Ընկերական այցելություննե՞ր. որոշ վանաձորցիների ոստիկանությունը անսպասելի հարցաքննել է տանը
00:00, December 1, 2008 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՈստիկանների հաճախակի այցելությունները վանաձորցիների տներ քաղաքացիների կողմից դիտվում են որպես իրենց և իրենց ընտանեկան կյանքի մասին ոստիկանության կողմից ինֆորմացիայի հավաքում:
Համենայնդեպս այդպես են որակում այցելությունները տասնյակ վանաձորցիներ, որոնց ընտանիքի անդամները ՀՀՇ ընդդիմադիր կուսակցության անդամ են:
Անցյալ ամսվանից ոստիկանության Վանաձորի բաժնի թաղային տեսուչները, այցելելով ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ էլ իշխանություններին ոչ այնքան հանդուրժող վանաձորցիների տներ, նույնաբովանդակ հարցեր են հնչեցրել:
ՀՀՇ կուսակցության անդամ Արշավիր Ղուկասյանն ասում է, որ իր բնակարան այցելած ոստիկանը հարցնում էր. «Քանի՞ հոգով եք բնակվում, ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվում, կուսակցակա՞ն են, թե՞ չէ, աշխատավարձն ինչքա՞ն է, ի՞նչ գույք կամ էլ բիզնես ունեք և այլն»: Ղուկասյանը նշում է, որ իր բնակարան «հյուրընկալած» ոստիկանը հարևաններին չի այցելել: Նա սահմանափակվել է միայն ՀՀՇ անդամների բնակարաններ այցելությամբ:
Ոստիկանը բացատրել է Ղուկասյանին, թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ճշտումներ են անում բնակիչների գրանցման և փաստացի բնակության վերաբերյալ:
ՀՀՇ անդամ Արմեն Հովհաննիսյանը, որի ընտանիքի անդամներին ևս ոստիկանը նման հարցեր է տվել, ոստիկանության արարքը որակում է ընդդիմադիրների նկատմամբ հերթական ճնշում: Մյուսների նման նա էլ կարծում է, թե նյութեր են հավաքում, որ հարկ եղած դեպքում օգտագործեն իրենց դեմ:
Ոստիկանության կողմից «հարցաքննված» քաղաքացիները դիմելով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱ Վանաձորի գրասենյակ)՝ խնդրել են պարզել տնայցերի նպատակը:
Իրավապաշտպան կազմակերպությունը հարցմամբ դիմելով ոստիկանության Վանաձորի բաժին՝ խնդրել է տեղեկացնել, թե ինչ նպատակ է հետապնդել նման այցելությունները քաղաքացիների տներ, որոնց մեծ մասը մարտի 1-ի գործով ժամանակին բերման ենթարկվածներ են:
Կազմակերպությունը ոստիկանություն 16 մարդու ցուցակ է ներկայացրել, որոնք ընդդիմադիր են ու բողոքում են ոստիկանների այցերից:
Կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ այդ տնայցերն անօրինական են. ոստիկանությունն իրավունք չունի բնակարան այցելելու և հարցեր տալու, եթե չի ներկայացել հարցաքննության կամ այցի վերաբերյալ կոնկրետ փաստաթղթով:
Ոստիկանության Վանաձորի բաժնի պետ գնդապետ Սերգեյ Ավետիսյանը հավաստեց, թե նման տնայցեր են կատարվել տարբեր քաղաքացիների շրջանում՝ պարզապես ճշտելու գրանցվածների ու փաստացի բնակվողների թիվը:
«Քաղաքացիների կողմից շատ դիմումներ ենք ստանում տարբեր բնակարաններում գրանցված, բայց չբնակվող բնակիչների վերաբերյալ, ուստի որոշել էինք ճշտումներ անել»,- ասում է Ավետիսյանը:
Ոստիկանության գնդապետը հավաստեց, թե քաղաքական ենթատեքստ չպետք է փնտրել այցերի մեջ, և որ ընդդիմադիրների շրջանում չեն միայն նման ճշտումներ անցկացրել:
Ավետիսյանը հերքեց իր աշխատողների այն հարցերը, որոնք առնչվում են մարդու անձնական կյանքին, աշխատանքին, գույքին կամ էլ կուսակցական պատկանելությանը:
Ըստ նրա` ոստիկանները հետաքրքրվել են միայն բնակարանում գրանցվածների ու ապրողների թվով:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1211&CID=3271&AID=3416&lng=arm