Դատարանի պահանջով Ոստիկանությունը ստիպված տեղեկատվություն տրամադրեց
00:00, November 22, 2008 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարեց հասարակական կազմակերպության պահանջը՝ ոստիկանությունից ստանալու ծառայողական քննությանն առնչվող փաստաթղթերի պատճենները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ եւ ՀՀ ոստիկանության միջեւ տեղեկություններ ստանալու իրավունքի շուրջ գրեթե մեկ տարվա բանավեճն ավարտվեց վերաքննիչ դատարանում:
Դատարանը որոշեց բավարարել կազմակերպության հայցը՝ Ոստիկանությանը պարտավորեցնելով կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Դեռեւս 2007-ի օգոստոսից կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել Վանաձորի մի խումբ ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ իրականացված խոշտանգումների վերաբերյալ ծառայողական քննության փաստաթղթերի պատճենները: Տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանը զարմացրել էր կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցին:
«Համաձայն ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության կանոնադրության՝ ծառայողական քննության նյութերը հանդիսանում են ներքին օգտագործման փաստաթղթեր եւ այլ մարմինների չեն տրամադրվում»,-պատասխան-նամակում գրել էր ներքին անվտանգության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Գրիգորյանը:
Համաձայն ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, Սաքունցը պատասխան-մերժումը բողոքարկել էր վերադաս մարմիններին՝ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին (արդեն նախկին): Չստանալով պատասխան՝ Սաքունցը դիմել էր դատարան:
Իրավապաշտպանը համոզված էր, որ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը բաց եւ թափանցիկ է, հետեւաբար Ոստիկանության կողմից այն չտրամադրելով՝ խախտվում է օրենքը: Այս հիմնավորմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, վիճարկելով ոստիկանության անգործությունը՝ Սաքունցը փորձում էր ներկայացնել օրենքն ու օրենքի սահմանափակումները: Ըստ նրա, ոստիկանության ներքին փաստաթղթերը, համաձայն օրենքի, գաղտնիք չեն համարվում, ուստիեւ ենթակա են հրապարակման:
Համաձայն օրենքի՝ հրապարակման ենթակա չէ այն տեղեկատվությունը, որը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, ինչպես նաեւ խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթական նախնական քննության տվյալներ:
Ոստիկանության մերժման հիմնավորումը դատարանում այլ էր: Այն առնչվում էր ոչ թե պահանջվող տեղեկատվության ներքին օգտագործման նշանակությանը, ինչպես սկզբում նշվել էր պատասխան նամակում, այլ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածին: Համաձայն որի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով: Մինչ այժմ կառավարությունը նման կարգ չի սահմանել: Այս պատճառաբանությունն էլ հիմք հանդիսացավ դատավոր Կարախանյանի կողմից հայցի մերժման: Դատարանը միաժամանակ հիմնավոր համարեց Ոստիկանության վկայակոչած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 68-ի այն դրույթը, ըստ որի քանի դեռ իրավական ակտի կատարման համար իրավական այլ ակտ չի ընդունվել, այն առայժմ գործել չի կարող:
Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նախորդ ատյանի վճիռը համարեց փոփոխման ենթակա:
Հասարակական կազմակերպության ղեկավարը դատարանում կառավարության սահմանած կարգի բացակայությունը որպես տեղեկատվություն չտրամադրելու պատճառ անհիմն համարելով՝ վկայակոչեց ՀՀ Սահմանադրությունն ու Եվրոպական կոնվենցիան, որոնք ապահովում են տեղեկություններ ստանալու իրավունքը: «ՀՀ կառավարության կողմից որոշում չընդունելը՝ այս դեպքում անգործությունը, չի կարող իրավունքի սահմանափակման հիմք հանդիսանալ, քանի որ Սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով պայմանավորվում է պետական մարմնի եւ այդ մարմնում աշխատողի՝ մարդու կոնկրետ իրավունքը իրականացնելու, ապահովելու եւ կատարելու ուղղակի պարտականություն»,-վերաքննիչ ատյանում նշել է Սաքունցը: Ըստ իրավապաշտպանի, կառավարության մշակելիք կարգը ոչ թե քաղաքացու համար է, այլ պաշտոնյայի, եւ այն պիտի սահմանի ոչ թե տեղեկությունների տրամադրման լիազորություններ, այլ պարզապես մշակի տեղեկությունների տրման լիազորությունների կատարման մեխանիզմ: «Իսկ դրա չընդունումը խնդիր է առաջացնում տվյալ պաշտոնյայի կամ ծառայողի, այլ ոչ թե՝ քաղաքացու համար»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախահագող դատավոր Նոյեմ Հովսեփյանի գլխավորությամբ, գտավ, որ ոստիկանության կողմից ծառայողական քննության նյութերի չտրամադրումը՝ դրանց ներքին օգտագործման փաստաթուղթ հանդիսանալու պատճառաբանությամբ, չի բխում ինչպես «Տեղեկատվության ազատության մասին», այնպես էլ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներից: Դատարանը գտավ, որ կառավարության կողմից ծառայողական քննության նյութերի կամ դրանց կրկնօրինակների տրամադրման կարգի բացակայությունը չի կարող տեղեկատվության մերժման հիմք հանդիսանալ: Դատարանը վկայակոչեց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի ՀՀ Սահմանադրությունը գործում է անմիջականորեն, իսկ մնացած օրենքները ընդունվում են դրա հիման վրա, ինչպես նաեւ իրավական ակտերը մեկնաբանվում են դրանում պարունակվող բառերի եւ արտահայտությունների տառացի նշանակությամբ: «Տվյալ դեպքում, ՀՀ ոստիկանության կողմից խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված եւ երաշխավորված տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-գտավ ՀՀ Վերաքննիչ դատարանը:
Հ. Գ. ՀՀ Ոստիկանությունն արդեն տրամադրել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պահանջած փաստաթղթերի պատճենները:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.foi.am/am/rcontent/16/1405/