Զորակոչիկների իրավունքները աշնանային զորակոչի ընթացքում
00:00, November 11, 2008 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ2008թ. նոյեմբերի 10-ին Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում կայացավ աշանանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին նվիրված առաջին հեռուստաեթերը:
Հեռուստաեթերին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
Եթերի սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2008թ-ի ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը եւ իրականացվելիք գործողությունները, զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթներ, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին նրանց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Արթուր Սաքունցը եւ Կարեն Թումանյանը հեռուստաեթերից պատասխանեցին քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք հարցերի: Հարցերի ընդհանուր թիվը 5-ն էր:
Քաղաքացիների հարցերը հիմնականում առնչվում էին առողջական խնդիրների համար զորակոչիկների տարկետման հնարավորությանը, ՀՀ այն քաղաքացիների զինծառայությանը, որոնք բնակվում են Հայաստանից դուրս: Միաժամանակ քաղաքացիները եթերի միջոցով ահազանգեցին, որ զորակոչիկների բուժզննության ժամանակ բժիշկների տված եզրակացությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը:
Հեռուստաեթերի ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն ունեցան ստանալ իրավաբանական խորհրդատվություն իրենց հուզող խնդիրների վերաբերյալ:
Այն քաղաքացիներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն, խորհուրդ տրվեց այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ կամ գրասենյակի Ալավերդու ներկայացչություն:
Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակը համագործակցում է անկախ բժիշկ-փորձագետի հետ: Զորակոչի ընթացքում զորակոչիկների մոտ առկա առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքում քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել այդ փորձագետի հետ: «Մենք փորձում ենք մեր փորձագետի կողմից արված եզրակացությունը համադրել բժշկի եզրակացությանը, համեմատել դրանք, թե որքանով են համապատասխանում իրականությանը: Սրանով միաժամանակ կնպաստենք, որպեսզի համակարգը թափանցիկ, հստակ եւ կանխատեսելի լինի»,-գտնում է Արթուր Սաքունցը:
Եթերում ամփոփ ձևով ներկայացվեցին նաև գարնանային զորակոչի ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա պատրաստվել է զեկույց: Զեկույցը տարածվել է համապատասխան իրավասու կառույցների շրջանում, որտեղից ստացվել են որոշակի արձագանքներ:
Ներկայումս իրականացվող աշխատանքների ընդհանուր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն Պաշտպանության Նախարարություն, ստացված առաջարկությունների, մեկնաբանությունների և ընդհանուր արդյունքների հիման վրա կկազմվի ամբողջական զեկույց, որը կդրվի հանրային քննարկման:
«Այս ամենի նպատակը օրենսդրական դաշտի կարգավորումն է, քանի որ խնդիր կա եւ պետք է նպաստել օրենսդրական դաշտի և դրա կիրառման բարելավմանը»,- վերջում նշեց Արթուր Սաքունցը:
Տեղեկացնենք, որ հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նմանատիպ հեռուստաեթերներ նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացնել Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով: