Դատավորը 6 տարին դարձրեց 7
00:00, January 20, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունքԴատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 7 տարի ազատազրկման դատապարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:
Դատավոր Մարտիրոսյանի վճիռն աննախադեպ էր. փաստորեն նա ավելի խիստ պատիժ պահանջեց Փաշինյանին, քան պահանջել էր մեղադրող կողմը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը Քր. օր 316 հոդվածով Փաշինյանին պահանջել էր ազատազրկման դատապարտել 2,5 տարով, իսկ Քր. օր 225 հոդվածով` 6 տարով:
Մնացական Մարտիրոսյանը այսօր Փաշինյանին անմեղ ճանաչեց Քր. օր. 316 հոդվածով, իսկ Քր.օր 225 հոդվածով մեղադրողի պահանջած 6 տարին դարձրեց 7 տարի: Մնացական Մարտիրոսյանը չհասցրեց ավարտել վճռի հրապարակումը, երբ դատարանի դահլիճից լսվեցին «անամոթ», «դավաճան», «պատվեր կատարող» վանկարկումներ:
Նախքան Նիկոլ Փաշինյանի դատավճռի հրապարակումը այսօր դատարանի բակը շրջապատված էր ոստիկանների բազմությամբ, որոնք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից շատերին այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել դատարան: Հավաքվածներից շատերը հույս ունեին, որ դատավոր Մարտիրոսյանն այնուամենայնիվ արդարացման վճիռ կկայացնի: «Անկեղծ ասաց, հավատում էի, որ մարդ է, խիղճ կունենա, այդքան ծախու չի կարելի լինել: Անմեղ մարդուն դատելը մարդասպանությանը հավասար հանցագործություն է»,- «Ա1+»-ին ասաց Կոնգրեսի համակիր Օֆելյա Մարգարյանը:
Այսօր ընդդիմության առաջնորդներից դատարանում էր նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Հստակ պատվեր կատարվեց: Այսինքն, ամեն գնով ուզում են Փաշինյանին պահել անազատության մեջ: Սա խայտառակ դատավարությունների շղթայի մեկ օղակն էր, իսկ մարտի մեկի իրական մեղավորները դեռ ազատության մեջ»,-ասաց նա: Հունվարի 10-ի թիվ 10 ընտրական տեղամասում ընտրությունների արդյունքները այլ լինելու դեպքում, այսօր Փաշինյանը վճիռը կարո՞ղ էր այլ լինել. «Ա1+»-ի հարցին` պարոն Դեմիրճյանն ասաց. «Ընտրությունների արդյունքներն այլ չէին կարող լինել»:
Փաշինյանին այսօրվա դատավճիռը Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը գնահատեց մեկ արտահայտությամբ` քաղաքական պատվեր:
Նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի համար դատարանի վճիռն անակնկալ չէր. «Մեր երկրում արդարադատություն չկա, դրանք բոլորը քաղաքական որոշումներ են: Սա հերթական անօրինությունն է, հերթական հանցագործությունն է, որի համար անկասկած պատասխան են տալու»:
Այսօր դատարանում էր նաեւ ԿԸՀ-անդամ Զոյա Թադեւոսյանը, որը խոստովանեց, որ արդարացման վճիռ էր սպասում. «Ի վերջո արդար մարդուն դատելը ծանր գործ է: Ես սպասում էի արդարացում, հատկապես երբ առաջին հոդվածով Նիկոլին արդարացրեցին: Բայց դատեցին արդարությունը, արդարադատությունը դատեց արդարությունը, դատեց ազնիվ մարդուն, դատեց մեր պայքարը, դատեց մեր երկրի ապագան, մեր երեխաներին, մեզ բոլորիս դատեց: Այսօր մենք բաց երկնքի տակ ենք, բայց այսօր մեզ բոլորիս դատեցին»,- ասաց տիկին Թադեւոսյանը:
Նիկոլ Փաշինյանի փաստաբանները «Ա1+»-ին հայտնեցին, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը, թեեւ որեւէ ակնկալիք չունեն:
Դատավճռի հրապարակումից հետո մի քանի ժամ Նիկոլ Փաշինյանի համակիրներն ու Կոնգրեսի ներկայացուցիչները դատարանի բակում էին եւ վանկարկում էին. «Սերժիկ հեռացիր», «ամոթ», «մարդասպաններ», «մարդակերներ»: Չնայած անձրեւային եղանակին ոստիկաններին չէր հաջողվում ցրել հավաքվածներին: ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի իր ենթականներին այսօր հրահանգեց պատ կազմել եւ մարդկանց բազմությանը հրելով հեռացնել դատարանից: Հավաքվածները հայտարարեցին, որ դատարանից չեն հեռանա, քանի դեռ Նիկել Փաշինյանին չեն տարել, եւ այդպես էլ արեցին: