Իրավապաշտպանները պաշտպանության կարիք ունեն
00:00, April 30, 2009 | ՆորություններՆախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 113 կողմ ձայներով ընդունել է «ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի մասին» բանաձև, որը կոչ է անում ԵԽ անդամ երկրներին պաշտպանել իրավապաշտպաններին և կանխել վերջիններիս ֆիզիկական անվտանգությանը, կյանքին ու ազատությանը սպառնացող վտանգները:
ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Հոգեր Հայբախը հանդես է եկել ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի մասին ընդարձակ ու շատ խիստ զեկույցով, որում մասնավորապես նշվում է, թե անդամ երկրներում իրավապաշտպաններին իշխանությունների «օրհնությամբ» հաճախ անվանում են «լրտեսներ», «թշնամիներ», «դավաճաններ», «ծայրահեղականներ», ինչպես նաև մեղադրում այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից ղեկավարվելու մեջ: Հատկանշական է, որ գերմանացի պատգամավորի զեկույցում` որպես իրավապաշտպանների պաշտպանվածության առումով ամենաանբարեհույս երկրներ նշված են Հարավային Կովկասի երկրները, մասնավորապես` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը: «Այս երկրներում իրավապաշտպանները ենթարկվում են ավելի ուժեղ ռեպրեսիաների, այդ թվում և` սպանությունների, առևանգվում են և դատապարտվում կամայական անազատության»,- նշված է զեկույցում:
Սույն բանաձևի առնչությամբ` հետաքրքիր էր իմանալ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների գնահատականը, մասնավորապես` այն որևէ կերպ կնվազեցնի՞ մեր երկրում վերջիններիս նկատմամբ կիրառվող բռնությունները, նրանց գործունեության ուղղությամբ իշխանությունների կողմից հարուցվող խոչընդոտները: Ըստ Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի. «Լավ է, որ նման փաստաթուղթ է ընդունվել, սակայն ես չեմ հավատում, որ մեր իշխանությունները որևէ կերպ կարձագանքեն դրան, ինչպես որ չեն արձագանքել իրենց կողմից վավերացված ԵԽ մյուս փաստաթղթերին: Էլ չենք խոսում այն փաստաթղթերի մասին, որոնք անմիջապես ուղղված են իրենց, և վերջիններս ուղղակի պարտավորված են կատարել դրանցում առկա պահանջները. հենց թեկուզ 1609, 1620, 1643 բանաձևերը»: Պրն Դանիելյանը ասաց նաև. «Որպեսզի իրավապաշտպան կազմակերպությունները նորմալ ու բնականոն աշխատելու հնարավորություն ունենան, հարկավոր է ընդամենը մի բան` ժողովրդավարություն: Իսկ մեր երկրում իշխանությունները չեն շտապում դառնալ այդպիսին: Նրանք պետք է խելամիտ լինեն` հասկանալու համար, որ մեր աշխատանքը ոչ թե վնասում, այլ մեծապես օգնում է իրենց: Իսկ քանի որ այդքան բանն ընկալելու ունակ չեն, մեզ տարբեր պիտակներ են կպցնում, փորձում սևացնել մեզ ու ամեն կերպ խոչընդոտել մեր աշխատանքը»: Հիշեցնենք, որ Մ. Դանիելյանն անցյալ տարի ֆիզիկական բռնության էր ենթարկվել Հայաստանի առաջադիմական կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի կողմից (վերջինս ատրճանակից կրակել էր իրավապաշտպանի վրա), սակայն մինչ օրս բռնարարքի հեղինակը պատասխանատվության չի ենթարկվել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս հավատ չի ընծայում առ այն, որ հիշյալ փաստաթղթի ընդունումը որևէ կերպ կսաստի ՀՀ իշխանություններին` ստիպելով վերջիններիս քայլեր կատարել իրավապաշտպանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Նշենք, որ Ա. Սաքունցը ևս հետապնդումների է ենթարկվել` վերջինս 2003թ. տասնօրյա վարչական կալանքի ենթարկվեց, և միջազգային կազմակերպությունների արձագանքից հետո վերանայվեց վերջինիս նկատմամբ կիրառված սանկցիան: Պրն Սաքունցը որպես իրավապաշտպան գործունեությանը խոչընդոտող հանգամանք հիշատակեց իշխանական մամուլով իրականացվող «ինֆորմացիոն հետապնդումները» ապատեղեկատվությունը: Նաև Մ. Դանիելյանի նկատմամբ կիրառված բռնարարքի առթիվ քրեական գործ չհարուցելը ու օրինախախտին անպատիժ թողնելը: «Մ. Դանիելյանի դեպքը, ինչպես նաև լրագրողների նկատմամբ իրականացվող բռնարարքները, քաղաքական հայացքների համար մարդկանց անազատության դատապարտելը կամ հենց թեկուզ Քոչարյանի` «Հայկական ժամանակին» դատի տալու և այլ աղաղակող փաստերն ինձ որևէ հույս չեն ներշնչում, որ մեր երկրում ԵԽԽՎ որևէ փաստաթուղթ ի վիճակի կլինի իրավիճակ շտկել», ասաց Սաքունցը:
Վերոնշյալ բանաձևի վերաբերյալ հետաքրքիր էր իմանալ նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքը: Վերջինս, ի դեպ, տեղյակ չէր, որ նման բանաձև է ընդունվել և շատ զարմացավ, երբ իմացավ, որ Հայաստանի Հանրապետությունը դրանում ներկայացված է որպես իրավապաշտպանների պաշտպանվածության առումով անբարեհույս երկիր, ուր վերջիններս իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում: Նա ահա թե ինչ ասաց. «ՀՀ-ում լրագրողների նկատմամբ լինում են այդպիսի դեպքեր, բայց առաջին անգամ եմ լսում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնություններ գործադրվեն»: Օրինակ` Միքայել Դանիելյանի նկատմամբ` հիշեցրինք Պետրոսյանին: «Այո, այո դա հանրահայտ փաստ է, – արձագանքեց պատգամավորը` հետաքրքրվելով,- իսկ դրան ընթացք տրվե՞լ է»: Ապա հավելեց. «Եթե ոչ` ապա պետությունը պետք է ուժեղացնի իր վերահսկողական ֆունկցիան, որպեսզի կարողանա բացահայտել այդ հանցագործությունը կատարողներին»: Մեր մյուս հարցին` չարժե՞, արդյոք, իրավապաշտպանների պաշտպանվածության հարցը հոգալ համապատասխան օրենքի ընդունմամբ, հանձնաժողովի փոխնախագահը բառացի ասաց հետևյալը. «Օրենքն էն դեպքում ա ընդունվում, երբ կրկնվում են երևույթները, օրենքը իրենից ներկայացնում ա նույնատիպ երևույթի կրկնություն, որը ֆիքսվում ա որոշակի կանոնով: Քանի որ ՀՀ-ում դրանք բազմաթիվ չեն, կարծում եմ, դրա ժամանակը չի և կարիք չկա այդպիսի առանձին օրենք ընդունել: Պետք է ուղղակի մեր իրավապաhպան մարմինները ուժեղացնեն իրենց գործունեությունը` նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ: Եվ դեռ, քանի որ այդ դեպքերը մասսայական բնույթ չեն կրում, օրենքի ընդունման կարիք չեն տեսնում»: Այսինքն` Պետրոսյանի տրամաբանությամբ` քանի դեռ մեր երկրում իրավապաշտպանները մասսայաբար չեն ծեծվում, խոշտանգվում և հետապնդվում, նրանց պաշտպանելու անհրաժեշտություն էլ չկա: «Կուռ» տրամաբանություն է:
«Ժամանակ» օրաթերթ
30.04.2009թ.