ՀՔԱՎԳ-ՈՒՄ ԱՌՆՎԱԶՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԵՆ
00:00, May 6, 2009 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունը արժանացել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարձր գնահատականին:
Այս առթիվ մեր հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի /ՀՔԱՎԳ/ ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ տեղի ունեցածը առնվազն անտրամաբանական է: «Ղամբարյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ նշանակվելուց առաջ Վանաձոր քաղաքի ոստիկանապետն էր ու հենց նրա օրոք Վանաձորում սպանվեց Լոռու մարզի դատախազը: Փաստորեն, դատախազի սպանությունը չբացահայտած մարդու պաշտոնը բարձրացնում են: Բացի այս սպանությունից, Լոռու մարզում կա մոտ 10 չբացահայտված սպանություն, որ պատվիրված սպանության տրամաբանության մեջ տեղավորվում են: Գումարած մարզի ոստիկանության աշխատակիցների կողմից քննությանը խորթ մեթոդների կիրառումը` ծեծ, խոշտանգումներ, քաղաքացիների ապօրինի բերման ենթարկելու, նախատեսվածից երկար ոստիկանության բաժիններում պահելու և նման բազմաթիվ դեպքեր, որոնց մասին մենք անընդհատ ահազանգում ենք: Ի դեպ, մեր ահազանգերի մի մասը հաստատել է հենց ոստիկանությունը: Եվ ամենի առկայության դեպքում Ոստիկանության Լոռու մարզի վարչությանը ճանաչել լավագույնը` նշանակում է հանրությանը ձեռք առնել: Ամենայն հավանականությամբ, սրան պետք է նայել կա’մ անձնական նվիրվածության, կա’մ քաղաքական պատվերի շրջանակներում և ոչ բնավ ոստիկանության` օրենքով սահմանված պարտականությունների կատարման տեսակետից: Եվ սրա մասին հանրությունը պետք է անպայման իմանա»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
«Առավոտ» օրաթերթ
06.05.2009թ.