ՍՊԱՆՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԴԻՆ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ Է
00:00, July 22, 2008 | Հակամարտություններից տուժածների իրավունքներՍպանված հայ զինծառայող Գոռ Մանասարյանի դին դեռևս գտնվում է ադրբեջանական կողմում:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործուն քայլեր է ձեռնարկելու զոհվածի մարմինը հարազատներին հանձնելու նպատակով:
Այս մասին Panorama.am-ի թղթակցին այսօր հայտնեցին պաշտպանության նախարարությունից:
ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանն ավելի վաղ հայտարարել է, որ իրականում սահմանամերձ զորամասերից մեկի ժամկետային ծառայող Գ. Մանասարյանը մոլորվել է և գնդակահարվել ադրբեջանցի զինծառայողների կողմից, և ոչ թե Ադրբեջանի սահմանն հատած հետախուզական խմբի անդամ է, ինչպես հաղորդել է պաշտոնական Բաքուն, տեղի ունեցածը որակելով որպես մարտ «հետախուզական խմբի դեմ»:
«Ադրբեջանական կողմը կանխամտածված կերպով լռության է մատնում կամ չի ցանկանում խոստովանել, որ սպանված զինվորի վրա անգամ չի եղել այնպիսի հանդերձանք, որն անհրաժեշտ էր այն դեպքում, եթե ամեն ինչ տեղի ունեցած լիներ այնպես, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»,- նշել է Ս. Շահսուվարյանը:
Հիշեցնենք, որ հայ զինծառայողի սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ի գիշերը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.panorama.am/am/politics/2008/07/22/pn/