ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ 2008թ. ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
00:00, October 24, 2008 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՆերածություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2008թ. ապրիլ-հունիս ամիսներին «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում (ֆինանսական աջակցությունը Բաց Հասարակության Ինստիտուտի Աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի կողմից) իրականացվեց Լոռու մարզում գարնանային զորակոչի մոնիտորինգ:
Մինչ ծրագրի բուն գործողություններին անցնելը, կազմակերպության կողմից գրություններ ուղարկվեցին ՀՀ պաշտպանության նախարարին եւ ՀՀ զինվորական կոմիսարին: րություններով տեղեկացվում էր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նպատակների, նախատեսվող գործողությունների մասին եւ ակնկալվում էր ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ուղարկվել է համապատասխան գրություն ՀՀ զինվորական կոմիսարին՝ օրենքի սահմաններում ծրագրի շրջանակներում աջակցելու համար:
Լոռու մարզում 2008 թ-ի գարնանային զորակոչի մոնիթորինգի շրջանակում իրականացված գործողությունները
Գործողություն 1 – Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների տեղական հեռուստաընկերություններով կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մասին հայտարարության տարածում:
Միաժամանակ կազմակերպության կողմից զորակոչի ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ տրամադրվող իրավական խորհրդատվության մասին տեղեկացում:
Գործողություն 2 – Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում եւ հարակից բնակավայրերում հասարակական հարցման անցկացում:
Գործողություն 3 – Զորակոչիկների իրավունքների իրազեկում ուղիղ հեռուստաեթերների կազմակերպման, տեղեկատվական թերթիկների տարածման միջոցով:
Գործողություն 4 – Իրավական եւ բժշկական խորհրդատվության տրամադրում, կազմակերպություն դիմած զորակոչիկներին ու նրանց ընտանիքի անդամներին, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան գործողությունների իրականացում:
Գործողություն 5 – Զորակոչի վերաբերյալ իրավական փաստաթղթերի բազայի ձեւավորում եւ զինապարտության փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրության վերլուծություն:
Հասարակական հարցման արդյունքները
Հասարակական հարցման նպատակն էր.
պարզել զորակոչիկների եւ նրանց ընտանիքների իրազեկվածության մակարդակը իրենց իրավունքների վերաբերյալ
բացահայտել զորակոչի ընթացքում զորակոչիկների եւ նրանց հարազատների խնդիրները:
Հարցումը նախատեսված էր իրականացնել 300 հոգու շրջանում: Իրականում հարցմանը մասնակցեցին 145 զորակոչիկ եւ նրանց հարազատներ: Մասնակիցների փոքր թիվը պայմանավորված էր նրանով, որ զորակոչիկները եւ նրանց հարազատները խուսափում էին արտահայտվել իրենց խնդիրների մասին եւ ներկայացնել իրենց կարծիքները:
Հարցման արդյունքների հիման վրա հանգել ենք հետեւյալ եզրակացությունների.
Զորակոչի կազմակերպման բոլոր փուլերում (կցագրում, ծանուցում, բուժզննություն) զորակոչիկները իրազեկված չեն իրենց իրավունքներին ու պարտականություններին: Զորակոչի կազմակերպման նախապատրաստական փուլում կցագրման աշխատանքների իրականացումը չի ներառում ապագա զորակոչիկների իրավունքների պատշաճ իրազեկում:
Զինկոմիսարիատների կողմից հանձնվող ծանուցագրի բովանդակությանը զորակոչիկների մեծ մասը ծանոթ չէ: Որոշ դեպքերում ծանուցագրերը զորակոչիկներին եւ նրանց հարազատներին հանձնվում են երրորդ անձանց միջոցով:
Զորակոչիկների մի մասը ընդհանրապես չի հիշում, թե ինչ է ներառել բուժզննությունը, նրանց համար հստակ չէ բուժզննության հանձնաժողովի կազմը: Որոշ դեպքերում զորակոչիկները չեն կարողացել բուժզննության հանձնաժողովին ներկայացնել իրենց առողջության վերաբերյալ փաստաթղթերը:
Հանրապետական բուժզննություն անցնելու համար պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության չափը (1200 դրամ) բավարար չէ պատշաճ բուժզննություն անցնելու համար: Տրանսպորտի եւ սննդի համար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով որոշ զորակոչիկներ ընդհանրապես հրաժարվում են անցնել հանրապետական բուժզննություն:
Զորակոչիկներին եւ նրանց հարազատներին տրամադրված իրավական խորհրդատվության արդյունքները
2008թ-ի ապրիլ-հունիս ամիսներին, գարնանային զորակոչի ընթացքում, իրավական խորհրդատվություն եւ աջակցություն է տրամադրվել թվով 9 քաղաքացիների:
Տրամադրված իրավախորհրդատվության մեծ մասը վերաբերվել է (7 դեպք) առողջական խնդիրներին: Բուժզննությունը զորակոչի կարեւոր փուլերից է, եւ այս փուլում զորակոչիկների մոտ ծագող խնդիրները հիմնականում վերաբերվում են բուժզննության թափանցիկությանը:
Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավված է եղել նաեւ բժիշկ-փորձագետը, որը կոնկրետ դեպքերի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկությունները եւ խորհուրդները: Փորձեցինք ձեռք բերել այն իրավական փաստաթուղթը, որով կարգավորվում է զորակոչիկների (զինծառայողների) ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը:
ՀՀ պաշտպանության նախարարի 2006թ.մարտի 30-ի թիվ 378 հրամանը, «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը» եւ նրա հավելված 1-ը եւ 2-ը չհաջողվեց պաշտոնապես ձեռք բերել, քանի որ դրանք նախատեսված են ծառայողական օգտագործման համար: Նշված հրամանով սահմանվում են հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա հանրապետական զորակոչային հանձնաժողովը զորակոչիկներին տրամադրում է տարկետում կամ ազատում պարտադիր զինվորական ծառայությունից: Փաստորեն, զորակոչիկը կամ զինապարտը հնարավորություն չունի ծանոթանալու այն փաստաթղթերին, որով սահմանվում է տարկետման համար հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը, հետեւաբար զորակոչիկը հնարավորություն չունի անհրաժեշտության դեպքում բողոքարկելու հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումը:
Մասնագետների հետ մեր ունեցած զրույցներից պարզվեց, որ հիվանդությունների ցանկը ըստ տարիների փոփոխվում են: Հիվանդությունները, որոնց հիման վրա տարկետում էր տրամադրվում, օրինակ, 3-4 տարի առաջ, 2008 թ-ին նույն հիվանդության առկայության դեպքում զորակոչիկը ենթակա է պարտադիր զինվորական ծառայության:
Մի կողմից տարկետման համար հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկի փոփոխությունը, մյուս կողմից՝ այդ ցանկը սահմանող իրավական ակտի գաղտնիությունը մեծացնում է զորակոչի նկատմամբ քաղաքացիների անվստահությունը:
Իրավական խորհրդատվություն տրամադրվել է նաեւ ուղիղ հեռուստաեթերների ընթացքում՝ քաղաքացիների տված հարցերի հիման վրա: Մեկ ժամանոց երեք ուղիղ հեռուստաեթերների ընթացքում Վանաձոր, Ալավերդի եւ Տաշիր քաղաքներում քաղաքացիները հղել են ավելի քան 30 հարց, որոնք վերաբերվել են տարկետման տրամադրման հիմքերին, երկքաղաքացիության ինստիտուտի հետ կապված զինապարտության խնդրին, այլընտրանքային ծառայության անցնելու կարգին:
Համագործակցությունը պաշտպանության գերատեսչության հետ
2008թ. ապրիլ-օգոստոս ամիսներին կազմակերպության կողմից զորակոչի վերաբերյալ տարբեր հարցերով թվով 15 գրություններ են ուղղվել ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ զինվորական կոմիսարին, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահին, Լոռու մարզի տարածքային զինկոմիսարներին: Բացառությամբ մարզային զորակոչային հանձնաժողովի՝ գրեթե բոլոր գրություններին տրվել են պատասխաններ:
