Հաղորդում
00:00, December 8, 2008 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունԻրավապահ մարմնի պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն ապօրինի ազատազրկման մեջ պահելու, նրանից կեղծ ցուցմունքներ կորզելու, նրա նկատմամբ անմարդկային, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ
2008թ-ի դեկտեմբերի 6-ին մեր կազմակերպություն են դիմել Լոռու մարզի Գուգարք համայնքի 13/44 հասցեի բնակիչներ Մերուժան և Անահիտ Հարությունյանները` իրենց որդու` Մհեր Մերուժանի Հարությունյանի իրավունքների պաշտպանության հարցով:
Նույն օրը` դեկտեմբերի 6-ին, Հարությունյանների հետ հանդիպման ժամանակ պարզվեց հետևյալը: 2008թ-ի դեկտեմբերի 5-ին, առավոտյան ժամը 09.00-ին Վանաձորի ոստիկանության Բազումի բաժանմունքի երեք աշխատակիցներ /երկուսը քաղաքացիական համազգեստով, մեկը` ոստիկանական/ այցելել են Հարությունյանների բնակարան: Այդ ժամանակ Հարությունյանները ընտանիքով նախաճաշելիս են եղել և պատրաստվելիս են եղել իրենց որդի Մհեր Հարությունյանին ճանապարհել բանակ:
Ոստիկանության աշխատակիցներից մեկը, որին ճանաչում են Արտյոմ անունով, Մհերին հայտնել է, որ իր հետ կապված հարց չկա, երկու հարց ունեն, դրանց կպատասխանի և վերջ:
Հարությունյանների հարցին` ոստիկանության աշխատակիցը պատասխանել է, որ ինչ-որ մեկը հայտնել է, թե Մհերը եղել է Դավիթի հետ:
Մհերին տեղափոխել են Վանաձորի ոստիկանության Բազումի բաժանմունք` ժամը 09.30-ի սահմաններում: Մ. Հարությունյանը սկզբում գտնվել է Արտյոմի աշխատասենյակում: Վերջինս Մհերին հարցրել է. «Գիտե՞ս ինչի համար ենք քեզ կանչել»: Մհերը պատասխանել է, որ չգիտի: Արտյոմը նշել է, որ խոսքը նույն գյուղի բնակիչ Քարհանյան Դավիդի մասին է, որը ներկայումս ծառայում է բանակում: Այնուհետև Արտյոմը պնդել է, որ Մհերը լավ մտածի, այսինչ օրը, այսինչ ժամին Դավիդը մարդ է խփել դանակով, որին ներկա է եղել նաև Մհերը:
Մհերը պատասխանել է, որ նման բանի ինքը ներկա չի եղել: Դրանից հետո Արտյոմը դուրս է եկել աշխատասենյակից:
Մ. Հարությունյանը Արտյոմի աշխատասենյակում մնացել է մեկից մեկուկես ժամ: Այնուհետև նրան տեղափոխել են մեկ այլ աշխատասենյակ, որտեղ նստած են եղել երկու հոգի: Որոշ ժամանակ անց ներս է մտել մեկ այլ անձ` ուսադիրներով: Սենյակում Մ. Հարությունյանից պահանջել են սեղանի վրա դատարկել իր գրպանների պարունակությունը, իսկ նրանցից մեկը հայտարարել է. «Էս դու ես հա՞ էս պատմության ուստեն»: Այդ ամենը տևել է մոտ 30 րոպե:
Այնուհետև ոստիկանության աշխատակիցները Մ. Հարությունյանի ներկայությամբ ցելոֆանե տոպրակով ուտելիքներ են հանել դարակից և գնացել մեկ այլ տեղ` ուտելու: Մ. Հարությունյանը այս աշխատասենյակում մնացել է ևս մեկ ժամ: Այդ ընթացքում Արտյոմը երկու-երեք անգամ ներս է մտել սենյակ ու ասել. «Լավ մտածի, դու Դավիդի հետ ես եղել»: Մ. Հարությունյանը շարունակել է պնդել, որ ինքը նրա հետ չի եղել:
Եվս 15 րոպե անց Արտյոմը Մ. Հարությունյանին կրկին տարել է իր աշխատասենյակ ու հարցրել. «Ուզու՞մ ես հորդ կանչեմ, զրուցի նրա հետ»: Մ. Հարությունյանը համաձայնել է:
Արտյոմը ներս է հրավիրել Մերուժ Հարությունյանին ու հայտնել. «Կարող ես որդուդ հետ խոսել առանձին կամ մեր ներկայությամբ»:
Հայր ու որդի առանձին զրուցել են մոտ 5 րոպե: Մհերը վերստին հայտնել է հորը, որ ինքը տեղյակ չէ և ներկա չի եղել դանակահարությանը: Նրանց առանձնազրույցից հետո ներս է մտել Արտյոմը և Մերուժ Հարությունյանին հարցրել. «Ի՞նչ որոշեցիք»: Հայրը պատասխանել է, որ որդին պնդում է, որ ինքը ներկա չի եղել և չգիտի»:
Հետո ոստիկանության աշխատակիցը իր աշխատասենյակից դուրս է հրավիրել Մերուժ Հարությունյանին ` հայտարարելով, որ սպասի դրսում` շենքից դուրս:
Արտյոմը ևս մեկ անգամ հարցրել է. «Չորոշեցի՞ր, ի՞նչ ես մտածում»: Մհերը պատասխանել է, որ ինչ գիտի` ասել է: Արտյոմը կրկին դուրս է եկել իր աշխատասենյակից, Մհերը միայնակ մնացել է Արտյոմի աշխատասենյակում` մոտ կես ժամ:
Կես ժամ անց Արտյոմը վերստին մտել է սենյակ և Մ. Հարությունյանին հանձնարարել վերադառնալ մյուս աշխատասենյակ: Այնտեղ Մ. Հարությունյանը միայնակ մնացել է մոտ երկու ժամ: Այդ ընթացքում ևս ոստիկանության աշխատակիցները երբեմն բացել են սենյակի դուռը և նայել ներս: Մ. Հարությունյանը նրանցից խնդրել է թույլ տալ զուգարան գնալ, սակայն նրան միշտ պատասխանել են. «Դրա ժամանակը չէ»:
Ժամը 14.00-14.30-ի սահմաններում բաժանմունք է եկել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Սարգիս Այվազյանը: Ըստ Մ. Հարությունյանի` ոստիկանության աշխատակից Արտյոմը մտել է աշխատասենյակ և Մհերին տարել Սարգիս Այվազյանի աշխատասենյակ: Բարևելուց հետո Ս. Այվազյանը Մհերին առաջարկել է նստել ու հարցրել է. «Դավիդի հետ ես՞ եղել», ինչը Մհերը կրկին հերքել է:
Ս. Այվազյանը հայտարարել է. «Երդվում եմ երեխեքիս արևով` իմ սրբություններով, դու եղել ես դեպքի վայրում»: Մ. Հարությունյանը ևս մեկ անգամ հերքել է այդ փաստը:
Ս. Այվազյանը հարցրել է Մհերին. «Ձերոնց հրաժեշտ ե՞ս տվել, թե՞ ոչ», հետո շարունակել է. «Եթե իմ ասած ձևով չասեցիր, կգնաս գաղութ»: Այնուհետև Արտյոմին հրամայել է. «Ձեռքին ինչ կա, վերցրեք, տարեք կամեռ» /Ժամանակավոր պահման խուց/:
Ս. Այվազյանի աշխատասենյակում Մ. Հարությունյանը գտնվել է ընդհանուր առմամբ 10-15 րոպե:
Կատարելով հրամանը` Արտյոմը Մ. Հարությունյանին տարել է խուց: Նրան խուզարկել են, ապա մտցրել խուց: Այս ամբողջ ընթացքում Մ. Հարությունյանին չեն թույլատրել ո’չ ծխել, ո’չ ուտել և ո’չ էլ ջուր խմել:
Մ. Հարությունյանին խցում պահել են մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում նա լսել է, թե հերթապահությունում ինչպես են բարձրաձայն ասում. «Եթե ճիշտը չասեց, սրան կտանեն գաղութ»:
Ըստ Մ. Հարությունյանի` ինքն անընդատ մտածում էր, թե հիմա բանակ են տանելու, թե՞ գաղութ:
Նա հիշում է, որ խցում գտնվելու ընթացքում իր հայրը բազմիցս փորձել է բաժին մտնել, բայց նրան չեն թողել:
Խցում գտնվելու ընթացքում Մհերը տեսել է, որ հայրը իրենց բարեկամներից մեկի հետ մտել է Ս. Այվազյանի մոտ: Ս. Այվազյանի այն հարցին, թե հայրը որդու հետ խոսե՞լ է գործի մասին, Մերուժ Հարությունյանը պատասխանել է, որ այո, խոսել է, և որդին երդվում է, որ ներկա չի եղել:
Ս. Այվազյանի աշխատասենյակից Մերուժ Հարությունյանի հեռանալուց հետո Արտյոմը Մհերին հանել է խցից ու տեղափոխել Ս. Այվազյանի աշխատասենյակ: Վերջինս կրկին պնդել է. «Իմ ասածն է ճիշտ, կա’մ ընդունում ես, կա’մ գնում ես բանտ»: Այնուհետև ավելացրել է. «Դու ճիշտն ասա, ժամուկեսից ձերոնց հետ կլինես ու բանակին կհասնես»:
Մհերը այդ պահին ստիպված ստել է և հայտարարել, որ եղել է Դավիդի հետ, ինչին Ս. Այվազյանը արձագանքել է. «Հա, բա ինչի՞ չէիր շուտ ասում, դու լավ տղա ես»:
Այնուհետև Ս. Այվազյանը զանգել է քննիչին, իսկ երկու հոգու հրամայել է Մհերին տեղափոխել Արտյոմի աշխատասենյակ:
Քննիչը`Վահե Դոլմազյանը, ժամանել է Բազումի բաժանմունք, որտեղ Մ. Հարությունյանին թելադրել է, թե ինչ պետք է նա գրի: Այս ամենը տևել է ևս մեկուկես ժամ:
Ըստ Մ. Հարությունյանի` արդեն ժամը 18.00-ն էր, երբ ավարտել է ցուցմունք գրելը: Այդ ընթացքում քննիչը պարբերաբար հորդորել է` «Դու գրի, պրոբլեմ չկա»:
Հետո քննիչը, Արտյոմը և վարորդը Մհերին մեքենայով տեղափոխել են այն շենքը, որտեղ վերջիններիս հավաստմամբ տեղի է ունեցել դանակահարությունը:
Ոստիկանության բաժանմունքից Մհերին դուրս բերելու պահին հարազատները հարցրել են, թե ուր են տանում Մհերին: Նրանց պատասխանել են, որ Մհերը 10 րոպեից նրանց մոտ կլինի:
Դեպքի վայր տեղափոխած մեքենան վարորդի հետ հեռացել է, իսկ ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ իրենց տունը մոտ է և հիմա կբերի իր մեքենան:
Ըստ Մ. Հարությունյանի` դեպքի վայր ժամանելու պահին արդեն մութ էր: 20-25 րոպեի ընթացքում չափումներ են կատարել, նկարել հեռախոսով, ինչ-որ թղթեր գրել, հետո կանչել են շենքի բնակիչներից երկուսին, որոնք ստորագրել են այդ թղթերի վրա:
Այդ ընթացքում Մ. Հարությունյանը նկատել է, որ ոստիկանության աշխատակից Արտյոմը բաժնից իր հետ վերցրած ինչ-որ թուղթ է այրում:
Տեղազննությունից հետո Մհեր Հարությունյանին Արտյոմի մեքենայով տեղափոխել են ոստիկանության Վանաձորի բաժին և տարել շենքի երրորդ հարկ` քննչական բաժին` քննիչի աշխատասենյակ:
Կարճ ժամանակ անց ներս է մտել ինչ-որ մեկը և քննիչին հանձնարարել. «Տարոնին մի ձևով կանչեք, ասեք, իբր անձնագիրդ գտել ենք»: Մհերի հավաստմամբ` քննիչը այդ մարդու ներկայությամբ զանգել է Տարոնին և հայտնել, որ գտել են նրա անձնագիրը:
Հեռախոսից լսվել է, որ Տարոնը հայտնել, թե ինքը նոր անձնագիր է հանել: Քննիչը պատասխանել է, որ այլ գործեր էլ կան, ինքը պետք է գա, հետո կգնա: Տարոնը խոսատեցել է 19.30-ին լինել քննիչի մոտ:
Մոտ 15 րոպե անց Տարոնը մտել է քննիչի աշխատասենյակ: Քննիչը նրան հարցրել է. «Ճանաչու՞մ ես Մհերին»: Տարոնը պատասխանել է, որ չի ճանաչում, կյանքում երբևէ նրա հետ առնչություն չի ունեցել: Այդ ժամանակ Տարոնը զանգահարել է իր փաստաբանին:
Մինչ փաստաբանի գալը, քննիչը հարցրել է Մհերին, թե համաձայն է արդյոք Տարոնի գրածի հետ: Մհերը հայտնել է, որ վատ է զգում և խնդրում է թույլատրել, որպեսզի զանգահարի հորը` փաստաբան ներգրավելու համար: Քննիչը ար•ելել է` ավելացնելով. «Հարցերիս կպատասխանես, հետո կտեսնենք»:
Այդ ամբողջ առերեսման ընթացքում քննիչի սենյակում մշտապես գտնվել է ոստիկանության աշխատակից Արտյոմը: Մհերը ստիպված դիմել է նաև Արտյոմին. «Գոնե դու հայտնի հորս, որ փաստաբան բերի»: Այս անգամ ևս նրա խնդրանքը մնացել է անարձագանք:
Երբ քննիչի աշխատասենյակ է մտել Տարոնի փաստաբանը, նրա ներկայությամբ Մհերը կրկին հայտարարել է, որ լավ չի զգում: Փաստաբանի հարցին, թե ինչու՞, Մհերը պատասխանել է, որ ժամը 9-ից մինչև հիմա ոչ ջուր է խմել, ոչ` հաց կերել:
Փաստաբանը հարցրել է, թե ի՞նչ իրավունքով են երիտասարդին պահում, և գրառում է կատարել այդ մասին համապատասխան փաստաթղթում:
Այնուհետև Տարոնը իր փաստաբանի հետ հեռացել է, իսկ Արտյոմը Մհերին հայտնել է, որ գնում են ոմն Իսպիրյանի մոտ:
Մտնելով Իսպիրյանի աշխատասենյակ` վերջինս առաջարկել է նստել: Մհերը տեսել է աթոռին նստած Մելինիեին, որին ճանաչում էր ոչ մոտիկից: Իսպիրյանը հարցրել է Մհերին, թե ճանաչու՞մ է արդյոք Մելինեին: Մհերը պատասխանել է, որ այո, դեմքից գիտի: Իսպիրյանի այն հարցին, թե ինչպես է ճանաչում, Մհերը պատասխանել է. «Մի քանի տարի առաջ մեր կողքի հարևանի տղան սիրում էր Մելինեին»: Իսպիրյանը Մելինեից ճշտել է, թե արդյոք Մհերը ճիշտ է ասում: Մելինեն հաստատել է, որ Մհերը ճիշտ է ասում: Այնուհետև բոլորը` Մհերը, Մելինեն, քննիչը, Արտյոմը Իսպիրյանի հրահանգով տեղափոխվել են քննիչի աշխատասենյակ:
Իր աշխատասենյակում քննիչը Մելինեին հարցրել է, թե ճանաչու՞մ է արդյոք Մհերին: Մելինեն պատասխանել է, որ չի ճանաչում և այս հանգամանքը գրավոր արձանագրվել է: Մինչ քննիչի հարցին պատասխանելը, Մելինեն ցանկացել է անջատել հեռախոսը: Քննիչը Մելինեի ձեռքից վերցրել է հեռախոսը և քարտը հանել հեռախոսից:
Մելինեն բողոքել է, թե ի՞նչ իրավունքով են իրենից վերցնում իր հեռախոսը, ինչին քննիչը չի արձագանքել: Մինչ Մելինեն կգրեր իր բացատրությունը, քննիչը Մհերին հրահանգել է գնալ Իսպիրյանի մոտ:
Իսպիրյանը բարի ծառայություն է մաղթել Մհերին և ասել, որ կարող է գնալ:
Մ. Հարությունյանը Վանաձորի ոստիկանության շենքից դուրս է եկել 2008թ-ի դեկտեմբերի 6-ին, ժամը 23.10-ին:
Հարգելի պարոն գլխավոր դատախազ, այսքանով ավարտում եմ զորակոչիկ Մհեր Հարությունյանի նկատմամբ իրավապահ մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների մանրամասն նկարագրությունը:
Փաստորեն`
1. Մհեր Հարությունյանը 14 ժամ շարունակ գտնվել է ապօրինի անազատության մեջ
2. Նա պահվել է անմարդկային, մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում
3. Մհեր Հարությունյանը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, որոնց ազդեցության տակ հարկադրված է եղել կեղծ ցուցմունք տալ:
Այս բոլոր գործողությունների վերաբերյալ հաղորդում տալով` հուսով եմ, որ ՀՀ դատախազությունը կկարողանա իրականացնել իր լիազորությունները և քրեական պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները կոպտորեն խախտած իրավապահ մարմնի ներկայացուցիչներին:
Հարգանքով
կազմակերպության նախագահ՝ Ա. Սաքունց