Մարտի 1-ի զոհերի հոգեհանստի արարողություն Վանաձորի եկեղեցում
00:00, April 9, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք, Կյանքի իրավունք«Տեր ողորմյա, Տեր ողորմյա»- Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին այսօր հոգեհանգիստ անցկացրեց: Հոգեհանգիստը մարտի 1-ի զոհերի հիշատակին էր նվիրված:
Թեպետ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի որոշմամբ ութ զոհերի քառասունօրեքը նշվեց անցած կիրակի, բայց Վնաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Օհան Լուսարարյանը դա ամենեւին էլ ծիսակարգին հակառակ չի համարում:
«Մարդիկ խնդրեցին, որ այսօր հոգեհանգստի արարողություն անցկացնեմ, ես էլ ընդունեցի խնդրանքը»,- ասաց քահանան: Նա բացատրեց, որ ընդհանրապես, քառասունօրեքը կարող են նշել ուշ, բայց՝ ոչ շուտ:
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանային խնդրանքով դիմել էին ՀՀՇ քաղաքային կառույցի անդամները: Նրանք եւ Հելսինկյան Քաղաքացիակյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները այցելեցին եկեղեցի, մոմ վառեցին:
«Նրանք զոհվեցին հանուն արդարության»,- հոգեհանգստի արարողության ժամանակ ութ զոհերի անունները թվարկելիս ասում էր Տեր Օհան քահանա Լուսարարյանը: Նա Աստծուց նրանց հոգիների համար խաղաղություն ու հանգստություն խնդրեց:
Հոգեհանգստի արարողության մասնակիցներից շատերը ձայնակցում էին քահանային: Սարգիս Պարոնյանը ձայնակցողներից մեկն էր: «Այսօր իսկական քառասուն օրն լրանում: Հիսուսքառասուներորդ օրը համբարձվեց, ոչ թե մի քանի օր շուտ»,- ասում էր Սարգիսը: Իսկ թե ինչու կառավարությունն ու եկեղեցին փոխեցին այդ օրը, Սարգիսը կարծում է, որ նրանց գործերին երեւի դա խանգարում էր: «Քառասուն օրը պիտի լրանա, նոր հիշատակեն քառասունքը»,-կարծում է Պարոնյանը:
77-ամյա Սոնա տատիկը, ով հոգեհանգստի արարողության ժամանակ արտասվում էր, հարցնում է.«ինչի՞ համար, ու՞մ համար զոհվեցին այդ անմեղ մարդիկ, մինչեւ ե՞րբ պիտի իզուր զոհվեն»: Նա ոչ ՀՀՇ-ական է, ոչ էլ քաղաքական-հասարակական կյանքով հետաքրքրված ակտիվ քաղաքացի: Բայց ինչպես ամեն օր, այսօր էլ եկեղեցի էր եկել մարտի 1-ին զոհված 8 քաղաքացիների հիշատակը հավերժացնելու արարողությանը մասնակցելու համար: 77-ամյա կինը եւս գիտի, որ մահացած մարդու քառասունօրեքը նշում են քառասուներորդ օըը:
«Հայ Առաքելական եկեղեցու նման որոշումը քաղաքական է»,- գնահատում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա իր գրասենյակում սեւ ժապավեններ է փակցրել՝ որպես սգո օրվա խորհրդանիշ:
Աղբյուրը՝ http://www.echannel.am/?topic_id=1755&PHPSESSID=9dd878978505d2becd81285cb031e9df
Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր