեփանավանի տարածաշրջան
Տեղեկատվության ազատության իրավունք
2. Քաղաքացին դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության Ստեփանավանի անձնագրային բաժին ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու և ՀՀ տարածքում հաշվառվելու խնդրանքով: Քաղաքացին ինչպե՞ս կարող է տեղեկատվություն ստանալ դիմումի ընթացքի վերաբերյալ:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում՝ ուղղված ՀՀ նախագահին և ՀՀ ոստիկանապետին՝ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով:
Ընտանեկան իրավունք
3. Ի՞նչ կարգով է կատարվում ամուսնալուծությունը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` եթե առկա է ամուսինների համաձայնությունը, ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում ամուսինների համատեղ դիմումի համաձայն: Ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով՝ ամուսիններից մեկի կողմից հայցադիմում ներկայացնելով դատարան:
Քաղաքացիական իրավունք
4. Քաղաքացու անձնագրի եւ այլ փաստաթղթերի միջեւ առկա է անվան տարբերություն: Քաղաքացին ինչպե՞ս կարող է գործարքներ իրականացնել այդ փաստաթղթերով:
Որպես իրավաբանական նշանակություն ունեցող հանգամանք այդ փաստաթղթերի՝ անձին պատկանելու փաստը կարող է հաստատվել դատական կարգով:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին՝ ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր:
Սեփականության իրավունք
5. Քաղաքացին ինչպե՞ս կարող է ստանալ փոխառությամբ տրված գումարը, եթե առկա է ստացական:
Փոխառությամբ տրված գումարը ստացականում նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում անհրաժեշտ է դիմել դատարան: Ժամկետանց յուրաքանչյուր օրվա նկատմամբ կարող են հաշվարկվել տոկոսներ:
Պատրաստվել է գումարի բռնագանձման մասին հայցադիմում՝ ուղղված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայր:
Քաղաքացիության իրավունք
6. Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել ՀՀ նախագահին՝ կից ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը.
անձնագիրը և դրա պատճենը
35 x 45 մմ չափսի 6 լուսանկար
տեղեկանք առողջական վիճակի մասին
տեղեկանք դատվածության մասին` անձի քաղաքացիության երկրից, իսկ քաղաքացիություն չունենալու դեպքում` ճամփորդական փաստաթուղթ տված երկրից
ծննդյան վկայականը և դրա պատճենը
ամուսնության վկայականը և դրա պատճենը
ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին
իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը
հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը՝ ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ
տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին
քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները:
Սպիտակի տարածաշրջան
Սեփականության իրավունք
7. Քաղաքացին 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով Սպիտակի շրջանի Կաթնաջուր գյուղում կորցրել է բնակարան, սակայն ընդգրկված չէ աղետի հետևանքով բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Համայնքի ծխամատյանում նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանը հաշվառված չի եղել, իսկ բնակարանի փոխհատուցման իրավունքը ՀՀ կառավարության որոշմամբ ծագում է բնակարան ունենալու փաստը հավաստող արխիվային փաստաթղթից:
Միաժամանակ ՀՀ վարչապետի որոշմամբ նմանատիպ կարգավիճակում հայտնված մեկ այլ գյուղի բնակիչներին ընդգրկել են բնակարանի կարիքավորների հերթացուցակում: Քաղաքացին կարո՞ղ է արդյոք ընդգրկվել բնակարանի կարիքավորների հերթացուցակում:
Քաղաքացուն խորհուրդ է տրվել դիմել ՀՀ կառավարություն` միևնույն փաստական հանգամանքների հիմքով նույն վարչարարությունն իրականացնելու խնդրանքով, այսինքն` ՀՀ վարչապետի կողմից կայացվի նոր որոշում տվյալ քաղաքացուն ևս բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկելու համար:
Քաղաքացու համար պատրաստվել է գրություն՝ ուղղված ՀՀ կառավարություն:
8. Ինչպե՞ս կարելի է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե հողամասը և տունը սեփականության իրավունքով ում է պատկանում, եթե կադաստրում նման տեղեկատվություն չկա:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` ուղղված ՀՀ ազգային արխիվ, Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի գյուղապետարան՝ համապատասխան տեղեկատվության ձեռքբերման համար:
