Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Եվրոպայից
00:00, November 29, 2008 | Նորություններ2008թ. նոյեմբերի 27-ին Վանաձորում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Եվրոպայից» թեմայով: Սեմինարը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի կողմից:
Հանդիպման նպատակն էր` նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գտնել ուղիներ Հարավային Կովկասում ստեղծված հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
Քննարկմանը մասնակցում էին Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Վոլֆգանգ Յոնը, Բեռլինի Ազատ Համալսարանի հետազոտական կենտրոնից Յասեմին Պամուկը, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ուսանողներ, դասախոսներ:
Մասնակիցները համակարծիք էին, որ հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի տարանջատել այլ հարաբերություններից:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավվումը կարեւորվում է նաեւ Թուրքիայի մուտքով Եվրոպայի միություն: Այդ հարաբերություների կարգավորումը Եվրոպայի տեսանկյունից դրական է համարվում: Վոլֆգանգ Յոնը գտնում է, որ տարածաշրջանային զարգացման համար կարեւոր են հետեւյալ 3 գործոնները.
• կայունություն
• ազատ շուկայական հարաբերություններ
• դեմոկրատիա:
Հայ թուրքական սահմանների բացման համար կարևոր նախապայման պետք է լինի Ղարաբաղյան հարցի լուծումը:
«Մենք ռազմատենչ հայտարարություններին դեմ ենք եւ կողմ ենք այն բանին, որ կոնֆլիկտը լուծվի ավելի խելացի ճանապարհով` այն է խաղաղությամբ»,-նշեց Վոլֆգանգ Յոնը:
Քննարկման ժամանակ ներկայացվեց տնտեսական, քաղաքական, մշակութային վիճակը Հարավային Կովկասում: Յասիմին Պամուկը նշեց, որ Եվրոմիության անդամ դառնալու համար կարեւոր չափանիշ է բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ:
Քննարկման վերջում հյուրերի կողմից տրվեցին հարցեր, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տեսակետից: