Սպիտակում նոր հանրապետականը հաղթեց հին հանրապետականին
00:00, May 5, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՍպիտակցիները երեկ ընտրեցին նոր քաղաքապետ:
Երկու անգամ քաղաքապետ դարձած ՀՀԿ անդամ Վանիկ Ասատրյանը պարտվեց հարազատ կուսակցության նոր թեկնածուին՝ Գագիկ Սահակյանին:
Ծնունդով երեւանցի արդեն նոր քաղաքապետը հաղթանակ տոնեց մնացած վեց թեկնածուների նկատմամբ:
Նրա «Նո¯ր զարկ Սպիտակի վերականգնմանն ու զարգացմանը» ընտրական լոզունգը Սպիտակի 11.908 ընտրողներից՝18 տոկոսին՝ 2154-ին գրավեցին ու մղեցին փոխել գործող քաղաքապետին:
48 տարեկան Գագիկ Սահակյանը միայն վերջերս է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը: Ընտրարշավում նրան աջակցում էր ՀՀԿ անդամ, պատգմավոր, սպիտակցի Արկադի Համբարձումյանը: Մասնագիտությամբ կաթի եւ կաթնամթերքի ինժեներ-տեխնոլոգը զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ինժեներից մինչեւ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ավագ հսկիչ:
Նրա վերջին աշխատանքը կապված էր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Սպիտակի տարածաշրջանում գյուղատնտեսության, երիտասարդական ծրագրերի հետ:
Սպիտակի քաղաքապետի աթոռի համար պայքար մղող յոթ թեկնածուներից երեքն էին կուսակցական՝ հին եւ նոր հանրապետականները, ԲՀԿ-ից 29 տարեկան Արտյոմ Մակարյանը: Վերջինս հավաքած ձայներով նախկին քաղաքապետից հետո գրավել է երրորդ տեղը՝ ստանալով ընտրողների 12 տոկոսի՝ 1440 սպիտակցու վստահության քվեն: Նրա եւ արդեն նախկին քաղաքապետի ձայների տարբերությունը հասնում է 714-ի:
Հավաքած ձայներով հաջորդը սպիտակցի ձեռներեց Աշոտ Դանիելյանն է իր 1265 ձայներով: Մնացած երեք թեկնածուները ստացել են համապատասխանաբար՝ 881, 665 եւ 30 ձայն: Ամենաքիչ ձայն հավաքած թեկնածուն գործազուրկ Սերժիկ Թադեւոսյանն է:
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Սպիտակում կայացած քաղաքապետի ընտրությունների առնչությամբ որեւէ թեկնածուից բողոք չեն ստացել: Հանձնաժողովի նախագահ Ֆրունզիկ Լամբարյանն ասում է, որ ընտրությունն անցել է խաղաղ մթնոլորտում ու արտառոց երույթներ չեն արձանագրվել: Չնայած կաշառքի դեպքեր հանձնաժողովը չի արձանագրել, բայց հանձնաժողովի անդամներից ոմանք ոչ պաշտոնապես ասում են, որ բացի ձեռներեց թեկնածուից, մնացած վեց թեկնածուներն էլ գումար են բաժանել:
Սպիտակում գրանցված 11.908 ընտրողից մասնակցել է ընտրողների շուրջ 70 տոկոսը:
Աղբյուրը՝ http://www.echannel.am/?&lang=en
Նաիրա Բուլղադարյան, Սպիտակ