Ո՞րն է Կիվիրյանին պատժելու նպատակը
00:00, May 1, 2009 | Նորություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԱպրիլի 30-ին` առավոտյան ժամը 5:00-ին, իր տան շքմուտքում 3 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել «Բագին» փաստաբանական ընկերության տնօրեն, նախկին փաստաբան, Armenia today լրատվական գործակալության համակարգող , 37-ամյա Արգիշտի Կիվիրյանը:
Գիշերը շքամուտքում դարանակալված անհայտ անձինք Կիվիրյանի վրա են հարձակվել փայտե բիտաներով և գլխին, որովայնին, դեմքին բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո` կրակել գլխի ուղղությամբ, սակայն վրիպել են. տուժողը հասցրել է բռնել կրակողի ձեռքը: Ամուսնու ձայնից անհանգստացած կինը` փաստաբան Լուսինե Սահակյանը, և հարևանները դուրս են վազել բնակարաններից, սակայն չեն հասցրել տեսնել ծեծողներին, քանի որ մութ է եղել: Պարզապես հարևանները հասցրել են հաշվել ծեծողներին, որոնք անմիջապես դիմել են փախուստի: Ի դեպ, շտապ դեպքի վայր մեկնած Գագիկ Շամշյանը լուսանկարել է դեպքի վայրը, որտեղ առկա է կոտրված կողպեք և կրակված փամփուշտի պարկուճ, որը, սակայն, չի եղել նրա երկրորդ այցելության ժամանակ: Հարազատները Կիվիրյանին տեղափոխել են «Շտապօգնության» հիվանդանոց, որտեղ հրաժարվել են ընդունել, քանի որ գլխավոր բժիշկը քնած է եղել: Այնտեղից տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ կատարվել է գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիկ զննում, և վիճակը գնահատվել է ծանր: Հրազենային վերքեր չկան, սակայն առկա են բիտաների հարվածներից առաջացած բազմաթիվ բաց վերքեր է մարմնի տարբեր մասերում: Այսօր, ինչպես նաև նախօրեին` մայիսի 1-ի հանրահավաքի թռուցիկներ բաժանող երիտասարդների նկատմամբ կատարված դեպքերի առիթով անհանգստություն են հայտնել իրավապաշտպանները, ովքեր պատրաստվում են հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Մինչ այդ մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից:
Ավետիք Իշխանյանը ասաց. «Մեծ ցավ եմ ապրում, մանավանդ որ` շատ մոտ եմ նրա (Կիվիրյանի – Է.Մ.) հետ: Ես ուղղակի շոկի մեջ եմ»: Նրա կարծիքով ` Կիվիրյանի դեպքը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ, մասնավորապես` լրագրողական: Մեր զրույցի պահին պարոն Իշխանյանը փորձում էր ուսումնասիրել Կիվիրյանի` վերջին շրջանի հրապարակումները, որոնց հետ կարող էր կապված լինել այդ միջադեպը, սակայն կայքէջը, ի տարբերություն մյուս օրերի, չէր բացվում: Իսկ Արթուր Սաքունցը, ամբողջացնելով Արգիշտիի, ընդդիմության` թռուցիկ բաժանող երիտասարդների, լրագրողներ Էդիկ Բաղդասարյանի, Գոհար Վեզիրյանի և այլոց նկատմամբ` անցյալ և այս տարի կատարված բռնությունները, հանցագործությունների, ինքնասպանությունների թվի աճը, ասաց, որ ոստիկանությունը, կարելի է ասել, բացարձակ չի կատարում իր լիազորությունները` չի կանխարգելում, չի բացահայտում ու պատժում հանցագործներին: Նպատակը` նման պահվածքի միջոցով բոլորին կառավարելի դարձնելն է, բայց, ըստ իրավապաշտպանի, «չեն էլ կարողանում կառավարելի դարձնել»: Սաքունցը կարծում է, որ այդ միջադեպը առավելապես առնչվում է Կիվիրյանի ընտանիքի փաստաբանական գործունեությանը, քանի որ Արգիշտիի կինը` Լուսինե Սահակյանը, շատ գրագետ և հետևողականորեն զբաղվում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի և նրա եղբոր շահերի պաշտպանությամբ: Զրուցակիցս հնարավոր է համարում, որ Լուսինեին`որպես կին, խնայել են և նրան պատժելու համար հաշվեհարդար են տեսել նրա ամուսնուց: Հարցը դիտարկելով այդ կոնտեքստում` իրավապաշտպանը գտնում է, որ միջադեպը կարող է դաս լինել նաև այն փոքրաթիվ փաստաբանների համար, ովքեր ստանձնել են քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց պաշտպանությունը: Իհարկե, այս վարկածը միանգամայն հիմնավորված է նաև այն առումով, որ քաղբանտարկյալների` Գագիկ և Վարդան Ջհանգիրյանների, Սմբատ Այվազյանի և այլոց իրավունքների դատական պաշտպանությամբ են զբաղվում նաև «Բագին» փաստաբանական գրասենյակի այլ փաստաբաններ, ովքեր մի շարք դիմումներ ուղարկել են Եվրոդատարան, որոնք իրենց հերթին յուրատեսակ «դամակլյան բիտաներ» են Հայաստանի գլխին: Ուստի, չի բացառվում, որ նրանց հենց այս տարբերակով են փորձում հրաժարեցնել սկսած և գուցե մայիսի 1-ից սկսվելիք աղմկահարույց գործերից: Եվ բոլորի աչքը վախեցնելով և անպաշտպան թողնելով` իշխանությունը հույս ունի առավել կառավարելի դարձնել զանգվածները և հեշտությամբ լուծել սեփական աթոռների պահպանման խնդիրը:
Բայց կա Կիվիրյանի դեմ մահափորձի մեկ այլ վարկած ևս, որը տեղավորվում է նրա լրագրողական գործունեության շրջանակում և կապված է արտաքին քաղաքական ուղեգծի հետ: Մեր տեղեկություններով` Armenia today լրատվական գործակալությունը ֆինանսավորվում է ռուսական պետական քաղաքական շրջանակների կողմից, և բնականաբար, իր գործունեության մեջ մտնում է ռուսական շահերի սպասարկումը Հայաստանում: Եթե հաշվի առնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խիստ գաղտնի մոտեցումները առավելապես Արևմուտքի շահերից են բխում, ինչը ենթադրում է նաև Հայաստանի նկատմամբ` Արևմուտքի ազդեցության մեծացում և Ռուսաստանի ազդեցության թուլացում, ապա դժվար չէ կռահել, որ ռուսական իշխանական քարոզչամիջոցները և նախագծերը Հայաստանում որոշ ուժերի համար այլևս դառնում են անցանկալի: Եվ Կիվիրյանի դեպքը առաջինն էր այդ համատեքստում և միայն զգուշացում էր:
Հ.Գ. Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ նման դեպքերից հետո պայքարող զանգվածի մի մասը կճնշվի, կվախենա, իսկ մյուս մասը կարող է ավելի բորբոքվել: Նրա կարծիքով` մենք չպետք է հույսներս Եվրոպայի վրա դնենք, և մնում է միայն ինքնապաշտպանության տարբերակը: