Միջազգային Մարդասիրական Իրավունքի ամառային դասընթաց
00:00, August 19, 2008 | Մամլո հաղորդագրություններ2008թ. թվականի օգոստոսի 4-8-ը Երևանում՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, տեղի ունեցավ Միջազգային Մարդասիրական Իրավունքի դասընթաց:
Դասընթացը կազմակերպվել էր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից: Այն նպատակ ուներ տեղեկացնել մասնակիցներին ՄՄԻ-ի, դրա զարգացման փուլերի եւ ապագայի հեռանկարների մասին:
Դասընթացին մասնակցում էին երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ Երևանից, Սյունիքի եւ Լոռու մարզերից, որոնք գործում եւ ուսանում են իրավագիտության միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ոլորտներում:
Դասընթացը անց էին կացնում Հայաստանի մի շարք ԲՈՒՀ-երի եւ ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները:
Ստացած գիտելիքների ամրապնդման եւ կարողությունների պրակտիկ կիրառման նպատակով կազմակերպիչները կիրառում էին դատախաղերի կազմակերպման տեխնիկան:
Դասընթացի անցկացման 4 օրերի ընթացքում կազմակերպվեց շուրջ 9 դատախաղ՝ նվիրված Օսթազիական հորինված տարածաշրջանում առկա կոնֆլիկտային իրավիճակներին եւ դրանց կարգավորմանն ուղղված գործընթացներին: Ըստ դատախաղերի կանոնների՝ մասնակիցները առաջադրանքների կատարման ընթացքում պետք է հիմնվեին Ժնևի 4 կոնվենցիաների եւ լրացուցիչ արձանագրությունների, Հաագայի կոնվենցիաների եվ լրացուցիչ արձանագրությունների վրա:
Դասընթացը հնարավորություն տվեց մասնակիցներին համալրել իրենց գիտելիքները ՄՄԻ-ի բնագավառում, ծանոթանալ պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության կարգավիճակի, իրավունքների, պատերազմի անմիջական մասնակիցների կարգավիճակի, նրանց իրավունքների ու պարտականությունների, ռազմագերիների հետ վարվելակերպի կանոնների ուղղությամբ:
ԿԽՄԿ-ի կազմակերպած դասընթացի արդիականությունը կայանում էր ՄՄԻ-ի բնագավառում երիտասարդ մասնագետների պատրաստման մեջ՝ այսօրվա կովկասյան մարտահրավերներին ընդառաջ: