«Պաշտոնյաները երբեք չեն սխալվում»
00:00, April 25, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք | Ոստիկանություն2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզչության ընթացքում գործող իշխանությունների կողմնակիցների կողմից կատարված խախտումները լուծում չեն ստանում իրավապահ մարմինների կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտորդական առաքելության ընթացքում արձանագրել է, որ Էդիտա Վարդանյանը համադպրոցական ծնողական ժողով է հրավիրել և քարոզչություն իրականացրել ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին:
Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդմամբ դիմել է թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին, ոստիկանության Վանաձորի բաժնին և ՀՀ Լոռու մարզի դատախազությանը:
Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովը իր 2008թ. փետրվարի 18-ի գրությամբ պատասխանել է, որ Է. Վարդանյանին կանչել են հանձնաժողով և զգուշացրել, որ իր հետագա գործունեությունն իրականացնի օրենքի պահանջներին համապատասխան:
Ոստիկանությունը փետրվարի 16-ի գրությանը պատասխանել է միայն 2008թ. ապրիլի 9-ին: Միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատախազությանը՝ աջակցելու, որ ոստիկանությունը բարձրացված հարցին ընթացք տա:
Դատախազության միջնորդությամբ էլ ոստիկանությունը պատասխանել է գրությանը: Մեր հաղորդման հիման վրա ոստիկանությունը նախապատրաստել է նյութեր, որի ընթացքում բացատրություններ են վերցրել Է. Վարդանյանից, համադպրոցական ծնողական ժողովին մասնակցած ուսուցիչներից և ծնողներից, որոնք հերքել են Է. Վարդանյանի կողմից որևէ թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնելու հանգամանքը:
Ոստիկանության պատասխանը ստանալուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ է դիմել դատախազություն: Այս անգամ էլ կազմակերպությունը խնդրել է վերստուգել ոստիկանության գործողությունների օրինականությունը: Կազմակերպությունն իր այս պահանջը հիմնավորել է մի քանի փաստերի համադրությամբ: Ոստիկանության աշխատակիցները բացատրություն են վերցրել մեր կազմակերպության դիտորդներից և ծնողական ժողովին մասնակցած ծնողներից: Մեր դիտորդների կողմից տրված բացատրությունները, սակայն, ոստիկանության եզրակացության ժամանակ ուշադրության չեն արժանացել: Ուշադրության չեն արժանացել նաև թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի պատասխանները, որտեղ Էդիտա Վարդանյանի կողմից թույլ տրված խախտումն արաձանագրվել էր: