Թմրամիջոցների գործածման ապաքրեականացումը չի՞ բերի արդյոք հանցագործությունների թվի աճին
00:00, December 4, 2008 | Նորություններ | Թմրամիջոցներ գործածողներ2008թ դեկտեմբերի 1-ին «Լոռի» հեռուստաընկերության ուղիղ եթերով տեղի ունեցավ «Իրավական աջակցություն թմրամիջոց գործածողներին» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական ուղիղ հեռուստաեթերը:
Եթերի մասնակիցներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
Ա. Սաքունցը ներկայացրեց իրականացվող ծրագիրը, որը հանդիսանում է նախորդ պիլոտային ծրագրի շարունակությունը: Ներկայումս կազմակերպությունը Լոռու մարզի բոլոր քաղաքներում ունի ներկայացուցչություններ, ուր կարող են դիմել քաղաքացիները, այդ թվում և թմրամիջոց գործածողները և ստանալ անվճար իրավական աջակցություն:
Այս ծրագրի շրջանակնեում շարունակվելու է թմրամիջոց գործածողների իրավական պաշտպանության մեխանիզմների ամբողջացումը, ինչպես նաև նախատեսվում է նրանց իրավունքների ուղղակի պաշտպանություն»,-նշեց Ա. Սաքունցը:
Ծրագրի շրջանակներում իրականացվում է թմրամիջոց գործածողների դատավարությունների մոնիթորինգ Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում: Մոնիթորինգի արդյունքում պարզվելու է, թե որքանով է պահպանվում թմրամիջոց գործածողների արդար դատաքննության իրավունքը, կպատրաստվի համապատասխան զեկույց` ուղղված պետական մարմիններին, ինչպես նաև դատական իշխանության վերադաս մարմիններին:
«Մեր կողմից մշակված գործիքներն ու մինչ այժմ ունեցած փորձը կարող ենք ուսուցանել այլ կազմակերպությունների ևս, որպեսզի այդ մեթոդները տարածվեն նաև հանրապետության այլ մարզերում»,-նշեց Արթուր Սաքունցը:
Փաստաբան Կ. Թումանյանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում 2008թ-ի մայիսի 26-ին կատարված փոփոխությունները: Դրանցով թմրամիջոցների գործածումը ապաքրեականացվել է, այսինքն` քրեական պատասխանատվություն ազատազրկման ձևով չի կիրառվում, այլ թմրամիջոցի գործածման համար նշանակվում է վարչական պատասխանատվություն:
Այս փաստի վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով հեռուստադիտողը մտահոգություն հայտնեց, թե արդյոք թմրամիջոցի գործածման ապաքրեականացումը չի նպաստի թմրամոլության ավելի տարածմանը, հետևաբար` հանցագործություների թվի մեծացմանը: Կ. Թումանյանը պատասխանեց, որ թմրամիջոցի գործածման համար անձին ազատազրկման դատապարտվելով` միևնույնն է հնարավոր չէ նրան ուղղել: «Թեև այսօր մեր քրեակատարողական հիմնարկում եվրոպական չափանիշներին համապատասխան որոշակի պայմաններ են ստեղծված, բայց հիվանդ մարդը չի կարող այնտեղ ուղղվել կամ վերադաստիարակվել»:
Երկրորդ հեռուստադիտողը հետաքրքրվում էր, թե արդյո՞ք քրեական օրենսգրքով թմրամոլությունը, որպես բուժման ենթակա հիվանդություն, հստակ սահմանազատված է հանցագործությունից:
Կ. Թումանյանի բացատրությամբ` թմրամիջոցի գործածման փաստը հաստատվում է բժշկի ախտորոշմամբ, ինչը կատարվում է պետական համապատասխան հաստատության կողմից: Արթուր Սաքունցն ավելացրեց, որ պետպատվերի շրջանակներում բուժվող թմրամիջոց գործածող անձանց մասին տեղեկատվությունը մնում է գաղտնի, մինչև իրավապահ մարմինների կողմից հարցում ուղարկվի Առողջապահության նախարարություն: Մինչդեռ, մասնավոր կլինիկաներում բուժման դեպքում անձի տվյալների գաղտնիությունը ամբողջովին երաշխավորվում է:
Հեռուստադիտողից մեկի կարծիքով՝«Երբ մարդն սկսում է թմրամիջոց գործածել, նա չի հասկանում, որ կհայտնվի կախվածության մեջ, իսկ ազատազրկվելով և նա բանտում ոչ միայն չի բուժվում, այլև դառնում է հանցագործ: Ավելի լավ կլիներ հոգեբանը եթերով խոսեր թմրամիջոցի վատ հետևանքների մասին և շատ լինեին նման հաղորդումները:
Մեկ այլ հեռուստադիտող նշեց, որ պետք է տարբեր կանխարգելիչ միջոցառումներ իրականացվեն, որպեսզի մարդիկ չմտնեն թմրամիջոցի գործածման աշխարհը: Այս կապակցությամբ Արթուր Սաքունցը նշեց, որ ներկայումս իրականացվող կանխարգելիչ միջոցառումները բավարար չեն և պետությունը պետք է կանխարգելիչ բնույթի ծրագրեր իրականացնի:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: