Զորակոչի գործընթացի մոնիթորինգը հանդիսանում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաղադրիչներից մեկը
00:00, May 8, 2008 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ«Զորակոչի գործընթացի մոնիթորինգը հանդիսանում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաղադրիչներից մեկը»,-կարեւորեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը այսօր գրասենյակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Ասուլիսի նպատակն էր՝ ներկայացնել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵւԱՎՈՐՈՒՄԸ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ:
Ներկայացնելով ծրագրի նպատակն ու խնդիրները՝ Ա Սաքունցը նշեց, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանում իրականացվում է նման ծրագիր, որն իր մեջ ներառում է զինակոչիկների կցագրման, ծանուցման, բժշկական հետազոտման, նրանց նկատմամբ զինկոմիսարիատների ու բժշկական հանձնաժողովների վերաբերմունքի ուսումնասիրությունը: Նա ավելացրեց, որ ծրագրի ընթացքում եւ զինակոչիկների եւ նրանց հարազատների խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով կտրամադրվի իրավաբանական խորհրդատվություն Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ եւ Տաշիր քաղաքներում:
Այս տարվա ապրիլի մեկից սկսված ծրագիրը կտեւի մեկ տարի եվ ծրագրի արդյունքում պատրաստված զեկույցը կներկայացվի Պաշտպանության նախարարությանը, զինկոմիսարիատներին, բացի այդ Լոռու մարզի հինգ քաղաքներում կազմակերպվող հեռուստաեթերների միջոցով հասարակությունը կիրազեկվի զորակոչի գործընթացի մասին:
Ըստ Ա. Սաքունցի՝ այս փորձնական ծրագրի ընթացքում ձեւավորված մեխանիզմները կարող են շարունակություն ստանալ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում քաղաքացիական վերահսկողության ձեւավորմանն ուղղված գործողություններում:
Մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Հասցե՝
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59,
հեռ. 0322 4 22 68 կամ 091 200971, 093 820632
Էլ. հասցե՝ hcav@hcav.am; asakunts@hcav.am
Ինտերնետային էջ՝ http://www.hcav.am