9. Փաստացի ամուսնության մեջ գտնվող ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ինչպե՞ս կարող է մյուս ամուսինը ձեռք բերել սեփականության իրավունք:
Անհրաժեշտ է ձեւակերպել առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագիր:
10. Տասը եւ ավելի տարիների ընթացքում օգտագործվող հողամասի նկատմամբ ինչպե՞ս կարելի է օգտագործել սեփականության իրավունքը:
Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
11. Արդյո՞ք աղետի հետեւանքով բնակարանի կարիքավոր ընտանիքը ժառանգությամբ բնակարան ստանալու դեպքում պահպանում է փոխհատուցում ստանալու իրավունքը:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ աղետի հետեւանքով բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված ընտանիքը բնակարանի պայմանների արդյունքում կորցնում է փոխհատուցում ստանալու իրավունքը:
12. Քաղաքացին ինչպե՞ս կարող է պարզել կառուցապատման օրինականությունը:
Անհրաժեշտ է դիմել համայնքի ղեկավարին՝ պարզելու, թե արդյոք տրվել է նման կառուցապատում իրականացնելու թույլտվություն եւ արդյոք տվյալ կառուցապատումը համապատասխանում է քաղաքաշինության նորմերին:
Սպառողների իրավունք
13. Օրենքով սահմանված կարգով ի՞նչ արտոնություններ են նախատեսված աղքատության նպաստ ստացող բաժանորդների համար` ջրաչափ տեղադրելու դեպքում:
“Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները հաստատելու” մասին կառավարության որոշման համաձայն` աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների բնակարանների ջրամատակարարման ներքին ցանցերում ջրաչափական սարքերը պայմանագրային հիմունքներով պետք է տեղադրվեն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչն ինքն է ցանկություն հայտնում իր ուժերով տեղադրելու ջրաչափական սարքը (սարքերը)` 5-ամյա ժամկետում ջրաչափական սարքի արժեքի փոխհատուցման պայմանով:
Վարչական իրավունք
14. Քաղաքացին Սոցիալական ապահովության տարածքային բաժնից ստացել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ակտ, որտեղ հղում է արվում վարչական իրավախախտումների օրենսգրքի հոդվածին, սակայն չի բացատրվում, թե ինչ իրավախախտում է դա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտում նշված հոդվածը նախատեսում է պատասխանատվություն սահմանված կարգով սոցիալական մարմնին հաշվետվություն չներկայացնելու համար:
Գույքային իրավունք
15. Ինչպե՞ս է իրականացվում հարկադիր էլեկտրոնային աճուրդը:
ՀՀ Արդարադատության նախարարի հրամանի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային կայքում: Մասնակցելու ցանկություն ունեցող անձինք գրանցվում են կայքում՝ կատարելով լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար:
Պարտավորական իրավունք
16. Քաղաքացու հայրը 1992 թ. մահացել է, մահվան առիթով բարեկամները, հարեւանները գումար են հավաքել, ստացականով հանձնել մահացողի եղբայրներին՝ պայմանով, որ նրանք մինչեւ մահացողի քառասունքը այդ գումարով պիտի գերեզմանատունը կառուցեն, բայց մինչ օրս ոչ մի աշխատանք չի կատարվել: Քաղցաքացին կարող է արդյո՞ք դատական կարգով պարտավորեցնել գումար վերցնողներին, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները:
Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Պարտավորությունը ենթակա չէ կատարման, քանի որ լրացել է վաղեմության ժամկետը:
Ընտանեկան իրավունք
17. Փաստացի ամուսնության մեջ գտնվող քաղաքացին երեխա է ունեցել, սակայն Սպիտակի ՔԿԱԳ մարմինը երեխայի ծնունդը չի գրանցել, քանի որ երեխայի մայրը գրանցված է Աշտարակ քաղաքում, իսկ երեխան ծնվել է Երեւանում:
“ՔԿԱԳ մասին” օրենքի համաձայն՝ ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:
Ծննդի ակտի գրառման մեջ, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (վարչատարածքային միավորի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):
18. Դատարանի որոշմամբ սահմանվել է 5000 դրամ ալիմենտ, որը սակայն մոտ 10 ամիս չի վճարվել: Ինչպե՞ս կարելի է ստանալ այդ գումարը:
Անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Դատական ակտերի հարկադիր կատարման մարմին՝ դատարանի ուժի մեջ մտած որոշման կատարումը ապահովելու համար: