Մարտահրավեր. շարունակվում են բազմամիլիոնանոց ծրագրի ֆինանսավորմանն առնչվող մտահոգությունները
00:00, May 4, 2008 | Մամլո հաղորդագրություններՄարտի 1-ի իրադարձությունների հետևանքներից մեկը մտահոգությունն էր` կկարողանա՞ արդյոք Հայաստանը բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի պահանջները, որպեսզի շարունակվի 235.65 միլիոն դոլարանոց ծրագրի ֆինանսավորումը:
ԱՄՆ-ի տրամադրած միջոցները նախատեսված էին գյուղական բնակավայրերում աղքատության հաղթահարման և կյանքի պայմանների բարելավման համար:
Հարցին արդեն անդրադարձել են լրատվամիջոցներն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր տխրահռչակ ելույթում (տես հարակից հոդվածը): Հետընտրական շրջանում և մարտին հայտարարված 20-օրյա արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների կասկածահարույց սահմանափակումների հետևանքով կասկածներ են ծագել` կհատկացվե՞ն այդ միջոցները Հայաստանին, թե՞ ոչ:
Ծրագիրը լրջորեն վտանգված է, և վնասը կլինի բավական շոշափելի: Խնդիրն այն է, որ եթե ծրագիրը կասեցվի, Հայաստանը ոչ միայն կզրկվի միլիոնավոր դոլարներից, կզրկվի գյուղատնտեսությունը զարգացնելու եզակի հնարավորությունից, այլև խայտառակ կլինի, քանի որ ոչ այնքան մեծ պահանջներ չկարողացավ բավարարելե,- «ԱրմենիաՆաուին» ասաց Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ծրագրի շահառուների խորհրդի անդամ Լևոն Բարսեղյանը:
Ծրագրի շահառուների խորհրդի երեք անդամներ` Լևոն Բարսեղյանը,
Սեյրան Մարտիրոսյանն ու Արթուր Սաքունցը, հայտարարություն են տարածել, որում իրենց անհանգստությունն են հայտնում ծրագրի հետագա ճակատագրի վերաբերյալ` շեշտելով, որ դեռ նախորդ տարվա վերջից արդեն «մտահոգող էին ՀՀ իրադրությունը ներկայացնող 17 ցուցանիշները, որոնցով առաջնորդվում է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան (ՀՄԿ) երկրներին ֆինանսավորելիս. 17 ցուցանիշից 9 ը մեր երկրի դեպքում ռիսկային մակարդակում է»:
Այս ծրագիրը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ դարձել էր շահարկումների առարկա, քանի որ ամերիկյան կողմը սպառնում էր դադարեցնել ֆինանսավորումը, իսկ ընդդիմությունը կոչ էր անում անցկացնել արդար ընտրություններ և չզրկել ժողովրդին այս ծրագրից:
Սակայն խորհրդարանական ընտրությունների և դրամի արժևորման փորձությունը հաղթահարած ծրագիրը նախագահական ընտրություններից հետո նոր փորձության առաջ կանգնեց:
Ծրագրի հնարավոր սառեցման մասին պաշտոնական «նախազգուշացմանն» ի պատասխան`Քոչարյանն ըմբոստությամբ ասել էր. «Ունենք շատ ավելի մեծ ծրագրեր` ուղղված մարզերի, գյուղական վայրերի զարգացմանը, «Մարտահրավերները» դրանց մի մասն է միայն»:
Մինչդեռ անցյալ տարվա հունիսի 12-ին ծրագրի մեկնարկի առնչությամբ [ՄՀԿ դեսպան] Դանիլովիչի հետ հանդիպման ժամանակ նախկին նախագահն ասել էր. «Այս ծրագիրն իր մասշտաբներով և արդյունավետությամբ աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցող ծրագրերի շարքում»:
Բարսեղյանը տարակուսում է` եթե կար գումար, ապա ինչո՞ւ ավելի շուտ չէին իրականացնում ծրագիրը, այլ երեք տարի շարունակ բանակցություններ էին վարում:
«Եթե Հայաստանն ուներ այլընտրանքային միջոցներ, ինչո՞ւ էր սպասում, որ Դանիլովիչը կամ մեկ ուրիշը դրանով ճնշումներ գործադրեին իր վրա, կամ ինչո՞ւ ավելի շուտ նման ծրագիր չէին իրականացնում»,- ասում է Բարսեղյանը` շեշտելով, որ եթե անգամ այլ միջոցներ գտնվեն, և որոշ ժամանակով դադարեցվի ծրագիրը, ապա մեկ-երկու տարին բավական է լրջորեն վնասելու արդեն իրականացված ծրագրերը:
Իրականում սա ամենամեծ դրամաշնորհային ծրագիրն է, որը նախատեսում է գյուղական համայնքների լայնամասշտաբ զարգացում: Մասնագետների գնահատմամբ` այս ծրագիրը ամենահասցեականն է ու ոչ միայն հնարավորություն կտա ոտքի կանգնեցնելու Խորհրդային Միության փլուզումից հետո քայքայված գյուղատնտեսությունը, այլև լրջորեն կբարելավի գյուղացիների կյանքը:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ֆինանսավորումը դադարեցնելու մասին որոշումը կախված կլինի Հայաստանի նոր իշխանությունների պաշտոնավարման առաջին 100 օրից (գործունեության գնահատման ավանդական ժամկետ, որը լրանում է օգոստոսի սկզբին):
«Եթե ծրագիրը սառեցվի, գյուղացիները նոր հիասթափություն կապրեն, ու արտագաղթի նոր ալիք կսկսվի, քանի որ գյուղացիները, որոնք լքում էին իրենց տունը ոռոգման ջուր, գյուղատնտեսության զարգացման որևէ հեռանկար չունենալու պատճառով, այսօր գոնե հույս ունեն, որ մի քանի տարուց կարող են հող մշակել ու ապրել»,- ասում է Արարատի մարզպետարանի սոցիալական մոնիթորինգի և վերլուծության մասնագետ Շողիկ Առուստամյանը:
Ծրագրի շահառուներն են Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդը, վերականգնվելու է 943 կմ գյուղական ճանապարհ, 200 կմ մայր ջրանցք, 30.000 հա ոռոգվող տարածք, 18 ինքնահոս համակարգ, 7 ջրամբար, մոտ 60.000 գյուղացիների համար անցկացվելու են հատուկ դասընթացներ, գյուղացիական տնտեսություններին տրվելու է 8,5 մլն դոլար վարկ և այլն:
«Ամեն տարի երաշտի վտանգները մեծանում են, այս տարի էլ է սպասվում: Դա նշանակում է` այս ծրագիրը հույժ անհրաժեշտ է, քանի որ հանրապետության ոռոգման համակարգը կառուցվել է հիմնականում խորհրդային տարիներին և այնքան քայքայված է, որ ոռոգման ջուրը մոտ 50 տոկոսով կորչում է»,- ասում է ծրագրի խորհրդի անդամ, «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ Վանիկ Սողոմոնյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ծրագրի շարունակության հնարավորությունը գնահատում է 50/50 հարաբերակցությամբ` շեշտելով, որ եթե իշխանությունները իրական փոփոխություններ չանեն, չիրականացնեն ԵԽԽՎ բանաձևի պահանջները (տես հարակից հոդվածը), ապա ծրագրի սառեցումը անխուսափելի է, իսկ դա առաջին հերթին կվնասի ժողովրդին:
Իշխանական կողմն ավելի լավատես է, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համոզմունք է հայտնում, որ ծրագիրը չի դադարեցվի:
«ԱՄՆ-ի համար շատ նպատակահարմար է Հարավային Կովկասում ունենալ Հայաստանի նման կայուն գործընկեր: Մյուս կողմից` Հայաստանի համար շատ նպատակահարմար է ԱՄՆ-ի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որը ուղղակիորեն բխում է մեր փոխլրացման քաղաքականության սկզբունքներից, և, կարծում եմ, այս փոխշահավետ համագործակցությունը կունենա իր զարգացումը»,- կարծում է Մինասյանը:
Սակայն այս լավատեսությունը չի կիսում պատգամավոր, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը. «Իշխանությունները վտանգում են ծրագրի իրականացումը, որը կարող է լուրջ կորուստներ բերել` գյուղատնտեսությանը և գյուղացիներին զրկելով զարգանալու եզակի հնարավորությունից»:
Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից