Հանցավորության դեմ պայքարի ժամանակ չկա
00:00, October 28, 2008 | Մամլո հաղորդագրություններՇաբաթ՝ հոկտեմբերի 25-ին, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում զինված բախումներ են եղել: Սպիտակում կա չորս զոհ, Ստեփանավանում՝ երեք վիրավոր, որոնցից մեկը քաղաքապետն է:
Այս դեպքերի մասին մեր զրույցը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Հայաստանում, ցավոք, սովորական են դարձել օրը ցերեկով, հրապարակով, նաև մարդաշատ վայրերում զինված բախումները: Սրանց արդյունքում նաև անմեղ մարդիկ, պատահական անցորդներ են զոհվել: Այս անգամ թեև պատահական մարդիկ չեն սպանվել, բայց ուղղակի սպանդ է եղել:
– Այս բախումներն առաջին հերթին նշանակում են, որ ռեժիմը տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ նախնական կեղծիքներ չարեց, բայց ՏԻՄ ընտրությունների ժամանակ հարաբերություններում արձանագրվեցին այս մոտեցումները, որ գոյություն ունեն ողջ քաղաքական համակարգում: Այսինքն, անվերահսկելի գործընթաց է եղել, և հենց այդ անվերահսկելիության հետևանքով նման դեպքեր եղան: Մեկ ամսում հնարավոր եղավ նախագահի աշխատակազմի ղեկավարին ընտրել պատգամավոր, հետո հեռացնել Տիգրան Թորոսյանին և նրա տեղը նստեցնել Հովիկ Աբրահամյանին: Այսինքն, կառավարելի գործընթաց է եղել: Իսկ տեղական մակարդակում նույն երևույթները ուղեկցվում են կրակոցներով, որովհետև իշխանություններն են սնուցել այդ կրակող ուժերին, նրանց տվել դերակատարում ունեցող գործոնի կարգավիճակ: Ու ստանում է այն, ինչ ցանել են :
– Իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ նշեց ուժով հարցերի լուծման անընդունելիությունը: Դրանից մեկ ամիս էլ չի անցել, և հարցերն ուժով լուծելու միանգամից երկու դեպք: Նախագահի խոսքն արժեք և կշիռ չունի՞, թե՞ նախագահն անկեղծ չեր ուղերձում:
– Նախագահը, ինչպես միշտ, ձևական հայտարարություն է արել, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանի պարագայում թույլատրելի է «նախագահ». բառն օգտագործելը:
Իմիտացիոն մոտեցումներ են եղել: Բայց եթե հավատանք ել, թե անկեղծ է եղել, ապա չենք կարող մոռանալ, որ այն գործոնները և հիմքերը, որոնց վրա հենված է ինքը, իրենց բնույթով ուժային են, քրեական և անօրինական: Սպիտակի դեպքը զուտ կրիմինալ էր, ընտրությունների հետ կապ չուներ: Այս դեպքերից առաջ, վերջին 15 օրվա ընթացքում, ևս ահազանգեր էի ստանում, որ բոլոր քաղաքացիներին, ում մարտի մեկի դեպքերի հետ կապված տարել էին ոստիկանություն, խուզարկել նրանց բնակարանները, նորից են տանում ոստիկանություն, այսպես ասած՝ «հրավիրում» են տարաբնույթ հարցեր տալիս՝ ինչով եք զբաղվում, սեփական բիզնես ունեք, թե ոչ, ովքեր են գրանցված ձեր տանը և այլն:
Այստեղից էլ հարց. եթե ոստիկանությունը զբաղված է ընդդիմության ներկայացուցիչներով կամ համակիրներով, ապա բնական է, որ ժամանակ չի ունենա կատարելու իր պարտականությունները՝ վերահսկել օպերատիվ վիճակը, ոչ միայն բացահատել, այլ կանխել քրեական դրսևորումները: Զինված բախումների մասնակիցները պատահական մարդիկ չեն:
Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը տարիներ առաջ մեկ անգամ արդեն եղել է հրազենի կիրառման բախման մասնակից: Սպիտակի բախման մասնակիցներն էլ վաղուց հայտնի են հանրությանը: Բայց քաղաքական ուժերով զբաղված ոստիկանությունը ժամանակ չունի այս հարցերով զբաղվել:
– Զինված բախումների պատմությունը վկայում է, որ մասնակիցները չեն պատժվում՝ չհաշված մեկ-երկու մեղմ պատիժները: Մարտի մեկին 10 զոհ ենք ունեցել, բայց այս պահին սպանության մեղադրանք ոչ ոքի առաջադրված չէ: Սա որքանո՞վ է պարարտ հող ստեղծում հարցերն ուժով լուծելու կողմնակիցների համար:
– Համակարգն ուզում է ցույց տալ, որ անօրինական ուժ գործադրելու մենաշնորհն իրենն է: Անպատժելիությունը, մեղավորներին չբացահայտելը, ուժով հարցերը լուծողներին հովհանավորելը շատ լավ օրինակ է նրանց համար, ովքեր քրեականն ու քաղաքականը խառնել են իրար և տեղերում հարցեր են լուծում: Ուժի կիրառման դրսևորում է նաև «Բջնի» գործարանի նկատմամբ ճնշումները: Իսկ նման ուժային գործընթացների դադարեցման համար ձևական հայտարարություններ չէ, որ պետք են:
Աղբյուրը՝ «Հրապարակ» օրաթերթ