Հաշվի առնելով, որ առաջին անգամ ենք իրականացնում զորակոչի մոնիտորինգ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ մեր նոր ձեւավորվող համագործակցությունը իրապես հուսադրող է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներում քաղաքացիական հասարակության մասնակցության տեսակետից:
Միեւնույն ժամանակ, նշված համագործակցության ձեւավորման առումով կարեւոր է նաեւ մարզային մակարդակում զորակոչային մարզային հանձնաժողովի եւ տարածքային զինվորական կոմիսարիատների հետ համագործակցությունը:
2008թ-ի գարնանային զորակոչի մոնիտորինգը ցույց տվեց, որ կոնկրետ զորակոչիկների վերաբերյալ հարցերում գործում է հասարակական կազմակերպություն–Պաշտապանության նախարարություն (ՀՀ զինկոմիսար)–տարածքային զինկոմիսարիատ մեխանիզմը: Այսինքն՝ զորակոչիկին կամ նրա հարազատին տրամադրվող իրավական խորհրդատվության շրջանակում առաջացած հարցերը տեղական մակարդակում լուծելու նպատակով նախ բարձրացվում են ազգային մակարդակ եւ նոր այնտեղից վերահասցեագրվում տեղական մակարդակ: Մասնավորապես, այս մեխանիզմն ակնառու արտահայտվեց առանձին զորակոչիկներին կրկնակի բուժզննություն անցնելու վերաբերյալ դիմումների ընթացքը:
Տեղին է նշել, որ կազմակերպության կողմից կրկնակի բուժզննության անցկացման վերաբերյալ դիմումները դրական արձագանք են ստացել պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինկոմիսարի կողմից: Չնայած, ՀՀ զինկոմիսարը 2008թ. հուլիսի 3-ի թիվ 2/2516 պատասխան գրության մեջ մեր դիմումները գնահատել է ոչ միայն որպես միջամտություն, այլեւ գտել է, որ մեր «միջամտությունը» նպաստել է զորակոչից զորակոչիկների խուսափելու փորձերին:
Լոռու մարզում 2008թ. գարնանային զորակոչի վիճակագրությունը
Լոռու մարզում 2008թ-ի գարնանային զորակոչի մոնիտորինգի իրականացման շրջանակներում փորձել ենք ձեռք բերել զորակոչի վերաբերյալ վիճակագրական տվյալները: Զորակոչի ավարտից հետո դիմել ենք ՀՀ զինվորական կոմիսարին՝ ստանալու հետեւյալ տեղեկությունները.
քանի՞ հոգի են զորակոչվել պարտադիր զինծառայության
քանի՞ հոգի են ստացել տարկետում եւ ինչ՞ հիմքերով
քանի՞ հոգի են ստացել տարկետում ա/առաջին անգամ բ/երկրորդ անգամ եւ երրորդ անգամ/
քանի՞ հոգի են դիմել «Այլընտրանքային ծառայության» անցնելու համար
քանի՞զորակոչիկի գործ է ուղարկվել դատախազություն՝ զորակոչից խուսափելու համար:
Պատասխան գրությամբ ՀՀ զինկոմիսարը հայտնեց, որ վիճակագրական տեղեկությունները կարող են տրամադրվել միայն ՀՀ պաշտպանության նախարարի թույլտվությամբ:
Ելնելով ՀՀ զինկոմիսարի պատասխանից՝ 2008թ. հուլիսի 23-ին նույն տեղեկությունները ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարին:
2008թ. օգոստոսի 19-ին պատասխան գրությամբ (ստորագրությամբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնականի պաշտոնի ժամանակավոր կատարող Ա.Անդրեասյանի) հայտնվում է, որ գրությունը մանրակրկիտ ուսումնասիրվել է զինված ուժերի գլխավոր շտաբում, եւ պահանջվելիք տեղեկությունը պարունակում է ծառայողական գաղտնիք:
2008թ. օգոստոսի 25-ին վերստին դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարին: Դիմումի նպատակն էր, պաշտպանության նախարարությունից ստանալու համապատասխան իրավական փաստաթուղթը՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, որով պահանջվող տեղեկատվությունը համարվում է ծառայողական գաղտնիք: Այս գրության պատասխանը դեռեւս չենք ստացել:
Այս նամակագրությանը զուգահեռ, այնուամենայնիվ, մենք ձեռք բերեցինք ոչ ամբողջական թվական տվյալներ Լոռու մարզում գարնանային զորակոչի վերաբերյալ:
Ըստ ձեռք բերված տվյալների՝ Լոռու մարզի երեք տարածաշրջաններից պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածների 50%-ը ստացել է տարկետում:
Միայն զուտ առողջական վիճակի պատճառով տարկետում ստացել են զորակոչիկների 48,5%-ը: Այս տվյալի հիման վրա կարելի է եզրակացնել, որ 16-18 տարեկան երիտասարդների մոտ կեսն ունի լուրջ առողջական խնդիրներ, որը, իհարկե, արժանահավատ չի կարելի համարել:
արնանային զորակոչից խուսափելու փաստով քննչական բաժին է ուղարկվել զորակոչիկներից 6%-ի գործերը: Զորակոչից խուսափածների նկատմամբ հարուցված քրեական գործերի արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկությունը, ըստ մեր հարցման, կստանանք Լոռու մարզի դատախազությունից վերջնական ընթացք տալուց հետո:
Զինապարտության փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրության վերլուծության հիման վրա առաջարկություններ ու դիտողություններ
1. Վերլուծության ենթարկված օրենսդրության տեսակետից զորակոչի և ընդհանրապես զինվորական ծառայության նկատմամբ բացակայում են հասարակական կամ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները: Սահմանադրությամբ նշված «վերահսկողությունը» կրում է հռչակագրային բնույթ և, ըստ էության, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները չեն կարող զորակոչին և զինծառայությանը վերաբերվող պաշտոնական «որոշումները» հասարակությանը ներկայացնել: Օրինակ, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում այս կամ այն անձին ազատելու պարտադիր զինվորական ծառայությունից: Այսինքն, անձն ազատվում է իր սահմանադրական պարտականությունները կատարելուց, սակայն տվյալ որոշման նպատակահարմարության մասին ոչ ոք չի կարող կարծիք արտահայտել: Այստեղ բացարձակ առումով բացակայում է պետական մարմնի գործողությունների կանխատեսելիության սկզբունքը:
Բժշկական քննությունը և հետազոտությունը իրականացնելու ընթացակարգերին ըստ էության ծանոթ են լինում միայն բժշկական մասնագիտություն ունեցող անձինք, որոնք առչություն են ունենում զորակոչիկի հետ, քանի որ անձը իր հիվանդության մասին իմանալով՝ տեղեկություններ չունի տվյալ հիվանդության առկայության պայմաններում ինքը պիտանի է ծառայության, թե ոչ: Այսինքն՝ այս բնագավառի քաղաքացիական վերահսկողության մեխանիզմ հանդիսացող իրավական ակտերը մատչելի չեն անձանց համար: Արդյունքում զինված ուժերում հատնվում են այն անձինք, որոնք ենթակա կամ պիտանի չեն զինվորական ծառայության և ընդհակառակը, անձինք չեն զորակոչվում, սակայն իրենց բոլոր տվյալներով պարտավոր են զորակոչվելու զինված ուժեր:
2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով խախտվում է «քաղաքացիության» ձեռքբերման իրավունքը: Քաղաքացիություն ստանալը իրավունք է, այլ ոչ թե պարտականություն: Սակայն նշված իրավանորմով անձի համար, ով 1995թ. հուլիսի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում այլ երկրի քաղաքացիություն չի ընդունել, ճանաչվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Այս նորմով խախտվում է բազմաթիվ մարդկանց իրավունքներ: Օրինակ, եթե անձը 1994թ-ին ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և նա ծնողների հետ 1997թ-ին առանց հաշվառումից դուրս գալու մեկնել է այլ երկիր, նա համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե նույնիսկ ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն: Հետևաբար, նա սահմանադրական պարտականություն ունի երկրի պաշտպանությանը մասնակցելու առումով: Այդ պատճառով բազմաթիվ մարդկանց նկատմամբ, ովքեր հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում հարուցված են քրեական գործեր և նրանք գտնվում են հետախուզման մեջ՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հիմքով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են ճանաչվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից` սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
3. Նախազորակոչի և զորակոչի ընթացքում զորակոչիկների բժշկական հետազոտությունը և համապատասխան բժշկական օգնությունը (ամբուլատոր և ստացոնար) իրականացվում է պետական միջոցների հաշվին: Սակայն նորմատիվ ակտերում մի հանգամանք մնում է բաց, որի արդյունքում մարդկանց մոտ առաջանում են սոցիալական խնդիրներ: Մարդուն, որը բնակվում է մարզում, ուղեգիր տալու միջոցով ուղարկում են այս կամ այն բժշկական հասատատություն (կառավարության կողմից հասատատված ցանկի համապատասխան բժշկական հաստատություն), նրան չի տրամադրվում գումար ճանապարհածախսը և մայրաքաղաքում իր սնունդը հոգալու համար: Սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքների զորակոչի ենթակա անձը միտումնավոր իր առողջության բացասական կողմերի մասին բժշկական հանձնաժողովում չի հայտնում, որպեսզի լրացուցիչ ֆինանսական խնդիրներ չունենա:
4. Զինվորական ծառայության նախապատրաստական փուլում, զորակոչիկները բավարար չափով չեն նախապատրաստվում զինվորական ծառայությանը: Մասնավորապես, նրանք նվազագույն գիտելիքներ չեն ստանում զինվորական պարտականությունների և իրավունքների մասին: Բացարձակ իրազեկված չեն մարդասիրական իրավունքի սկզբունքների մասին (Ժնևյան կոնվենցիաներով ապահովված): Արդյունքում, բանակի և զինված ուժերի մասին տեղեկությունները ստանում են խեղաթյուրված վիճակում, ինչի հետևանքով են ծագում ոչ կանոնադրական փոխհարաբերությունները:
5. Զորակոչը ապահովող իրավակիրառ պրակտիկայում ենթաօրենսդրական տեղի է ունենում խտրական մոտեցում: Օրինակ՝ 2007թ. ապրիլի 26-ին ՀՀ կառավարությունը զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թվով 13 հոգևորականների, իսկ տարկետման իրավունք է տվել թվով 43 հոգևորականների: Որոշման մեջ չկան պատճառաբանություններ, թե հատկապես ինչի համար է տրվում տարկետումը կամ ինչի համար է ազատվում անձը զինվորական ծառայությունից: Սակայն պարզ է, որ ազատումը և (կամ) տարկետումը պայմանավորված է նրանց կրոնական համոզմունքներով: ՀՀ կառավարության որևէ որոշմամբ ոչ ավանդական կրոնական համոզմունք ունեցող անձի նկատմամբ տարկետում կամ ազատում չի իրականացվել: Հակառակ դրան, այն անձինք, որոնք վկայակոչելով իրենց հոգևոր համոզմունքները, հրաժարվում են այլընտրանքային կամ զինվորական ծառայությունից, ենթարկվում են քրեական պատասխանատվության: Այս պրակտիկան հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածների խախտում:
6. Զորակոչային հանձնաժողովների որոշումների գործողությունների կամ անգործության վերաբերյալ բողոքների քննարկման թափանցիկությունը և հասարակական վերահսկողությունը օրենսդրությամբ ապահովված չէ: Պրակտիկայում չեն կիրառվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:
2008թ-ի գարնանային զորակոչի գործընթացի մոնիթորինգի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին՝ առաջարկություններ և մեկնաբանություններ ստանալու նպատակով:
Միայն 16.10.2008 թ-ին ՀՀ զինվորական կոմիսար գեներալ-մայոր Կ. Քոչունցից ստացվել Է հետևյալ պատասխանը.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա
Վանաձորի գրասենյակի
Կազմակերպության Նախագահ
պարոն Ա. Սաքունցին
Ի պատասխան Ձեր 20.10.2008թ.ԵՊ 366 գրության՝ «Քաղաքացիական վերահսկողության ձևավորումը Լոռու մարզում զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, Ձեր կազմակերպության կողմից 2008թ. գարնանային զորակոչի մոնիթորինգի արդյունքները ուսումնասիրվել և քննարկվել է ՀՀ զինվորական կոմիսարիատում:
Ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ փաստերը հիմնականում չեն համապատասխանում իրականությանը, իսկ որոշ փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, վերցված է ի գիտություն՝ առաջիկայում և հետագա զորակոչերի ժամանակ բացառելու նպատակով:
գեներալ-մայոր Կ. Քոչունց